«215 մլրդ դրամի նոր վարկային բեռ են դրել գյուղացու վրա. ընդդիմադիր Նիկոլը կասեր՝ ցը՛մփ». Սարգիս Սեդրակյան
2023թ. պետբյուջեի նախագծի հիմքում դրվել է նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Ասում են՝ այդ աճը պետք է ապահովվի բոլոր ոլորտներում նախատեսվող աճի հաշվին, այդ թվում՝ շարունակ անկում ապրող գյուղատնտեսության:
«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ, գյուղատնտեսության մասնագետ Սարգիս Սեդրակյանը, սակայն, հույսեր չի կապում այս իշխանությունների հետ, վստահ է՝ ոլորտում էական փոփոխություններ և սպասվող աճեր չեն լինելու գալիք տարում:
«Փաշինյանի իշխանության տարիներին մեր երկրի գյուղատնտեսության զարգացման և գյուղացուն աջակցելու նպատակներով պետբյուջեից հսկայական գումար է ծախսվել, սակայն դրա մեծ մասն օգտագործվել է ոչ նպատակային և անարդյունավետ: «Թավշյա հեղափոխության» օրերին հեղափոխական Փաշինյանն անխնա քննադատում էր նախկին իշխանությունների իրականացրած սխալ ագրարային քաղաքականությունը, մասնավորապես՝ նշելով, որ բազմաթիվ մշակելի հողեր են դեգրադացվել (մշակելի հողերի կեսից ավելին դարձել է անմշակ): Նա գյուղացիներին և ոլորտի մասնագետներին խոստանում էր իրականացնել հեղափոխություն գյուղատնտեսության բնագավառում:
Սակայն, որոշ ժամանակ անց գյուղացիների և ոլորտի մասնագետների սպասելիքները չարդարացան, և նրանք հասկացան, որ դրանք ընդամենը գյուղացուն սիրաշահելու համար, լոկ դատարկ, պոպուլիստական խոսքեր էին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սարգիս Սեդրակյանը՝ նկատելով, որ իշխանությունը վերցնելուց հետո Փաշինյանը միջոցներ չի ձեռնարկել անմշակ գյուղատնտեսական հողերը մշակելի դարձնելու ուղղությամբ, այլ, ընդհակառակը՝ նրա իշխանության այս տարիներին պակասել են ցանքատարածությունները:
Գյուղատնտեսը դրական գնահատեց միայն 2019 թ.-ից գործող գյուղացիական մանր վարկերի սուբսիդավորման ծրագիրը, որը կառավարությունը որոշել է դադարեցնել, քանի որ չի կարողանում ճիշտ վերահսկել:
«Կառավարությունը 4 տարի պետբյուջեից 23,5 մլդ դրամ է ծախսել, գյուղերում ծրագրեր է իրականացրել, սակայն նոր է միայն հասկացել, որ գյուղատնտեսական վարկերը չեն ծառայել իրենց նպատակին, փոշիացվել են, այդ վարկերի սուբսիդավորման ծրագրերի համար չկան արդյունավետ վերահսկող մեխանիզմներ, և այդ պատճառաբանությամբ էլ որոշել է հաջորդ տարվանից դադարեցնել գյուղատնտեսական ընդհանուր բնույթի վարկերի սուբսիդավորումը: Այստեղ ընդդիմադիր Նիկոլը կասեր՝ ցը՛մփ. պարզվում է, բյուջեից հսկայական գումար է ծախսվել, բայց այդ ծրագրի ոչ մի նպատակ չի իրականացրել, ու դրա համար ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
Այդ վարկերի սուբսիդավորման միջոցով, գյուղատնտեսությանը օժանդակելու փոխարեն, շատ դեպքերում, գյուղացուն ներքաշել են վարկային ծանր բեռի տակ: Միայն այդ ծրագրով 214-215 մլրդ դրամի նոր վարկային բեռ են դրել գյուղացու վրա: Պատկերացնո՞ւմ եք, կառավարությունում տեղյակ չեն, թե անգամ ո՞ւր են գնացել այդ գումարները»,- մանրամասնեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը:
Ի դեպ, Սարգիս Սեդրակյանը նաև տեղեկացրեց, որ վերջերս Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացրել էկոնոմիկայի նախարարությունում և պարզել՝ պետական աջակցության ծրագրով սուբսիդավորվող վարկերը նախատեսվածից բարձր տոկոսադրույքով է տրամադրել ֆերմերներին:
«Օրինակ, խաղողի ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրով սուբսիդավորումը պետք է իրականացներ այնպիսի չափաքանակով, որ վարկերը շահառուներին տրամադրվեին 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և կոոպերատիվներին՝ 0 %, սակայն 110 վարկերից 3-ի սուբսիդավորումն իրականացվել է այնպիսի չափաքանակով, որ վարկերը շահառուներին տրամադրվել են 5 տոկոս տոկոսադրույքով՝ նախատեսված 2 տոկոսի փոխարեն։ Նախարարությունում չի կատարվել ներքին աուդիտ»,- ամփոփեց գյուղատնտեսության մասնագետը: