Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ֆինանսների նախարարության գանձապետարանում ունենալ դեպոզիտ հաշիվ
Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ֆինանսների նախարարության գանձապետարանում ունենալ դեպոզիտ հաշիվ: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Նախարարի տեղակալի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին դեպոզիտ հաշիվ չունի:
«Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում դեպոզիտ հաշիվ, որում կուտակվող միջոցները տնօրինվում են Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից»,- ասաց Սարգսյանը։
Հաջորդ փոփոխությունը միտված է պաշտոնի նշանակման հետ կապված անհստակությունները շտկելուն:
«Հիմնականում մրցութային հիմքով են նշանակվել պաշտոնները: Բացի տեղակալից՝ մնացած բոլոր պաշտոնները կրկին մրցութային տարբերակով նշանակում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Տեղակալներին նշանակում է վարչապետը: Օրենքում կար անհստակություն առ այն, որ եթե տեղակալները հրաժարականի դիմում են ներկայացնում, ապա այն ուղարկում են Կառավարություն, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ նշանակման, թե՛ ազատման լիազորությունը վերապահված է վարչապետին, այստեղ կար որոշակի անհստակություն: Ըստ այդմ՝ նախագիծը միտված է այդ անհստակությունը շտկելուն»,- նշեց Սարգսյանը: