«Խիստ կասկածում եմ, որ Փաշինյանը նման պաշտոնական դեմարշի կգնար ՌԴ-ի հանդեպ». Ալեքսեյ Մարտինով
«Սա մեծ մեդիա աղմուկ է ու սադրանք, որի նպատակները շատ տարբեր կարող են լինել»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում ասաց Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին ՀՀ-ում «անցանկալի անձ» հայտարարելու մասին որոշմանը և հայ-ռուսական հարաբերություններին:
Մարտինովն ասաց, որ չի տեսել այդ որոշումը փաստող որևէ պաշտոնական փաստաթուղթ, ինչն ամենակարևորն է, որովհետև ԱԺ աշխատակիցն այն անձը չէ, որն իրավասու է այդ մասին տեղեկություն հայտնել կամ իրազեկել:
«Պաշտոնական գործողություններ, որոնք իրականացվում են այս կամ այն քաղաքացուն պերսոնա նոն–գրատա հայտարարելու համար, առավել ևս՝ պաշտոնական դեմքի դեպքում, ինչպիսին ՌԴ Պետդումայի պատգամավորն է, չկա, բայց կա մեդիա աղմուկ, կա PR-ակցիա՝ ում կողմից՝ Զատուլինի՞, Փաշինյանի՞, նրա կնո՞ջ, թե՞ ԱԺ ապարատի այդ տղայի կողմից, որին ոչ ոք չէր ճանաչում, այդ թվում, վստահեցնում եմ՝ Երևանում, քանի դեռ Զատուլինը չէր հրապարակել այդ նամակը»,- ասաց նա:
Մարտինովն այն կարծիքին է, որ «ինչպիսին էլ որ չլինի» Փաշինյանը, կարելի է տարբեր կերպ վերաբերվել, քննադատել նրան: «Սակայն խիստ կասկածում եմ, որ Փաշինյանը նման պաշտոնական դեմարշի կգնար, ինչ էլ որ չանի, որքան էլ տարօրինակ չլինի մի շարք հարցերում, բայց նման գործողությունը դեմարշի տեսք ունի և իր էությամբ անմիտ է, քանի որ չգա պատգամավոր Զատուլինը, կգա մեկ ուրիշը, այսինքն՝ սա անմիտ, հիմար ակցիա է»,- նման կարծիք հայտնեց Մարտինովը:
Նա նշեց, որ երկու օր շարունակ պաշտոնական որևէ հաստատում է փնտրել, սակայն ոչինչ չի գտել: Իսկ թե ինչո՞ւ է արվել նման սադրանք, ըստ նրա, պետք է հարցնել կազմակերպիչներին, դրա համար կարող են շատ պատճառներ լինել, օրինակ՝ որպեսզի չքննարկեն ինչ-որ այլ բան, օրինակ՝ սպասվող Խաղաղության համաձայնագիրը և այլն:
Մարտինովը նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանը մի շարք պատճառներից ելնելով՝ չի կարող փոխել իր արտաքին քաղաքական կողմնորոշումը, և ինքը ցավում է, եթե Երևանում կան քաղաքական գործիչներ, որոնք մտածում են, թե դա հնարավոր է:
«Հայաստանը հնարավոր չէ պոկել Ռուսաստանից»,- նկատեց նա:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա, նրա խոսքով, բոլորն են հասկանում, որ այդ հարաբերություններում կան խնդիրներ, մի շարք հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանում այս կամ այն քայլերի վերաբերյալ, սակայն, նրա համոզմամբ, դա չի նշանակում, թե վեկտորի փոփոխություն հնարավոր է:
Մանրամասները՝ տեսանյութում