Հիմնը անպայման պետք է փոխվի, որովհետև շատ առումներով չի համապատասխանում հիմնի չափանիշներին. Լևոն Բլբուլյան

Շատ սերեր են աշխարհում սուտ դուրս եկել,

Անթիվ երգեր՝ ամուլ ու փուտ դուրս եկել,

Բայց, մե՛կ է, ինձ թվում է, թե այս աշխարհ

Ես հենց սիրո՛, երգի՛ համար եմ եկել:

Կարդացեք նաև

Այս տողերը պատկանում են բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Բլբուլյանի գրչին, ում հետ էլ զրուցել ենք գրական աշխարհ մուտք գործելու և մի շարք այլ թեմաների շուրջ։

Պարոն Բլբուլյան, ո՞ր պահից հասկացաք, որ այս աշխարհ սիրո, երգի համար եք եկել:

– Թերևս այն պահից, երբ իմ բանաստեղծությունները տպագրվեցին և սկսեցին արձագանք գտնել մարդկանց մոտ։ Դրական խոսքեր լսեցի, ստեղծագործական հաճույք զգացի ու հասկացա, որ իմ տողերը մարդկանց հաճելի են։ Իսկ հետո, երբ արդեն մի քանի գրքի հեղինակ էի, ավելի գիտակցորեն հասկացա։

Գրական աշխարհ Ձեր մուտքը շատ հետաքրքիր է ստացվել, կարող ենք ասել՝ ավելի հարթ, քան մյուսների դեպքում։ Հիմնականում Ձեր ստեղծագործությունները տպագրվել են «Լենինյան դրոշ» թերթում: Խմբագիրը, կարելի է ասել, Ձեզ «տեղ» է տվել, տպագրել է, ու այն ժամանակ չգիտեմ՝ ինչպես, բայց մեր օրերում դա մի քիչ բարդ է։ Հետագայում էլ Ձեր շատ բանաստեղծություններ դարձել են երգեր և այս ոլորտում էլ կարծես Ձեր ուղին հեշտ է եղել՝ համագործակցել եք Ռոբերտ Ամիրխանյանի հետ։ Շատ բանաստեղծներ կերազեին որևէ կոմպոզիտորի հետ համագործակցել։ Ձեզ մոտ ինչպե՞ս է այդքան հեշտ ստացվել։

– Իրոք որ հեշտ է ստացվել։ Դա նախախնամություն է։ Տարիների ընթացքում սկսել եմ համոզվել, որ ինչ լինելու է՝ պետք է լինի, և իմ կյանքում այդպիսի ճակատագրական պահեր շատ են եղել, որոնք փոխել են կյանքիս ընթացքը․ կա՛մ բարելավել են, կա՛մ դրական ուղղություն են տվել։ Եվ այդ դեպքերից մեկն էլ իմ ծանոթությունն էր Ռոբերտ Ամիրխանյանի հետ։

Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ տպագրվել էր իմ առաջին գիրքը (1979թ․)։ Երևի 1,5 ամիս էր անցել գրքի տպագրությունից, ընկերներով նշում էինք ու այն, այսպես ասած, «թրջելուց հետո» մեկ շաբաթ անց ինձ զանգահարեց Ռոբերտ Ամիրխանյանը և ասաց՝ Լևոն, Ձեր գիրքը, որը կոչվում էր «Քեզ սերն է ծնել», իմ ձեռքում է, թերթել եմ, ծանոթացել ու բազմաթիվ երգային տողեր են իմ ուշադրությունը գրավել, և կարծում եմ, արժե, որ համագործակցենք։

Ականջներիս չէի հավատում, բայց իսկապես հանդիպեցինք, զրուցեցինք, և ծնվեցին մեր առաջին երգերը։ Պետք է ասեմ, որ շնորհիվ Ռոբերտ Ամիրխանյանի հետ ստեղծած երգերի, որոնք նկատվեցին, գնահատվեցին, մյուս կոմպոզիտորները ևս սկսեցին ուշադրություն դարձնել ինձ, ստեղծագործություններիս և համագործակցություն եղավ այնպիսի հայտնի երգահանների հետ, ինչպիսիք են՝ Կոնստանտին Օրբելյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Մարտին Վարդազարյանը, Արամ Սաթյանը և այլք։ Այդպես ծնվեցին շատ երգեր, և այնպես ստացվեց, որ իմ բանաստեղծություններին զուգահեռ՝ ծնվում էին նոր երգեր, և դրա համար շատ ուրախ եմ։

Հեռակա «հանդիպումներ» եք ունեցել նաև Առնո Բաբաջանյանի հետ։

– Այո։ Հեռակա «հանդիպում» եղավ նաև Արամ Խաչատրյանի հետ։ Իմ հոբելյանական երեկոյի ժամանակ Արամ Խաչատրյան համերգասրահում հնչեց Խաչատրյանի «Հայաստանի հիմն»ը՝ իմ գրած նոր խոսքերով։ Այն ջերմ ընդունելության արժանացավ․ դահլիճի զգալի մասը երգի կատարման ժամանակ ոտքի էր կանգնել։

– Ի դեպ, անընդհատ քննարկվում է հիմնը փոխելու հարցը։

– Իհարկե։ Քանի որ իմ հոբելյանական համերգի տեսագրությունը մի քանի անգամ ներկայացվել է հեռուստատեսությամբ, ինձ բոլորն ասում են՝ պատրաստի հիմն է, ինչո՞ւ ուշադրություն չեն դարձնում։ Բայց, ինձ թվում է, գալու է ժամանակը․ հիմնը անպայման պետք է փոխվի, որովհետև շատ առումներով չի համապատասխանում հիմնի չափանիշներին։ Դա նշել են մասնագետները, հասարակ մարդիկ։

Նույնիսկ մի քանի նյութի եմ հանդիպել համացանցում, որտեղ նշում են, որ մեր ձախորդությունները նրանից են, որ հիմնում արցունք, արյուն բառերը մի տեսակ շատ են հոլովվում, այնինչ հիմնի խոսքերը պետք է ոգեշունչ լինեն, և ես գրելիս աշխատել եմ հենց այդ սկզբունքով առաջնորդվել։ Չգիտեմ՝ ինչքանով է հաջողվել, ամեն դեպքում լավ կարծիքներ եմ լսում։

– Նախկինում ինչպե՞ս էր կոմպոզիտոր-բանաստեղծ կապը։ Մի ժամանակ խոսակցություններ կային, որ բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա երգեր էին ներկայացնում, բայց նրանք հոնորար չեն ստանում։ Որևէ բան հիմա փոխվե՞լ է։

– Շատ բան է փոխվել․ այն ժամանակ ես ոչ մի բանակցություն չէի վարում ինչ-որ կոմպոզիտորի, երգչի հետ։ Պարզապես կոմպոզիտորն առաջարկում էր, ես գրում էի և գիտեի, որ հոնորարը ստանալու եմ ինչ-որ տեղից։ Պետականորեն հատկացվում էր և ստանում էինք։ Հիմա պարզապես պատվերներ են լինում։ Նախապես պայմանավորվում ենք, որ այսքան հոնորար կտրվի տեքստի համար։ Շատ դեպքերում, երբ մեղեդին շատ է դուրս գալիս, գումարի մասին առհասարակ չեմ էլ խոսում, պարզապես հաճույք եմ զգում նոր երգ ստեղծելիս։ Երբ երաժշտությունն ու բառերը ներդաշնակվում, դառնում են գեղեցիկ երգ, սիրվում են մարդկանց կողմից, դա ամենամեծ, ամենալավ վարձատրությունն է՝ ստեղծագործողի համար։

– Նախապես հանդիպո՞ւմ եք այն երգչի հետ, ում համար այդ տողերը պետք է գրեք, որպեսզի հասկանաք նրա ապրումները։

– Չէ, դա հիմնականում կոմպոզիտորի խնդիրն է, բայց մեկ-մեկ խորհրդակցում են ինձ հետ։ Նաև նախապես նկատի են ունենում, թե որ երգչի համար է, և ես էլ գրելուց, բնականաբար, աչքիս առջև ունենում եմ տվյալ կատարողին։ Եթե կին է, բառերը պետք է համապատասխանեն կնոջ հոգեբանությանը։

Մի շարք երգեր գրել եմ Սյուզան Մարգարյանի համար։ Քրոջս՝ Ժաննա Բլբուլյանի հետ երգեր ենք գրել Անահիտ Մանուկյանի համար՝ հատուկ նրան նկատի ունենալով։ Շատ լավ է կատարել, ու սիրվել են այդ երգերը՝ Հայաստանի, Երևանի մասին, և այլն։ Այնքան եմ ափսոսում, որ Անահիտ Մանուկյանը հիմա ասպարեզում չկա, որովհետև մի լավ երգ էլ էինք նրա համար պատրաստել, որը հետագայում կատարեց Նարեկ Մակարյանը։

Ցավոք, հիմա շատ երգիչներ նախընտրում են պարզունակ բառերով երգերըսերս գնաց, սերս մերժեց, ես կթողնեմ քեզ, կհեռանամ և այլն։ Ինչպե՞ս եք վերաբերվում անհանգ և առանց ռիթմի երգերին։

– Վատ։ Ցավոք, մեր օրերում դա ուղղակի դարձել է համաճարակի պես մի բան, և հաճելիորեն միայն զարմանում եմ, երբ լավ երգ եմ լսում, երբ տեսնում եմ, որ ասելիք կա, բառերը խոսում են երաժշտության հետ, որովհետև դեպքեր են լինում, երբ երաժշտությունն ու խոսքերը պարզապես տարբեր բաներ են ասում։

Տխուր երաժշտության տակ ուրախ, դրական էմոցիաներով բառեր են, և՝ հակառակը։

Մեր երգարվեստի վիճակը շատ ծանր է, ես կասեի՝ բարձիթողի վիճակում է։ Այնպիսի երգեր են ասպարեզ մտնում, հնչում հեռուստատեսությամբ, որ պարզապես ամոթ է։ Ճաշակ են փչացնում այդ երգերը։ Մեր երեխաները, երիտասարդությունը պարզապես դաստիարակվում է տաշի- տուշիներով։ Խորը, հուզական երգեր դեպքից դեպք են ծնվում և հնչում։

Կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ ժամանակին ռադիոյին կից գործող գեղարվեստական խորհուրդը վերականգնվի հեռուստատեսությունում, ռադիոյում, որպեսզի խոտանի ճանապարհը փակվի։ Որոշակի չափանիշներով ընդունվեն երգերը և դուրս գան ասպարեզ։ Չէ՞ որ դաստիարակության ամենակարևոր ձևերից մեկը երաժշտությունն է՝ մասնավորապես երգը։ Մարդ կարող է ընդհանրապես գիրք չկարդալ, բայց երգ անպայման լսում է։ Երեխաները երբ դեռ նույնիսկ տառաճանաչ չեն, բայց երգով դաստիարակվում են։ Կարևոր թեմա է և չպետք է գցել ականջի հետև։

Բայց արդարանում են, որ հասարակությունն է քեֆերի, ուրախությունների, հարսանիքների ժամանակ հենց այդ երգերը նախընտրում։

– Երգերը հո չե՞ն ծնվում միայն քեֆի, ուրախության համար։ Երգերը ծնվում են, որ մարդուն դրական լիցքեր փոխանցեն, հույզեր արթնացնեն, հոգուն ինչ-որ բան հաղորդեն։ Տաշի-տուշին հասկացանք, հարսանիքի համար պետք է, սակայն չէ՞ որ երգը պետք է նաև կրթի, հոգի հարստացնի։ Իհարկե, բառերի հետ միասին։

Մի երկու օր առաջ ծանոթներիցս մեկն ասաց՝ մի երգ ցույց տամ, չգիտեմ՝ կուրախանա՞ս, թե՞ լաց կլինես։ Ուրեմն, երգը մեկ ամսում 3,5 միլիոն դիտում էր ունեցել համացանցում։ Բառերը՝ բացարձակ անհեթեթություն։ Փորձի համար բառերը գրեցինք, կարդացինք, տեսանք, որ բացարձակ ոչ մի միտք չի արտահայտում․ կապույտ աչքեր, կապույտ աչքեր և այլն։ Ոչինչ չասող երգ։

Խոսեցինք ոչինչ չասող երգերի մասին, բայց կան նաև ոչինչ չասող գրքեր, որոնց վաճառքը շատ ավելին է, քան ամեն ինչ ասող գրքերի դեպքում է։ Այսինքն, անելիք կա և՛ երգարվեստում, և՛ գրական ոլորտում։ Այստեղ չկա՞ մտավորականների պասիվությունը։

– Չգիտեմ, մտավորականն ի՞նչ կարող է անել, որ մարդիկ գիրք կարդան։ Շատ բան կարող է անել հեռուստատեսությունը, մամուլը, համացանցը։ Ովքեր բլոգերներ են՝ կարողանան ներկայացնել ճիշտ գրականություն, պոեզիա, լավ երգեր։ Համացանցը հեղեղված է բանաստեղծություններով, բայց այսօր բանաստեղծություն բառի արժեքն այնքան է ընկել, որովհետև ամեն երրորդը սկսել է «բանաստեղծություն» գրել։ 80 տոկոսը կապ չունի բանաստեղծության հետ։ Ցավալի թեմա է, որովհետև քանի որ մեր նոր սերունդը քիչ է կարդում, գեղագիտական դաստիարակությունը ստանում է համացանցից։

Վաղը եթե իրենք էլ ստեղծագործեն՝ առաջնորդվելու են այդ չափանիշներով․ ո՛չ հանգ կա, ո՛չ սկիզբ ու ավարտ։ Ամեն միտք թղթին հանձնելով ու տողատելով՝ չի կարելի ասել, որ սա բանաստեղծություն է։ Հիշեցրեք որևէ հեռուստաընկերություն, որն ունի գրական հաղորդում․ չկա՛։ Գրողների միությունը բազմիցս առաջարկել է, որ լինի գրական հաղորդում, որտեղ կներկայացվեն լավագույն պոետական և արձակ գործերը, որպեսզի մարդիկ պատկերացում կազմեն, որ կա նաև լավ գրականություն, սա է չափանիշը, ու դրանով պետք է առաջնորդվել, ոչ թե մեկը կարող է իր միջոցներով կամ հովանավորչությամբ գիրք տպագրել, հեռուստատեսությամբ թմբկահարեն, հանեն երկինք, դասական դարձնեն։ Երբ խորանում ես՝ տարրական չափանիշները հաճախ պակասում են։ Մտավորականն էլ իր հերթին կարող է շրջապատում, աշխատավայրում գեղագիտական մթնոլորտ ստեղծել, որպեսզի ճաշակ զարգանա, ու մարդիկ մղվեն դեպի արվեստը, գրականությունը։

Որքանո՞վ եք կարևորում, որ ապագա բանաստեղծը, գրողը բանասիրական կրթություն ստացած լինի։ Գիտեմ, որ Դուք չնայած սկզբում սովորել եք Գյուղինստիտուտում, բայց ուսումը շարունակել եք Գորկու անվան գրականության ինստիտուտում:

– Ինձ թվում է՝ բանասիրական կրթությունը շատ կարևոր է։ Խորանալ, ժանրային առանձնահատկությունները իմանալ, ուսումնասիրել կարևոր հեղինակներին։ Երբ ժամանակին սովորում էի Գյուղինստիտուտում ու արդեն սկսել էի տպագրվել, ափսոսում էի, որ 5 տարի իզուր կորցրել եմ, չնայած հետո հասկացա, որ ինչ էլ մարդու կյանքում լինում է՝ նրան շատ կարևոր բաներ է փոխանցում՝ կենսափորձ, գիտելիքներ․․․ ոչ մի բան իզուր չի անցնում մարդու կյանքում։ Ես հիմնականում ինքնակրթությամբ, ընթերցելով շատ բան եմ յուրացրել: Երբ կարդում եմ հին, առաջին տարիների բանաստեղծություններս՝ ահագին թերություններ եմ տեսնում, հետո, իհարկե, կատարելագործվել եմ։

Գորկու ինստիտուտում հատուկ դասընթացներ էինք անցնում, հանդիպումներ ունենում ճանաչված բանաստեղծների հետ, ովքեր վարպետության դասեր էին անցկացնում։ Մեր խումբը բաղկացած էր Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից եկած բանաստեղծներից, ովքեր ինչ-որ չափով արդեն կայացել էին իրենց երկրներում։ Բոլորիս Գրողների միությունից էին գործուղել։ Այնտեղ ես խորացա նաև թարգմանական արվեստի մեջ, սկսեցի սիրել և զգացի, որ այն ևս մեծ փորձ, վարպետություն, գիտելիքներ, խստապահանջություն է պահանջում ու պատճառում է ստեղծագործական վայելք։

Պատահական չէ, որ իմ 20-ից ավելի գրքերից 10-ը թարգմանական են։ Տարբեր բանաստեղծների գրքեր եմ թարգմանել՝ հատկապես ռուսական պոեզիայից։ Բացառություն էր Օմար Խայամի քառյակների ժողովածուն, որը մոտ երկու տարի առաջ լույս տեսավ։ Հիմա իմ ստեղծագործական կյանքն ընթանում է և՛ բանաստեղծության, և՛ երգի, և՛ թարգմանության հետ։

– Շատ թարգմանիչներ նախանձով կվերաբերվեն, կասեն՝ մեր գործը մեր ձեռքից խլեց։

Չեմ կարծում (ծիծաղում է.- Ա․Կ)։ Արվեստում, վստահ կարող եմ ասել, ոչ ոք մյուսի տեղը չի կարող գրավել՝ լինի երաժշտության, գրականության թե նկարչության մեջ։ Ամեն արվեստագետ գալիս է իր առաքելությունը կատարելու, իր խոսքն ասելու՝ իր ձևով, իր տեսակը բերելով։

– Ձեր ստեղծագործություններում նկատել եմ և՛ Թումանյանի, և՛ Օմար Խայամի շունչը։ Ավելի շատ նրանցի՞ց եք ոգեշնչվել։

Բանաստեղծության մեջ սիրում եմ խորություն, ասելիք, բայց անպայման պարզություն։ Բորխեսը մի այսպիսի միտք է արտահայտել․ պոեզիայի, բանաստեղծության բարձրագույն դրսևորումը, ամենակարևոր արժանիքը պարզությունն է։ Հետո ասում է՝ հոգուն երբեք չես կարող խաբել։ Ես դա համարում եմ իմ ստեղծագործական սկզբունքներից մեկը։ Եթե հոգուն անկեղծ, պարզ, մատչելի չհաղորդես քո ասելիքը, քո հույզերն ու ապրումները, նշանակում է, որ այդ հոգուն խաբում ես։ Պարզություն, խորություն, ասելիք։ Առհասարակ արվեստը և, հատկապես պոեզիան, պետք է դիպչի մարդու հոգուն, հետո նոր անցնի մտքին, ոչ թե նախ աշխատի մտքի համար։ Մոսկովյան տարիներին մենք հանդիպեցինք բանաստեղծ, երգահան Բուլատ Օկուջավային։ Հանդիպման ժամանակ ուսանողներից մեկը հարցրեց, թե՝ Ձեզ առաջին հերթին ի՞նչ եք համարում։ Դե, նա բազմաժանր ստեղծագործող էր՝ բանաստեղծ, երգահան, արձակագիր, երգիչ։ Օկուջավան պատասխանեց․ «Ես ինձ պարզապես զրուցակից եմ համարում»։

Ինձ այդ ձևակերպումը շատ դուր եկավ, և դա էլ դարձավ իմ կարևոր նշանաբաններից մեկը։ Պետք է դառնաս զրուցակից․ կլինի երգ, թարգմանություն, հումոր։

Ի դեպ, վերջերս ավարտեցի մի թարգմանական գիրք՝ Օկուջավայի լավագույն 100 բանաստեղծություններն են ներկայացված։ Ընթերցողներին առաջիկայում հաճելի անակնկալ է սպասվում։

– Կարծեմ, Օկուջավան հայկական արմատներ ունի։

Այո, մայրը հայուհի է և Վահան Տերյանի տոհմից և, հավանաբար, այդ տաղանդը Տերյանի տոհմից է փոխանցվել։ Պատահական չէ, որ ուզեցի գիրքը պատրաստել։ Այն վերնագրել եմ այսպես․ «Կիթառով բանաստեղծը․ 100 բանաստեղծություն»։ Բանաստեղծությունների 90 տոկոսը երգեր են, ընտրել եմ առավել հայտնիները։

– Հետաքրքիր վերնագիր էիք ընտրել՝ «Կիթառով բանաստեղծը»։ Ձեր դեպքում էլ երևի տարիներ հետո գրեին՝ «Թավջութակով բանաստեղծը», եթե շարունակեիք այդ երաժշտական գործիքի դասերին գնալ։

Այո (ծիծաղում է.- Ա․Կ.), 4-րդ դասարանից թավջութակը թողեցի, զբաղվեցի մարմնամարզությամբ, նույնիսկ միջշրջանային մրցումներում չեմպիոն դարձա։ Սպորտը խլեց թավջութակից, բայց այդ 4 տարիների ուսումն ինձ հետագայում շատ պետք եկավ երգերը ստեղծելիս՝ ռիթմը, չափը զգալու առումով։ Սպորտից էլ խլեցին գրականությունը և լրագրությունը։

– Կա՞ գրող, որին կուզեիք հանդիպել։

Առաջինը Թումանյանին։ Կուզեի հանդիպել մեծ իմաստունին, խորը մարդուն, ով ավելին է, քան բանաստեղծը։ Ռուսներն այսպիսի խոսք ունեն՝  բանաստեղծն ավելին է, քան բանաստեղծը։ Ես կասեի, որ Հովհաննես Թումանյանը մեր ազգի համար ավելին է, քան պարզապես բանաստեղծը։ Իզուր չեն ասում Ամենայն Հայոց բանաստեղծ։ Նրա շատ հոդվածներ կարծես այսօրվա մասին լինեն՝ այնքան անկեղծ, այնքան խորը: Ոչ մի տող, ոչ մի բառ չի հնացել։ Ապշում ես։ Իմ նշանաբանն եմ դարձել նաև սա՝  բանաստեղծությունը պետք է աչքի բիբի պես պարզ և աչքի պես խորը լինի։ Կուզեի, որ մեր նորօրյա բանաստեղծները մի քիչ «թափ տան» իրենց, և դասական պոեզիայի հանդեպ քամահրանք չդրսևորեն, որը նկատվում է: Հանգով բանաստեղծություններ են կարդում ու ասում՝ դե, սրանից նամշահոտ է գալիս, հնացած է:

Այսինքն, հեշտ ճանապարհով են գնում: Հանգավորելը արվեստ է պահանջում, հմտություն, որը դժվար է: Դրա համար հեշտ է ասելիքն ուղղակի կոտրատել և ասել՝ սա է բանաստեղծությունը: Կարդում ու ցավ ես ապրում:

– Հասարակությունը գուցե այս դեպքում խստապահա՞նջ չէ:

Հասարակությունը խստապահանջ կարող է լինել՝ դարձյալ շնորհիվ նրա, եթե մամուլը, հեռուստատեսությունը զբաղվեն գեղագիտական դաստիարակությամբ: Հասարակության մեջ այնքան տարբեր մակարդակներ կան, բայց այն դրական, կարևոր կորիզը, որը կար խորհրդային տարիներին, հիմա շատ է փոքրացել և քարոզչության շնորհիվ պետք է աստիճանաբար մեծանա: Դրա շնորհիվ է, որ ազգը որպես ազգ կայանում է:

– Այդ կորիզը մեծացնելու համար, բացի հեռուստատեսությունից, մամուլից, ինձ թվում է՝ կարևոր է, որ այս դեպքում՝ գրող և աշակերտ հանդիպումները շատ լինեն: Որքա՞ն հաճախ են նման հանդիպումներ կազմակերպվում:

Ճիշտ եք: Թող չասեն՝ կարոտախտով է լցված Խորհրդային Միության հանդեպ, բայց այնքան լավ բաներ կային խորհրդային կարգերի ժամանակ, թեկուզև այդ ուշադրությունը, հետևողականությունը՝ արվեստի հանդեպ: Գրողների միությանը կից կար պրոպագանդայի բյուրո, և մենք տարբեր շրջաններ էինք գնում, հատուկ հանդիպումներ էին տեղի ունենում դպրոցներում, ուսումնական այլ հաստատություններում, գյուղի աշխատողների հետ՝ նույնիսկ հենց դաշտում: Մեր օրերում դրանք, ցավոք, հազվադեպ են տեղի ունենում: Գիրք նվիրելու օրը, բարեբախտաբար, գրողները, բանաստեղծներն այցելում են տարբեր դպրոցներ, նույնիսկ դաս ենք վարում, փորձում սեր արթնացնել պոեզիայի հանդեպ:

Քաղաքացիները դժգոհում են, որ գրքերը հիմնականում շատ թանկ են, և իրենք չեն կարողանում գնել:

Որոշ գրքեր այնքան թանկ են, որ, իրոք, այսօրվա կենսամակարդակը հաշվի առնելով՝ մտածում ես, որ մարդը հազիվ թե 3000, 5000 դրամ տա և գիրք գնի: Կփորձի երեխաների հոգսը, տան կարիքները հոգալ: Այդ մասին էլ ժամանակին խոսվել է, հրատարակիչներն առաջարկել են ավելացված արժեքի հարկը հանել գրքերի վաճառքից, որպեսզի գրքերն էժանանան: Հիշում եմ, որ տարբեր առիթներով այդպիսի խոսակցություն եղել է, բայց, ցավոք, դա էլ այդպես մնացել է օդի մեջ: Կարծում եմ, եթե ուզում են, որ, իրոք, կարդացած, զարգացած հասարակություն ունենանք, պետք է գնան այդ զիջողությանը և փորձեն գիրքն ավելի մատչելի դարձնել: Չնայած կա նաև մեկ այլ տարբերակ. կա հասարակության մի շերտ, որը չգիտեմ՝ քանի հազար կտա, կգնա մի ռաբիս կամ արտասահմանից եկած որևէ երաժշտի համերգի, բայց կափսոսի 3000 դրամը տալ և որևէ մեկի բանաստեղծությունների գիրքը գնել:

– Հասարակության մի մասը նաև բանաստեղծներն են. ինչպե՞ս եք դուք կարողանում ապրել: Գրողները միշտ նշում են, որ ստիպված «կողքից» այլ գործեր են անում: Ձեր դեպքում ինչպե՞ս է:

– Իմ դեպքում երբեմն երգերի պատվերներ են լինում, իսկ թարգմանություններն էլ, երբ հրատարակվում են հրատարակչության կողմից, վաճառքից որոշակի տոկոս է փոխանցվում, կամ նախապես իրենք որոշակի գումար են հատկացնում թարգմանության համար: Մոսկվայում մասնակցում էի Գրողների միությունների միջազգային կազմակերպության համաժողովին՝ տարբեր երկրների բանաստեղծներ կային, ու երբ իմացան, որ ես Վիսոցկի եմ թարգմանել, ու հայտնի է, որ այն հեշտ չէ, դրա շնորհիվ առաջարկեցին իրենց բանաստեղծությունները թարգմանել հայերեն՝ որոշակի վճարով, և դա էլ ապրելու տարբերակներից մեկն է:

Հետաքրքիր տող ունեք՝ «..Քանի՜ քանիսն են քեզ նման փորձել աշխարհը շտկել, բայց ո՛չ զենքով, ո՛չ էլ երգով գործը գլուխ չի եկել»: Ցավոք, 44-օրյա պատերազմի դեպքում տեսանք, որ զենքով կարողացան հարցեր լուծել: Աշխարհը փոխելու համար, ըստ Ձեզ, ի՞նչ է պետք մարդկությանը:

– Մարդ պետք է կարողանա նախ ինքն իրեն փոխել: Մի ասացվածք կա, որտեղ ասում է՝ փորձիր ինքդ քեզ որոշ հարցերում փոխել ու կտեսնես, թե ինչքան անհնար է դիմացինին փոխելը: Բայց արվեստն ունի այդ ուժը: Միայն արվեստի շնորհիվ, ճառերով չես կարող փոխել:

Հարևան երկիրը՝ Ադրբեջանը, չեմ կարծում, որ արվեստի շնորհիվ կփոխվի:

– Հարևան երկիրն այսօր հաղթել է, բայց աշխարհը տեսավ, և մենք էլ գիտենք, թե ինչի պատճառով ենք պարտվել: Մեր թուլության պատճառով չենք պարտվել, այլ նրանց կողքին Թուրքիայի պես հզոր երկիր կար, իսկ աշխարհը մեզ ձեռք չմեկնեց, ինչպես մեկնում է Ուկրաինային: Չպետք է պարտվողի հոգեբանությամբ ապրենք, խեղճանանք և մտածենք, որ սա վերջն է: Պետք է հավատանք, որ երբևէ ուժեղանալու, հզոր բանակ ենք ունենալու, որի համար ոչինչ չպետք է խնայել: Միայն դրա շնորհիվ մյուս ոլորտները կարող են զարգանալ: Այդ հաղթանակը չպետք է համարենք այն, որ իրենց վիճակը կամ աշխարհը շտկեցին: Ավելի բարձր մակարդակով պետք է շտկել աշխարհը, և դա կախված է ամեն մի մարդուց:

Լևոն Բլբուլյան բանաստեղծն ի՞նչ երազանք ունի:

– Երազանք այն է, ինչի մասին քիչ առաջ խոսեցի. ունենանք այնպիսի հայրենիք, հասարակություն, մթնոլորտ, որտեղ արվեստագետները կկարևորվեն: Շիրազը, Սևակը, Կապուտիկյանը փողոցով անցնում էին՝ մարդիկ մոտենում էին, զրուցում: Երբեմն ինձ հարցնում են՝ Ձեզ ճանաչո՞ւմ են փողոցում: Որոշ դեպքերում պատահել է, որ ճանաչեն, բայց որպեսզի այնպես ճանաչեին, ինչպես հիշյալ մեծերին, պետք է ներկայացվի հեռուստատեսությամբ, մամուլով: Ասենք՝ պետական մրցանակի արժանացած նկարը կամ գիրքը պետք է հասցվի հասարակությանը, որպեսզի մարդիկ ճանաչեն:

Այսօր քաղաքական գործիչներին են ճանաչում կամ այն արվեստագետին, ով մեկ իբրև թե ցնցող արտահայտություն է անում ընդդիմության կամ իշխանության անունից: Այդ ժամանակ լավ կամ վատ իմաստով կարող է դառնալ ամենահանրահայտը, բայց ոչ իր ստեղծագործությամբ: Դա ողբերգություն է: Սոս Սարգսյանը մի հարցազրույցում ասում էր՝ արվեստագետը, մտավորականն իրավունք չունի վերևի լինի կամ ներքևի, աջի կամ ձախի: Հայրենիքը չպետք է բաժանես մասերի, դու պատկանում ես հայրենիքին, ժողովրդին, և քո ասելիքը և քո գրքերը քո ժողովրդինն են: Եվ պետք է մարդիկ էլ այն բարձունքին հասնեն, որ կարողանան այդպես գնահատել:

– Հաճախ մտավորականներին մեղադրում են, որ երկրում տեղի ունեցող այս կամ այն իրադարձություններին չեն արձագանքում: Դա չեզոքությունը պահպանելու համա՞ր է, թե՞ ամեն դեպքում իրենց մտածմունքները հանձնում են թղթին:

– Լևոն Բլբուլյանը համարյա բոլոր իրադարձությունների ժամանակ որևէ հոդվածով, հարցազրույցով անդրադարձել է: Եթե կարդաք իմ բանաստեղծությունները՝ կտեսնեք, որ իմ ստեղծագործություններով ես արձագանքում եմ հասարակական իրադարձություններին: Արվեստագետն իր ստեղծագործությամբ պետք է իր ասելիքն ասի: Թող բարի գտնվեն՝ կարդան, լսեն և հետևություններ անեն:

Կան արվեստագետներ, որոնց մեջ կա հասարակական ընդգծված ջիղ. Սիլվա Կապուտիկյանն այդպիսի գրող էր: Նման հրապարակախոս է Զորի Բալայանը՝ իր տեսակով, խառնվածքով: Եթե արվեստագետն իր տեսակով այդպիսին է՝ թող մտնի հասարակական գործունեության մեջ, սակայն խորհուրդ չէի տա կուսակցության հարել, որովհետև դրանից արվեստագետը միշտ տուժում է: Քաղաքականությունն ինչ է շահում՝ չգիտեմ, բայց արվեստը, մշակույթն անպայման կորցնում է: Արվեստագետը կարող է գնալ և որոշ դեպքերում իրեն հուզող հարցերի շուրջ կարծիքը հայտնել լսարանին, բայց ոչ միշտ: Պետք չէ յուրաքանչյուր արվեստագետից, մտավորականից դա պահանջել:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս