
ԵՄ-ում բոլոր տեսակի էլեկտրոնային սարքավորումները կլիցքավորվեն միատեսակ լիցքավորիչով

Եվրոպական Միության նախարարների խորհուրդը հաստատել է բոլոր էլեկտրոնային սարքերի համար մեկ լիցքավորիչի մասին օրինագիծը։
Այս մասին հաղորդում է Եվրոպական խորհրդի կայքը:
ԵՄ-ն կարծում է, որ դա կօգնի նվազեցնել թափոնները և խնայել սպառողների գումարները:
«Մենք բոլորս տանն ունենք բջջային հեռախոսի առնվազն երեք լիցքավորիչ: Տանը կամ աշխատավայրում ճիշտ լիցքավորիչը փնտրելը կարող է բավականին բարկացնել: Տարեկան շուրջ 11 հազար տոննա լիցքավորիչ թափոնի է վերածվում: USB-C-ն կհամապատասխանի բազմաթիվ սարքերի, թույլ կտա խնայել գումար և ժամանակ, ինչպես նաև կօգնի մեզ նվազեցնել էլեկտրոնային թափոնները»,- նշել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յոզեֆ Սիկելան:
Նոր կանոնները պարտադիր կդարձնեն USB-C ստանդարտը սպառողական էլեկտրոնային սարքերի մեծ մասի համար՝ սմարթֆոններ, պլանշետներ, էլեկտրոնային ընթերցիչներ, խաղային կոնսուլներ, թվային տեսախցիկներ, ականջակալներ, շարժական բարձրախոսներ, անլար մկնիկներ և ստեղնաշարեր: Բացի այդ, բոլոր նոթբուքերը նույնպես կենթարկվեն նոր կանոններին օրինագծի ուժի մեջ մտնելուց 40 ամիս հետո։
Նոր օրենքի նորմերը կսկսեն գործել 2024 թվականից։
Եվրոպական հանձնաժողովը 2021 թվականի սեպտեմբերին առաջարկել էր USB-C-ն դարձնել սպառողական էլեկտրոնիկայի միասնական լիցքավորման պորտ, իսկ 2022 թվականի հունիսին Եվրախորհրդարանը հաստատել էր որոշումը: