Բաքվի և Երեւանի միջև համաձայնագրի ստորագրումը խաղաղության երաշխիք է ողջ Հարավային Կովկասում․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է Բաքվի, Երևանի և Թբիլիսիի միջեւ քաղաքական խորհրդակցությունների եռակողմ ձեւաչափի ակտիվացման պատրաստակամության մասին, հայտնում է Նովոստի Վրաստանը։
«Այսօր մենք նույնպես հնարավորություն ունենք խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ։ Եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք պատրաստ կլինենք այսօր սկսել այդ ձեւաչափը»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հեռտո կայացած մամուլի ասուլիսում ասել է Ալիեւը։
Ընդ որում Ադրբեջանի նախագահը կարծում է, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը համարվում է խաղաղության երաշխիք ինչպես ողջ Հարավային Կովկասում, այնպես էլ համագործակցության նոր հնարավորությունների պատուհան։
«Ղարաբաղյան պատերազմից հետո նոր իրավիճակ է ձեւավորվել… Մենք կարծում ենք, որ այս հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագրի ստորագրում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Մենք արդեն Հայաստանի հետ կիսվել ենք հինգ հիմնական սկզբունքներով, եւ հուսով ենք, որ Հայաստանը քաղաքական կամք կցուցաբերի, կսկսի խաղաղ բանակցությունները եւ խաղաղության պայմանագիր կստորագրի Ադրբեջանի հետ»,- ասել է Ալիեւը։