«Փաշինյանը թող թուղթ ու գրիչ վերցնի ու ստերը գրի, այնքան սուտ է խոսել, որ խառնում է». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ բանակցային գործընթացի ողջ տրամաբանության մեջ օգտագործվել է  ազգերի ինքնորոշում տերմինը, որն Արցախյան հիմնախնդրի միջազգային իրավունքի կետերից բխող ձևակերպում է։

«Նախկինների այդ «վատ» բանակցած փաստաթղթերի ժամանակ Ալիևն ընդունում էր, որ փակ դռների հետևում միջազգային հանրությունը, համանախագահներն իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Իսկ վերջերս՝ 44-օրյա պատերազմից հետո, Ալիևն ասաց, որ նախորդ բանակցային լուծումները եթե շարունակվեին, ապա Քարվաճառն ու Քաշաթաղը հավերժ մնալու էին հայկական»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա, ակնհայտ է, որ Արցախի ժողովուրդը մեկ անգամ արդեն իր ինքնորոշման իրավունքն իրացրել է  հանրաքվեի միջոցով, և փաստացի աշխատանքային փաստաթուղթը միայն կազանյան փաստաթուղթն էր, որով նախատեսված էր՝ ինքնորոշումն իրացվելու է կամարտահայտման միջոցով, որը որևէ կերպ սահմանափակված չէր լինելու։

«Բոլոր տարբեր տրամաչափի ՔՊ-ական երեսփոխանները և ոչ միայն, որոնք նշում են, որ 44-օրյա պատերազմից հետո փակվել էր պատուհանը Արցախի ինքնորոշման համար, ստում են։ 44-օրյա պատերազմից հետո ՌԴ նախագահն իր հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել է, որ Արցախի կարգավիճակի հարցի քննարկումն անհրաժեշտ է թողնել հետագային, Մինսկի խմբի համանախագահները 2021 թվականի ապրիլին տարածել են հայտարարություն, որում նշվում էր ազգերի ինքնորոշման իրավունքը, հայ պաշտոնյաները դրա մասին չեն խոսել։ Աշխարհից ակնկալել, որ կխոսի մի բանից, ինչի մասին ռիսկ չի անում խոսել մեր ապիկար իշխանությունը՝ նաիվություն է։ Առաջին հերթին դրա մասին պետք է խոսենք մենք՝ ինքներս»,- հավելեց նա։

Կարդացեք նաև

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նաև նկատեց՝ օրվա իշխանությունները նույնիսկ վախենում են Երևանում հայտարարել, որ հայկական Շուշին, Հադրութը օկուպացված են, հետևաբար՝ նաև սրանով է պայմանավորված, որ այսօր խիստ կարևոր է բանակցողի փոփոխությունը։

«Ասել եմ ու կասեմ՝ Փաշինյանը կաշկանդված է իր տված բանավոր խոստումներով։ Երբ Փաշինյանը Հայաստանի անունից բանակցում է անգամ Լյուքսեմբուրգի ղեկավարության հետ, ես մտավախություն ունեմ, որ Հայաստանը կարող է ունենալ տարածքային կորուստներ, այստեղ խնդիրը ոչ թե դիմացի բանակցողն է, այլ Հայաստանի կողմից բանակցողը»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Ինչ վերաբերում է  «խաղաղության պայմանագրին», ապա Հայկ Մամիջանյանը հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ է ասել, որ այդ պայմանագիրն աբսուրդային է, ձախողվել է։ Ավելին՝ Արցախի հիմնախնդրի հետ կապված, երբ մեջբերում են Ալմա Աթայի համաձայնագիրը, ըստ Հայկ Մամիջանյանի՝ որևէ կապ չունի Արցախի հետ, քանի որ Արցախի  հակամարտությունը երբեք չի եղել տարածքային վեճ։

«Հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել բանակցելու Արցախից հրաժարվելու մասին։

Թեպետ երկար տարիներ Փաշինյանը վարձու գրչակ է եղել, բայց այնուամենայնիվ, ուզում եմ ծանոթացնել երկու հայտնության հետ, որը կոչվում է  թուղթ ու գրիչ, նա այնքան ստեր է ասել, որ արդեն դրանց մեջ խճճվում է, թող թուղթ ու գրիչ վերցնի ու դրանք նշի, արդեն խառնում է»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս