«Ապագա հայկական»-ի համաժողովը մեկ հարկի տակ կմիավորի փորձագիտական համայնքին և հասարակության ամենատարբեր խմբերին
Առաջին համահայկական քաղաքացիական ասամբլեան՝ «Ապագա հայկական»-ի համաժողովը, տեղի կունենա 2023թ. մարտի 10-12-ը Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանն ասաց, որ համաժողովի քննարկման թեմաներն են` «Պատմական պատասխանատվություն»-ը, «Հայաստան-Սփյուռք միասնականություն»-ը և «Բնակչության աճ»-ը:
«Համաժողովի սկզբունքներն են` միասնականությունը, քանի որ Հայաստանի և հայության առջև ծառացած մարտահրավերները հնարավոր է լուծել հենց միասնականության միջոցով: Համաժողովը մեկ հարկի տակ կմիավորի փորձագիտական համայնքին և հասարակության ամենատարբեր խմբերին: Համաժողովին մասնակցության գրանցումը բաց է լինելու Հայաստանից, Արցախից և սփյուռքից բոլոր չափահաս ցանկացողների համար: Այն համախմբելու է աշխարհասփյուռ հայությանը»,-ասաց նա՝ հավելելով, որ համաժողովի ամբողջ ընթացքը` ներառյալ փորձագիտական հանձնախմբերի աշխատանքը, մասնակիցների ընտրության վիճակահանությունը, հանրային քննարկումները լինելու են բաց և հրապարակային:
Ապիտոնյանն ընդգծեց, որ համաժողովի ընթացքում ընդունված բոլոր առաջարկությունները հանդիսանալու են հանրային սեփականություն և հասանելի են լինելու պետական ու մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին:
Արտակ Ապիտոնյանի խոսքով` առաջին փուլում փորձագիտական հանձնախմբերը քննարկելու են համաժողովի թեմաները, մշակելու են առաջարկներ, ապա այդ փորձագիտական առաջարկությունների վրա ընդունելու են մասնագիտական փաթեթներ և վեջին փուլում իրագործելու են դրանք:
Նշենք, որ համաժողովին մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է «Ապագա հայկականը» նախաձեռնության պաշտոնական կայքէջում լրացնել համապատասխան հայտաձևը: