Բաժիններ՝

«Մամ ջան, եթե ես պետք է գնամ հանուն հայրենիքի զոհվեմ, պատրաստ եմ․․․»․ 19-ամյա Արեն Մալաքյանը զոհվել է Սոթքում

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամու կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցավ 200-ից ավելի զոհ, նրանցից մեկն էլ ժամկետային զինծառայող, 19-ամյա Արեն Մալաքյանն էր։

Արենը ծնվել էր 2003 թվականի հունվարի 12-ին՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում։ Նախքան դպրոցն ավարտելը բազմաթիվ խմբակների էր հաճախել, այդ թվում՝ սպորտի։ Յուրահատուկ սեր ուներ նկարչության հանդեպ։ 2021 թվականին բարձր միավորներով անվճար ընդունվել էր Վանաձորի պետական համալսարանի կերպարվեստի բաժին, սակայն չէր հասցրել սովորել, միանգամից մեկնել էր ծառայության։

«44-օրյա պատերազմի հերոսներին էր նկարում՝ դիմանկարներ, հիմա դպրոցի պատին փակցված են տղաների նկարները։ Նաև պատվերների էջ ուներ, նկար էին պատվիրում, լինում էր, որ նկարում էր, բայց չգիտեր, որ զոհված է։ Երբ նկարը տանում էր հանձնում պատվիրատուին, վերադառնում, ասում էր՝ մամ ջան, զոհվածի եմ նկարել, ո՞նց եմ ես կարողացել նկարեմ, ասում էր՝ մամ ջան, գումարը չեմ վերցրել։ Ինքը գումարի համար չէր նկարում, շատը՝ սիրողական, քանի որ ինքնուս էր։ Չնայած, որ լավ էր նկարում ու անվճար ընդունվել էր համալսարան, չէր ուզում, որ իրեն որպես նկարիչ ճանաչեն, ասում էր՝ թող ինձ ճանաչեն ուժեղ, լավ մարդ, ոչ թե նկարիչ․․․»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Արեն Մալաքյանի մայրը՝ Քրիստինե Հախվերդյանը։

Կարդացեք նաև

Տիկին Քրիստինեն հիշեց, թե ինչ ոգևորվածությամբ Արենը մեկնեց ծառայության․

«Համալսարանի քննության համար իր պավեստկան ուշացնում էին, չեք պատկերացնի, թե ոնց էր նեղվում, ասում էր՝ բոլորը գնացին, ես մնացի։ Ասում էի՝ Արեն ջան, մարդիկ պատճառ են ման գալիս, որ չգնան բանակ կամ ուշ գնան․․․ Ասեց՝ մամ ջան, չէ՛, եթե ես պետք է գնամ հանուն հայրենիքի զոհվեմ, ես պատրաստ եմ․․․»։

Արենը 2021 թվականի ամռանը զորակոչվեց։ Ծառայում էր Գեղարքունիքի մարզում՝ Սոթքում։ Տիկին Քրիստինեն ասաց, որ ծառայության ընթացքում հայրենիքի, բանակի, ծառայության հանդեպ որդու ունեցած սերը կրկնապատկվել էր, և յուրաքանչյուր արձակուրդի ժամանակ ոգևորությամբ էր խոսում ծառայության մասին․

«Արենս մի անգամ 10 օրով է արձակուրդ եկել, 3 անգամ՝ խրախուսանքով, մի անգամ էլ՝ 1 օրով։ Արենս ամեն գիշեր պետք է զանգեր ու մեզ բարի գիշեր ասեր, պոստերում լիներ, թե ներքևում, դա պարտադիր էր։ Զանգում էր, բարձրախոսը միացնում էի, որ տան բոլոր անդամները լսեին, ու կողքից խոսում էինք։ Մի տարի երկու ամիս ծառայել է, ու այդպիսի օր չի եղել, որ չզանգի, բարի գիշեր չասի։ Միշտ ուրախ, տրամադրությունը բարձր։

Դեպքից 20 օր առաջ էինք գնացել Արենիս մոտ, հաջորդ օրը պետք է դիրքեր բարձրանար։ 14 օր դիքերում մնալուց հետո իջան, ու 2-3 օր հետո էս դեպքը եղավ․․․»։

19-ամյա Արենը վերջին անգամ տանեցիների հետ խոսել էր սեպտեմբերի 12-ի երեկոյան, ժամը 22։30-ի սահմաններում, որից 2 ժամ չանցած թշնամին հարվածներ հասցրեց հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ, այդ թվում՝ Սոթքի զորամասին․

«Խեղճ երեխեքը քնած են եղել․․․ Ամեն անգամ այդ 14 օրը, որ Արենս պոստ էր բարձրանում, մենք անքուն գիշերներ էինք անցկացնում մինչև իջներ։ Որ զորամասում էր լինում, մի քիչ հանգիստ էինք, բայց արի ու տես, որ դեպքը հենց զորամասում եղավ։ Արենս ոչ մի քերծվածք, կոտրվածք չի ունեցել, հարվածը գլխին է եղել, կյանքը փրկել չի հաջողվել։ Մեզ տանջում ենք՝ մի աննշան էս կողմ թեքվեր, էն կողմ թեքվեր՝ կփրկվեր․․․ Արդեն 40 օր է՝ մղկտում ենք, բայց դեռ չենք հավատում»։

Տիկին Քրիստինեն արցունքն աչքերին հիշեց որդու հետ ունեցած խոսակցություններից մի դրվագ․ Արենը շատ էր սիրում իր ծննդյան օրը նշել և պլանավորում էր, թե ինչպես պետք է տոներ 20-ամյակը․

«Խեղճ երեխես ինչքան էր 20-ամյակին սպասում։ Ասում էր՝ մամ ջան, որ չկարողանամ գալ, դուք կգաք մոտս։ Ինքն ահավոր շատ էր սիրում ամեն մի տոնը, չափից շատ ուրախ մարդ էր։ Արենիս մասին ինչ էլ ասեմ՝ քիչ է, երանի ձեզ, որ չեք ճանաչել։ Բոլորն էլ Արեններ են, էնպես չի, որ իմ Արենին առանձնացնում եմ, բայց ինքն իրոք յուրահատուկ էր․․․

Մյուս տղաս՝ Տիգրանս, 15 տարեկան է, մեկ-մեկ շփոթում ենք, ասում ենք՝ Արեն, ասում է՝ մամ ջան, մի նեղվեք, կարող եք անունս էլ փոխեք Արեն, մենակ թե դուք չնեղվեք։ Այնքան սիրով, համերաշխ ախպերներ էին, բայց․․․»։

Տիկին Քրիստինեն հիշեց որդու՝ արձակուրդից տուն գալու դրվագները՝ ժպիտը դեմքին, ձեռքին էլ մոր սիրելի դեղին վարդերը։ Գիտակցումը, որ այդ ամենը էլ երբեք չի կրկնվելու՝ հազարապատկում է որդեկորույս մոր ցավը․

«Արձակուրդին պարտադիր 3 ծաղկեփնջով էր գալիս։ Նախ գնում էր պապիկի գերեզման, ծաղիկ դնում նրա շիրիմին, հետո արդեն գալիս էր տուն՝ ձեռքին իմ ու տատիկի համար ծաղկեփնջեր։ Ինձ համար պարտադիր դեղին վարդեր էր բերում, գիտեր, որ շատ էի սիրում․․․

Երկու օր առաջ Արենիս ծառայակից ընկերը, որ վիրավորվել էր ու հոսպիտալում էր, դուրս էր գրվել ու այդ վիճակում եկավ մեր տուն՝ դեղին վարդերը ձեռքին։ Ասաց՝ Արենի ուզած ծաղիկներն եմ բերել․․․

Այս տղան ու Արենս մի անգամ միասին են արձակուրդ եկել, ու Արենս ամբողջ Վանաձորում դեղին վարդեր էր ման եկել, տաքսին այս ծաղկի սրահից այն ծաղկի սրահն է քշել տվել, որ գտնի, դա տպավորվել էր այս տղայի մոտ։

Արենիս դեպքից հետո ես ատում եմ դեղին վարդերը, ինչքան սիրել եմ, հիմա նույնքան ատում եմ, որովհետև պետք է Արենս բերեր դեղին վարդեր։ Ես էլի տղա ունեմ, ամուսինս էլ միշտ դեղին վարդեր է բերել, բայց հիմա ատում եմ այդ ծաղիկները․․․»։

Զոհված զինծառայողի մայրն ասաց, որ որդին նպատակ ուներ զորացրվելուց հետո համալսարանում սովորելուն զուգահեռ՝ նաև դաջվածքի սրահ բացել․․․

Արեն Մալաքյանը հուղարկավորվել է Մարգահովիտ գյուղի գերեզմանատանը․

«Մեզ առաջարկեցին Վանաձորի պանթեոնում կամ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորել, բայց չուզեցինք։ Արենս իր պապիկի կողքին է հուղարկավորվել․․․»։

Տիկին Քրիստինեն ասաց, որ Արենը չափազանց շատ էր սիրում լուսանկարվել, և հիմա որդու մասին հիշողություններից բացի՝ մնացել են նրա լուսանկարները և զինվորական համազգեստը, որը զոհվելուց օրեր անց են փոխանցել ընտանիքին։

Տեսանյութեր

Լրահոս