Վարչապետի գավաթ. մեկնարկել է խճուղավազքի սիրողական մրցաշարը
Փարաքար-Էջմիածին մայրուղում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը:
Խճուղավազքի սիրողական մրցաշարին մասնակցելու համար նախնական գրանցվել էր 1394 մասնակից, բայց մեկնարկ դուրս եկան մոտ 1200-ը:
Մրցաշարը անցկացվում է 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով: Առաջին տարիքային խմբում ընդգրկված են 15-17 տարեկան դպրոցականները, որոնք կհաղթահարեն 2 կմ մրցատարածությունը: Երկրորդ տարիքային խմբում ընդգրկված են 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ: Երրորդ տարիքային խմբում՝ 36-ից բարձր կանայք և 41-ից բարձր տղամարդիկ: Առանձին գործող աթլետների խմբում էլ ընդգրկված կլինեն աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման: 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբերի մասնակիցները (կանայք և տղամարդիկ) կհաղթահարեն 10 կմ մրցատարածությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշեց, որ անցկացված խճուղավազքով եզրափակում են այս տարվա «ՀՀ վարչապետի գավաթ» 5 մրցումներից բաղկացած մրցաշարերի փուլը:
«10 կիլոմետրանոց խճուղավազքը նույն տարածքում անցկացվում էր երկրորդ անգամ, բայց զուգահեռ նաև դպրոցահասակների 2 կիլոմետրանոց հատված անցկացրեցինք: Որպեսզի որևէ խնդիր և բողոք չլինի, մենք առանձնացրեցինք գործող մարզիկների խումբը, անցած տարի նրանք մասնակցում էին ընդհանուր խմբում, որովհետև կանոնակարգով արգելված չէր, ասված էր, որ միայն պրոֆեսիոնալները իրավունք չունեն մասնակցելու, իսկ Հայաստանում 10 կիլոմետր վազքի պրոֆեսիոնալ մարզիկներ չկան, այդ պատճառով բոլորը կարող էին, բայց , ելնելով կարգավիճակից, առավելություններ ամեն դեպքում ունենին: Այս տարի բոլոր տարիքային խմբերից զատ առանձնացրեցինք նաև գործող մարզիկներին՝ առանց տարիքային սահմանափակումների»,- ասաց փոխնախարարը:
Գիլոյանը նշեց, որ մրցանակային 15 միլիոն դրամ ֆոնդը պահպանվել է, ինչպես նաև հովանավորների միջոցներով որոշակի հարցեր լուծվել են առանձին:
Գիլոյանը կարծիք հայտնեց, որ «Վարչապետի գավաթ»-ի շրջանակներում անցկացվող մրցաշարերը նպաստում են երկրում սպորտի մասսայականացմանը:
«Վստահ եմ, որ կգա մի օր, երբ մենք պատկառելի մրցանակային հիմնադրամով միջազգային կարգի այսպիսի սիրողական մրցաշարեր կանցկացնենք: «Վարչապետի գավաթ» մրցաշարի անցկացման նպատակը Հանրապետությունում առողջ ապրելակերպի մասսայականացումն է, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությունը»,- եզրափակեց Կարեն Գիլոյանը:
1-ին տարիքային խմբի ներկայացուցիչների համար (2005-2007 թթ. ծնված դպրոցականներ) մրցաշարը մեկնարկեց Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն հարող տարածքից, իսկ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբի ներկայացուցիչները մրցավազքը սկսեցին Փարաքարի համայնքապետարանին հարող տարածքից: