Վաղը կարևոր օր է Կարեն Անդրեասյանի համար, իսկ Աննա Վարդապետյանը հերթական անգամ հասավ իր նպատակին

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի համար վաղը կարևոր օր է։

168.amի տեղեկություններով` նա Խորհրդի շենքում հանդիպելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` քրեական գործեր քննող դատաավորների հետ։

Ըստ էության իր պաշտոնավարման բուռն սկզբից հետո սա Կարեն Անդրեասյանի համար իր լիազորություններից բխող առաջին հանդիպումը պետք է լինի։

Երկրում ակնկալվում են ոչ պակաս բուռն իրադարձություններ, քաղաքական գործընթացներ ու հուզումներ, և դրանց է պատրաստվում իրավապահ համակարգը։ Իսկ դատական իշխանությունն այս օղակում կարևորագույն գործառույթ ունի։

Կարդացեք նաև

Նման հանդիպումները նորություն չեն ԲԴԽ ղեկավարության համար։ Գագիկ Ջհանգիրյանը ևս կազմակերպում էր դատավորների հետ քննարկումներ, տարատեսակ խոստումներ տալիս նրանց` այդպիսով դարձնելով կառավարելի։ Միայն թե Ջհանգիրյանն ինքն էր գնում դատարաններ, իսկ Կարեն Անդրեասյանը խուսափում է ավելորդ անգամ շենքից դուրս գալ։

Իսկ եթե իրականություն դառնա այսօր մամուլում տեղ գտած տեղեկությունը, թե Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը հետ է վերցրել զինդատախազ դառնալու հայտը և գործուղվում է ԲԴԽ՝ Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականից հետո իրավաբան-գիտնականի թափուր հաստիքը համալրելու համար, ապա պետք է արձանագրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հերթական հաղթանակը։

168.am-ն ավելի վաղ գրել էր, որ նա ամեն կերպ ընդդիմացել է Հայկ Գրիգորյանի նշանակմանը, սակայն, քանի որ վերջինիս անգործ չթողնելու քաղաքական որոշում է եղել, չի կարողացել հասնել իր նպատակին։

Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականն ամեն ինչ իր տեղը դրեց. և՛ գայլերն են կուշտ, և՛ ոչխարներն են գոհ։

Տեսանյութեր

Լրահոս