«Ախպերս զանգեց ասաց՝ շրջափակման մեջ ենք․․․»․ 19-ամյա Հայկ Հակոբյանը՝ Խուճուճ Հայկոն, երազում էր հայտնի ֆուտբոլիստ դառնալ
2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամու սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Հայկ Հակոբյանը երազում էր դառնալ հայտնի ֆուտբոլիստ։
Հայկը ծնվել էր 2003 թվականի ապրիլի 11-ին՝ Երևանում, ապրում էր Արմավիրի մարզի Մերձավան գյուղում, ունի իրենից մեծ 1 եղբայր՝ Կառլենը, որը 44-օրյա պատերազմի մասնակից է։ Հայկը դեռ փոքր տարիքից աչքի էր ընկնում առաջնորդին բնորոշ հատկություններով։ Չորս տարեկան էր, երբ սկսեց զբաղվել ֆուտբոլով, իսկ կարճ ժամանակ անց այն դարձավ նրա կյանքի ամենակարևոր և անբաժան մասնիկը։ Մինչև զինվորական ծառայության անցնելը ֆուտբոլով է զբաղվել, բազմաթիվ առաջնությունների մասնակցել ու հաջողություններ գրանցել։
«Դեռ 3-4 տարեկանից ֆուտբոլ էր պարապում՝ Էջմիածնի թիմում է խաղացել, իր հետ մեծ հույսեր էին կապում։ Բազմաթիվ հաջողություններ է գրանցել ֆուտբոլում, պատվոգրեր, մրցանակներ, երեխա ժամանակ իրենց թիմով Հայաստանի չեմպիոն էլ են դարձել»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Հայկի եղբայրը՝ Կառլեն Հակոբյանը։
Հայկը զինված ուժերիում ծառայության էր անցել 2021 թվականի հուլիսի 27-ին, այդ ժամանակ մեծ եղբայրն էլ էր ծառայում․
«Հայկը նախ Արմավիրի ուսումնական զորամասում է ծառայել, այնուհետև տեղափոխվել էր Կապան։ Ես Եղնիկներում էի ծառայում, 8 ամսվա ծառայող էի, երբ պատերազմը սկսվեց։ Կռվի ժամանակ վիրավորվել եմ՝ կանտուզիա եմ ստացել ու Հայկի զորակոչվելու ժամանակ հոսպիտալում բուժվում էի։
Հայկն ավագ հրաձիգ էր, ծառայության մասին միշտ դրական էր խոսում, բոլորի հետ բարիդրացիական հարաբերություններ է ունեցել։ Միշտ կազմակերպող է եղել, սիրում էր լիդեր լինել․․․»։
Զոհված զինծառայողի եղբայրը պատմեց, որ վերջին անգամ Հայկն ընտանիքի անդամների հետ հեռախոսով կապ է հաստատել սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ ժամը 10։30-ի սահմաններում և ասել, որ շրջափակման մեջ են հայտնվել․
«Հայկն այդ օրը չպետք է դիրքերում լիներ, ինքը 12-ի երեկոյան 20։00-ի հատվածում բարձրացել է ինժեներական աշխատանքներ կատարելու։ Էդ ժամանակ զանգեց ինձ, ասաց՝ բարձրանում եմ պոստեր՝ ինժեներականի, դե, էդ ժամանակ բան չկար։ Մի քանի ժամ հետո՝ գիշերը 12-ին, իմացանք, որ կռիվ է սկսվել, հետո մինչև առավոտ հնարավոր չեղավ իր հետ կապի դուրս գալ, բայց զանգեց։ Մի հատ առավոտ ժամը 7-ին է զանգել, հետո՝ 10։30, դա Հայկի վերջին զանգը եղավ․․․ Ասաց՝ շրջափակման մեջ ենք։ Նկարագրեց իրենց տեղը, ասաց՝ սպաները պետք է մեզ դուրս բերեն շրջափակումից, բայց ինչքան պետք լինի՝ կմնանք էստեղ․․․ Հետո տեսանյութ տարածվեց, որում ադրբեջանցիները Հայկի դիրքում իրենց դրոշն են բարձրացնում․․․»։
Հարազատները ադրբեջանցիների տարածած տեսանյութերում կադրեր են տեսել, որտեղ գերիներից մեկի ձայնը նմանեցրել էին Հայկի ձայնին, մտածել, որ Հայկը գերի է ընկել, բայց միևնույն ժամանակ ամեն տեղ փնտրել են նրան՝ հիվանդանոցներ, Կարմիր Խաչի գրասենյակ, Քննչական կոմիտե, դիահերձարաններ․
«Մի քանի օր փնտրելուց հետո, սեպտեմբերի 19-ին մեզ ասեցին, որ Հայկը Եղեգնաձորի մորգում է․․․ Հայրս ու քեռիս են ճանաչել։ Իր վրա ավտոմատից մոտավոր 12-13 կրակոց կար, բայց փորձաքննությունն ասել է, որ այդ կրակոցները եղել են մահից հետո։ Մահացու վիրավորումը ստացել է վզի՝ կոկորդի հատվածում, հենց մեջտեղից կրակած էր, դա է եղել առաջինը, դրանից հետո այդ 12-13 կրակոցը արդեն կողքից են կրակել․․․
Հայկը հրաձիգ էր, իր զենքը կեսից սկսել է չկրակել, անսարք է դարձել։ Այնտեղ նահանջող տղերք են եղել, որ զենքերը չեն կարողացել իրենց հետ տանել, ինքն ուրիշի ПК-ն է վերցրել ու էլի բոյի մեջ մտել…»։
Հայկին՝ բակում, դպրոցում, ֆուտբոլի թիմում, բոլորը ճանաչում էին՝ Խուճուճ Հայկո, Կառլենը պատմեց, որ եղբորն այդպես են սկսել ասել, որպեսզի տարբերեն նրա մտերիմ ընկերոջից՝ Հայկից։
«Եղբորս ու մեր հարևանի տղայի անունները Հայկ են, երկուսն էլ նույն տարիքի, իրար հետ մեծացած, իրար շատ մտերիմ ընկերներ էին, ու որպեսզի տարբերեին իրենց, եղբորս խուճուճ մազերի համար ասում էին՝ Խուճուճ Հայկո, մյուս Հայկին էլ Կյաժ էին ասում»։
Կառլենն ասաց, որ եղբայրն անչափ բարի, չափազանց սրտացավ մարդու տեսակ էր, միշտ թույլի կողքին էր կանգնում․
«Թույլերին միշտ կպաշտպաներ, չէր թողնի որևէ մեկը նեղացներ։ Ինքը կռվարար էր, բայց միևնույն ժամանակ՝ հանդարտեցնող էր։ Եթե կռիվ լիներ, Հայկը պարտադիր պետք է մեջը լիներ, բայց վերջում պետք է հանդարտեցներ, 2 կողմերին բարիշեցներ։ Նման մարդ էր ախպերս»։
Հայկը, բացի սպորտից, նաև շատ էր սիրում արվեստը, նկարչությունից մինչև երաժշտություն, տարբեր խմբակներ է հաճախել ու էլի հաջողություններ գրանցել․
«Հայկը շատ լավ նկարում էր, երեխա ժամանակից համ նկարչության, համ խեցեգործության է գնացել, դհոլի էլ է գնացել, մինչև հիմա իր դհոլը տանը դրած է։ Արվեստը շատ էր սիրում, ամեն ինչի ձգտում էր, ու իր մոտ ստացվում էր, հաջողություններ էր գրանցում»։
Արվեստն իր տեղում, բայց Հայկը նպատակ էր դրել դառնալ հայտնի ֆուտբոլիստ ու դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆուտբոլի բաժին, սակայն չէր հասցրել դասերին մասնակցել, քանի որ ընդունվելուց անմիջապես հետո մեկնել էր ծառայության։
Հայկ Հակոբյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին՝ Մերձավանի գերեզմանատանը։