Մեծածախ առևտրում 200-450 դրամից պակաս արքայանարինջ տեսնո՞ւմ եք. Գյուղացիները դժգոհում են, նախկին փոխնախարարը՝ հակադարձում
Հայաստանի Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում՝ Ալավերդի քաղաքից մոտ 14 կմ հյուսիս-արևելք՝ Շնող գյուղի հանդամասերում, այս օրերին հասունանում է արքայանարինջը։ Գյուղացիների աչքն էլ գնորդների ճամփին է։
Ասում են՝ նախորդ տարի գնորդի սպասելով՝ թափել են ամբողջ բերքը։ Պատճառն այն է, որ գյուղում բերքի քանակն այնքան շատ է, որ իրացման խնդիր է առաջանում։ Իսկ սառնարանային տնտեսություն ու չորանոցներ գյուղում և տարածաշրջանում չկան։ Տեղական շուկան փոքր է, արտահանումն էլ ավելի լուրջ խնդիր է։ Գյուղացիներն այս հարցում կառավարության աջակցությունն են ակնկալում՝ նշելով, որ, օրինակ, անցած տարի գնորդ չի եղել, և 40 տոկոսից ավելին թափել են: Նրանք կարևորում են արտահանումը՝ ընդգծելով, որ տեղական շուկան քիչ է. փոխանցում է «Անկյուն 3» հեռուստաընկերությունը:
«Այդքան ջրի գումար ենք վճարում, պատվաստանյութերին՝ ևս: Դեղերն էլ այնքան թանկ են, որ հաշվարկում ես, քո ծախսը դուրս չի գալիս»,- դժգոհում են բերքը մշակողները:
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն առաջարկում է ոչ թե թափել միրգը, այլ բերել Երևան և վաճառել:
«Մեծ պահանջարկ կա, առնում են: Դա չի կարելի համեմատել խաղողի հետ: Արքայանարնջի իրացման առումով ես դժվարություն չեմ տեսնում: Մեծածախ առևտրում 200-450 դրամից պակաս արքայանարինջ տեսնո՞ւմ եք: Բա, եթե այդ գինն է, մարդիկ պետք է գնան իրենց տնից առնե՞ն: Թող դուրս բերեն շուկա, պայմանավորվեն, գտնեն գնորդներին և վաճառեն: Այստեղ պետությունը որևէ դեր չունի կատարելու: Դա այն ապրանքատեսակն է, որի ներքին սպառման պահանջարկը բավականին մեծ է»,- մեզ հետ զրույցում ասաց Գառնիկ Պետրոսյանը:
Գյուղացիների խոսքով՝ փորձում են նոր իրացման ձև գտնել՝ չիր սարքել, որն ավելի հեշտ է իրացվում:
Նշենք, որ արքայանարինջը վաճառվում է նաև համացանցի միջոցով, և այս պահին 250 կիլոգրամ գնելու դեպքում մեկ կիլոգրամը վաճառում են՝ 250, իսկ դրանից քիչ գնելու դեպքում՝ 300 դրամով: Հանդիպեցինք նաև 1 կիլոգրամը 500 դրամով վաճառելու հայտարարությունների:
Իսկ նրանք, ովքեր հայտնել էին, որ կգնեն արքայանարինջ, օրինակ, 10-30 տոննա, մշակողներից մեկն առաջարկել էր գնալ Մեղրի ու տանել: