Իշխանությունները մեդիառեսուրս ասելով՝ հասկանում են ինտերնետ տիրույթում ցանկացած բան. Սաթիկ Սեյրանյան

«Այս իշխանությունները մեդիառեսուրս ասելով՝ հասկանում են  ինտերնետ տարածքում ցանկացած բան՝ ֆեյք լրատվություն գեներացնող ֆեյսբուքյան էջերից մինչև յութուբյան ալիքներ ու ֆեյք կայքեր։ Հսկայական ռեսուրսներ են ներդրվում, ինչը նշանակում է, որ իշխանությունները հասկանում են՝ խնդիր ունեն»,- «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Նրա խոսքով՝ շատ հաճախ լրատվամիջոցները զբաղված են իշխանությունների ստերը, կեղծիքները, մանիպուլյացիաները հերքելով, ավելի լուրջ խնդիրների չեն հասցնում անդրադառնալ:

ՀԺՄ նախագահը նշեց՝ իշխանությունից մարդիկ ակնկալիք չունեն, ակնկալիքներն ընդդիմությունից են։

«Միավորվելու կարիք կա, ի հակադրություն այս անպատասխանատու իշխանությունների, ամեն օր թուղթ ու գրիչները վերցրած՝ տնայինները պետք է  անեն։ Այս իրավիճակից ելքը պետք է լինի հարգանքի արժանի, վստահելի իշխանություն ունենալն ու ազգային անվտանգություն ունենալը։ Մենք որպես հակակշիռ՝ պետք է ամեն բան անենք, որ ռեսուրսները ցաք ու ցրիվ չարվեն»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը։

168.am կայքի և «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիրը նկատեց՝ պետք չէ նայել, թե ինչ է անում իշխանությունը, այլ պետք է միավորվեն կարող, մտածող բոլոր ուժերը:
«Մինչև հանրահավաք անելը տնային աշխատանք է պետք անել։ Բոլորն ասում են՝ պետք է թիմ, անձնազոհ լիդեր, որոնք պատրաստ են վերցնել պատասխանատվությունը։ Այսօր երկար տարիների փորձ ունեցող մարդիկ վախենում են պատասխանատվություն ստանձնել, քանի որ ամեն բան ավերվել է։ Եթե նույնիսկ երկնքից մեկն իջնի, ասի՝ պատրաստ եմ ստանձնել պատասխանատվությունը, իշխանությունն իր ֆեյքերով կվարկաբեկի այդ մարդուն»,- ասաց նա։
Միության նախագահը հիշեցրեց, որ մարդկանց նյարդերը լարված են, ընդդիմությունը պետք է սա հաշվի առնի ու չծանրաբեռնի մարդկանց։

«Մարդկանց ավելորդ ծանրաբեռնել չի կարելի, քանի դեռ ընդդիմությունը պատրաստ չլինի հետագա քայլերի ու մարդկանց մինչև վերջ տանելուն։ Ես այլևս նման հանրահավաքի իմաստ չեմ տեսնում»,- եզրափակեց Սաթիկ Սեյրանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս