Կյանքի բոլոր ոլորտներում կանանց ակտիվ ներգրավվածությունը առանցքային հարց է․ նախարար
«Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 25-ին Երևանում անցկացվեց համաժողով։
Համաժողովին քննարկվեց մայրության պաշտպանության, սոցիալական պաշտպանության, ընտանեկան պարտականություններ ունեցող աշխատողների աշխատանքային միջավայրի և չվարձատրվող խնամքի տնտեսության հնարավորություններն ու բացերը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտեց, որ հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց ակտիվ ներգրավվածությունը, որոշումների կայացման գործընթացում նրանց հավասար մասնակցության ապահովումն ու գենդերային հավասարության խթանումն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող քաղաքականության առանցքային հիմնահարցերից է։
«Կանանց տնտեսական հզորացումը, նրանց ներուժի բացահայտումն ու մասնագիտական կարողությունների զարգացումը ևս նախարարության առաջնահերթություններից են։ Այս համատեքստում բարձր ենք գնահատում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ Կանանց աքսելերատոր ծրագրի դերը՝ ձեռներեցությունը խթանելու, միջին և փոքր բիզնեսներին աջակցելու տեսանկյունից։ Այն իրականացվում է Հանրապետության մի շարք մարզերում՝ էկոհամակարգի մակարդակում նորարար աջակցության մեխանիզմների շնորհիվ տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում կանանց ձեռնարկատիրությունն ու զբաղվածությունը խթանելու նպատակով։ Վերջիններս հնարավորություն են ընձեռում քարտեզագրել էկոհամակարգի տարբեր դերակատարների կարողություններն ու ռազմավարական նպատակները, ինչպես նաև մշակել և ներդնել ձեռնարկատիրության ու զբաղվածության խթանման արդյունավետ մոդելներ, գնահատման համակարգեր, տրամադրել հետազոտական տվյալներ՝ տվյալահեն քաղաքականություն մշակելու համար», նշեց Մկրտչյանը։
Նախարարի խոսքով՝ թրաֆիքինգի և շահագործման, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաներին աջակցություն տրամադրելու գործառույթը ևս նախարարության ուշադրության կենտրոնում է։
Պետության համաֆինանսավորմամբ՝ հանրապետության բոլոր մարզերում շարունակում են գործել ընտանեկան բռնության զոհերի աջակցության կենտրոններ և ապաստարաններ։ Նախարարության կողմից պատվիրակված ծառայությունների շրջանակում՝ շահառուներին տրամադրվում են սոցիալ-հոգեբանական, վերականգնողական ծառայություններ, կացարան, բժշկական օգնություն, իրավաբանական աջակցություն և այլն։