Պուտինի ուղերձը՝ եթե ՀՀ-ի որոշումը ոչ ռուսանպաստ լինի, ապա ՀՀ-ն կրկին կպատժվի. Արմինե Ադիբեկյան

«Մենք պետականությունը կորցնելու շեմին ենք, որպես ազգ , որպես միատարր հանրություն ոչնչանալու վտանգի առաջ ենք կանգնած»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկներին:

Ադիբեկյանն այն կարծիքին է, որ Պուտինի վարքագիծը Հայաստանի հանդեպ դա կոնկրետ անձնական վրիժառություն է Նիկոլ Փաշինյանից՝ վերջինիս, 2018 թվականից սկսած, Ռուսաստանի հանդեպ քաղաքականության համար: Ավելին, նրա գնահատմամբ, առհասարակ 44-օրյա պատերազմը ևս պատիժ էր կոնկրետ Փաշինյանին նրա քաղաքականության համար: «Եվ այս ֆոնի վրա Պուտինն իր վրա վերցրել է աղավնու դեր, իբր մենք առաջարկներ ենք արել, մենք խոսում ենք Հայաստանի շահերից, բայց ակնհայտ է, որ եթե ՌԴ համաձայնությունը չլիներ, առնվազն ՌԴ լռությունը չլիներ, 44-օրյա պատերազմը սկիզբ չէր առնի:

Ես սա բերում եմ նրան, որ ոչ թե Պուտինը վատն է, եկեք նրա հետ չխոսենք, այլ տանում եմ նրան, որ մենք հիմա հավաքում ենք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության պտուղները: Պատժամիջոցների ամեն մի փուլում Պուտինը դիմում էր Փաշինյանին, ասում. «Հը, կանգնե՞մ»»,- պատկերավոր բացատրեց Ադիբեկյանը, շարունակելով, որ Փաշինյանն, ըստ երևույթին, լավ չէր հասկանում դասը, ու դա շարունակվեց ու հասավ մինչև նոյեմբերի 9:

Ներկայումս, ըստ Ադիբեկյանի, Նիկոլ Փաշինյանը Բուրիդանի ավանակի նման ունի մի քանի առաջարկ, չգիտի՝ որն ընտրի, որովհետև որն էլ ընտրի՝ վնաս է Հայաստանին:

«Նա գնում է Եվրոպա, մի բան է ասում, հետո ՌԴ-ի կողմից ապտակ է ուտում, գնում է՝ ասում՝ ռուսական տարբերակն էլ է նորմալ, ի վերջո նրա անհասկանալի, անկայուն, անհետևողական քաղաքականության հետևանքով տուժում է Հայաստանը, որը կանգնած է կոնկրետ ոչնչացման շեմին: Մենք պետականությունը կորցնելու շեմին ենք և մենք՝ որպես ազգ, որպես միատարր հանրություն, ոչնչանալու վտանգի առաջ ենք կանգնած: Պուտինը ոչ մի բան չասաց, բացի նրանից, որ մենք ընդունում ենք ՀՀ-ի ցանկացած որոշում, բայց եթե այդ որոշումը լինի ոչ ռուսանպաստ, ապա դուք կրկին կպատժվեք»,- ասաց Ադիբեկյանը:

Մանրամասները՝տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս