«Բոլոր նորմալ երկրներում, որտեղ համակարգված զարգանում է ներգնա և, առհասարակ, միջազգային տուրիզմը՝ ունեն Տուրիզմի, Մշակույթի և Տրանսպորտի նախարարություն»
Իշխանությունը մտադիր է մինչև 2026 թվականը զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան մինչև 2,5 միլիոնի: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ իրենց մտադրության մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարի փոխանցմամբ՝ դրա համար միջոցներ են ձեռնարկում երկրում զբոսաշրջության համար պայմանների բարելավման, ինչպես նաև երկիր այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկից շահույթն ավելացնելու ուղղությամբ։ Ավելին, նպատակ ունեն 2023 թվականին զբոսաշրջության զարգացման համար մարքետինգային ծախսերն ավելացնել հինգ անգամ։ Միջոցներն էլ կհատկացվեն պետբյուջեից։
168.am-ը տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներից փորձեց պարզել, թե որ դեպքում է հնարավոր ապահովել մեծ թվով զբոսաշրջիկների այցը մեր երկիր, ինչ խոչընդոտներ կան այն իրականացնելու ճանապարհին:
ONE WAY TOUR-ի վաճառքի բաժնի ղեկավար Գոհար Հարությունյանը նախ ներկայացրեց հիմնական խնդիրները, որոնց բախվում են, դրանք ենթակառուցվածքներն են, որոնք կամ բացակայում են, կամ վատ վիճակում են: Խոսքը մարզերի մասին է: Մյուս խնդիրն այն է, որ մեզ մոտ ամեն ինչ կենտրոնացած է Երևանում:
«Զբոսաշրջիկները, ովքեր հետաքրքրված են մարզերի պատմամշակութային արժեքներով, հաճախ այնտեղ հասնելու ճանապարհներ չկան, հնարավոր չէ քայլարշավով տեղ հասնել: Խնդիր են նաև սանհանգույցները, սննդի կետերը: Ճանապարհների հետ կապված առաջընթաց ունեցել ենք վերջին տարիներին, սա նշել չենք կարող, բայց, օրինակ, Խնձորեսկ գնալու դեպքում շատ լուրջ խնդիրներ ենք ունենում: Թեկուզև թեթև անձրևի դեպքում հնարավոր չէ անցնել այդ ճանապարհը, ու ստիպված փոխում ենք ուղղությունը: Սննդի կետերի, հյուրանոցների, հյուրատների հետ կապված, օրինակ, հարևան երկրում՝ Վրաստանում, հյուրանոցային սերվիսը համեմատաբար ավելի մատչելի է, քան Հայաստանում, և դրա համար շատ հաճախ մեր հյուրերը՝ թե՛ տեղացիները, թե՛ օտարերկրացիները, նախընտրում են իրենց հանգիստը կազմակերպել Վրաստանում, ինչը մեզ համար իրականում ցավալի փաստ է:
Մեզ մոտ արժեքները կարող են մի փոքր ավելի լինել, իսկ պայմանները՝ լրիվ նույնը կամ ինչ-որ դեպքերում նույնիսկ զիջեն, չնայած սերվիսի մակարդակը մեզ մոտ համեմատաբար բարձր է: Զբոսաշրջիկները Վրաստանի հետ համեմատած՝ գոհ են Հայաստանի սպասարկումից: Ինչ վերաբերում է զբոսաշրջիկներ ներգրավելուն՝ ասեմ, որ Վրաստանը միջազգային հարթակներում շատ լավ է ներկայացնում իրենց երկիրը: Շատերն ասում են՝ ծով ունեն, հեշտ է իրենց համար, իրականում, մենք չունենք ծով, բայց մեր ռեսուրսը թույլ կտա 2.5 միլիոնին հասնել և նույնիսկ անցնել, եթե այն, ինչ ունենք՝ կարողանանք ներկայացնել ավելի գրավիչ տարբերակով»,- ասաց Գոհար Հարությունյանը:
«ԱՆ ՆՈՒՌ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Աննա Նավասարդյանն էլ նշեց. «Հայաստանում ներգնա տուրիզմը զարգացնելու գրավականն ամենևին էլ մարքետինգային ծախսերը 5 անգամ ավելացնելը չէ, տխրում եմ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այդպես է մտածում։ Նախ պետք է ասեմ, որ Հայաստանում մարքետինգային գործիքները սպառված են, դրանք չեն գործում։ Անհրաժեշտություն կա մարքետինգային նոր ռազմավարություն մշակել, որն արդյունավետ կլինի։ Բայց նախքան մարքետինգային հնարքներին դիմելը՝ ոլորտում բավականին խորքային աշխատանքներ կան անելու։ Արդեն 4-րդ ամիսն է, ինչ զբաղված եմ «Միջազգային տուրիզմ» նախագծով։
Ուսումնասիրում եմ տուրիզմի ոլորտում երկրների փորձը, և, ի զարմանս ինձ, միայն Հայաստանում է, որ ոչ թե տուրիզմի նախարարություն է, այլ ընդամենն էկոնոմիկայի նախարարության ինչ-որ բաժին, որը կոչվում է Տուրիզմի կոմիտե։ Կարծում եմ՝ հենց այստեղից է պետք սկսել` ստեղծել Տուրիզմի նախարարություն։ Բոլոր նորմալ երկրներում, որտեղ համակարգված զարգանում է ներգնա և, առհասարակ, միջազգային տուրիզմը՝ ունեն Տուրիզմի, Մշակույթի և Տրանսպորտի ննախարարություն»:
Աննա Նավասարդյանն ընդգծեց՝ զբոսաշրջությունը սկսվում է նախևառաջ երկիր մուտք գործելու իրավունքից (վիզա) և ուղևորափոխադրումից, հետևաբար, նախ պետք է սկսել մշակել վիզաների դյուրացման մեխանիզմ։
«Մի շարք երկրներից Հայաստան չեն կարողանում այցելել վիզայի բարդ գործընթացի պատճառով։ 15 աշխատանքային օրը շատ երկար է վիզա ստանալու համար, եթե հաշվում ենք նաև շաբաթ և կիրակի օրերը, որոնք ոչ աշխատանքային են, և դրան կարող են գումարվել նաև տոնական ոչ աշխատանքային օրերը։ Մարդիկ հոգնում են այդքան սպասելուց։ Սա, իսկապես, լուրջ խնդիր է։ Ինչպես նաև շատ կարևոր դեր ունի քաղավիացիայի զարգացումը. եթե տվյալ ոլորտում մենք ունենք խնդիր, ապա դա ուղիղ հարված է նաև ներգնա տուրիզմին։ Դեպի Հայաստան ավիատոմսերի արժեքները պետք է լինեն հնարավորինս մատչելի, եթե ուզում են, որ Հայաստանն այլ երկրների համար գրավիչ դառնա: Ճամփորդությունը պլանավորելիս, առաջին հերթին դիտարկվում է այն հանգամանքը, թե որ ուղղությունների ավիատոմսերն են մատչելի, և հենց այդպես են մարդիկ որոշում, թե որ երկիր կմեկնեն՝ իրենց հանգիստը վայելելու համար»,- եզրափակեց տուրիստական ընկերության տնօրենը: