
«Մենք պետք է նոր տեսությամբ նոր պետություն կառուցենք». Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի Հանրապետությունը, պետականությունը նոր տեսության կարիք ունի:
«30 տարի բզկտված տեսությունը, 30 տարի ուղղակի դարակում դրված տեսությունն այն պայմաններում, երբ պետությունը հիմնադրած կամ պետության իշխող ուժերն են այդ տեսության դեմ պայքարել, այդ տեսությունն այլևս չի կարող գոյություն ունենալ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ 2018-2020 թվականներին փորձել են փրկել այդ տեսությունը, սակայն պարզել են, որ քաղաքական «հայտնի» հատվածում կա կոնսենսուս, որ այդ տեսությունը գոյություն չունի:
Ըստ այդմ, ըստ Փաշինյանի, ՀՀ-ի համար նոր տեսության անհրաժեշտություն կա, որը զուգահեռվում է մեզ հայտնի աշխարհակարգի փլուզմամբ:
«Մեր բոլորի աչքի առաջ աշխարհակարգը, աշխարհի հին հարաբերությունները, կամ այն հարաբերությունները, որոնք գոյություն են ունեցել, փլուզվում են, և խնդիր մեկ՝ մենք պետք է չմնանք այդ փլատակների ներքո, խնդիր երկու՝ մենք պետք է նոր տեսությամբ նոր պետություն կառուցենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: