Բաժիններ՝

Դիարբեքիրում Էրդողանին դիմել են Օջալանի պատվանունով՝ Սերոք Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քրդաբնակ Դիարբեքիրում մասնակցել է «Առաջին քվես Էրդողանին, առաջին քվես ԱԶԿ-ին» միջոցառմանը, որի ընթացքում հանդիպել է տեղի երիտասարդների հետ: Դահլիճում հավաքվածների հետ հարցուպատասխանի ժամանակ երիտասարդներից մեկը Թուրքիայի նախագահին դիմել է՝ ասելով «Բարով եկաք, Սերոք (առաջնորդ, նախագահ) Էրդողան»: Դրանից հետո էլ ներկաները բղավել են քրդերեն «Բիժի Սերոք Էրդողան»՝ (Կեցցե՛ առաջնորդ Էրդողանը): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս միջադեպն ակտիվ քննարկման առարկա է դարձել Թուրքիայում, քանի որ հայտնի է, որ քրդերեն սերոք բառը տարիներ շարունակ օգտագործում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի համար «Սերոք Ապո» ձևով (Օջալանն Ապո անունով է հայտնի ժողովրդի շրջանում):

Նշենք, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին «սերոք» բառը հեգնանքով օգտագործում է Թուրքիայի նախկին վարչապետ, Էրդողանի նախկին կուսակից Ահմեթ Դավութօղլուի վերաբերյալ: Թուրքիայի գլխավոր ազգայնական Բահչելին, ով Էրդողանի ամենամտերիմներից է, Դավութօղլու մասին գրելիս կամ խոսելիս օգտագործում է «Սերոք Ահմեթ» բնութագրումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս