«Եվ մի պայծառ օր կարող ենք հայտնաբերել, որ Հայաստանում ավելի շատ թուրք եւ ադրբեջանցի ՀՀ քաղաքացիներ են ապրում, քան հայեր, որոնք ունեն նաեւ ընտրելու եւ հող ձեռք բերելու իրավունք». Ձյունիկ Աղաջանյան. «Հրապարակ»
«ԵԽԽՎ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների հայտարարությունները կարող են լինել քաղաքական գործիքներ այդ երկրի դիվանագետների ձեռքում, սակայն դրանք որպես պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ չեն կարող դիտարկվել։ Դա է պատճառը, որ հայկական դիվանագիտությունը միջազգային կազմակերպություններում փորձել է ստանալ ոչ թե հայտարարություններ, այլ որոշումներ ու բանաձեւեր, որոնք ավելի շատ իրավաբանական ուժ ունեն, քան հայտարարությունները»,- մեզ հետ զրույցում ասում է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ում 2021 թ. հուլիսին հետ կանչեցին Ինդոնեզիայում, Մալայզիայում եւ Սինգապուրում ՀՀ դեսպանի պաշտոնից։
Դիվանագետը շեշտում է, որ չնայած արեւմտյան երկրներն իրենց հայտարարություններում կոչ են անում ադրբեջանական իշխանություններին՝ զորքերը դուրս բերել ելման կետեր, սակայն ադրբեջանական կողմի պահվածքից հասկանալի է, որ նրանք ոչ միայն չեն պատրաստվում հետ գնալ, այլեւ հակառակը՝ նոր գործողությունների են պատրաստվում՝ լրացուցիչ տարածքներ գրավելու նկրտումով։ «Իմ այս թեզը կարծես հավաստիացում է ստանում, կարծեմ երեկ՝ գործող իշխանության ղեկավարի թվիթերյան գրառումը, որ մեզ պետք է մշտական առաքելություն՝ անվտանգությունը պահելու համար։ Տասնամյակներ շարունակ այս տարածաշրջան փորձ է արվել խաղաղապահներ բերել, մասնավորապես արեւմտյան ուժերի ներկայությանը դեմ է եղել Ռուսաստանը՝ հաշվի առնելով, որ դա կարող է մեծ լարվածություն առաջացնել՝ արդեն իսկ տարաձայնություններ ունեցող տարածաշրջանային երկրների միջեւ, մենք տեսնում ենք Իրանի արձագանքը… Եվ ես չեմ զարմանա, որ այդ 40 դիտորդները պարզ, սովորական քաղաքացիական անձինք չլինեն։ Նրանք լինում են կա՛մ նախկին զինվորականներ, կա՛մ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։ Դրա ակնհայտ վկայությունն Ուկրաինայում դիտորդական առաքելության վերաբերյալ ի հայտ եկած փաստերն են, որ նրանք հետախուզական տեղեկատվություն են փոխանցել, որն իրենց իրավասություններից դուրս էր։ Այս առումով մենք մտածելու շատ բան ունենք, որովհետեւ կստացվի, որ Հայաստանը վերածվում է մի հարթակի, որտեղ տարբեր ռազմաքաղաքական ուժեր փորձելու են իրենց ազդեցության համար պայքարել»,- նշում է Աղաջանյանը։
Եթե Հայաստանում միջազգային խաղաղապահ առաքելություն տեղակայվի, հաջորդ պահանջը լինելու է ռուսական զորակազմի հեռացումը Հայաստանից։
«Մենք արդեն թուրքական յաթաղանի առաջ ենք, եւ դրա միակ զսպիչ գործոնն այստեղ ռուսական ներկայությունն է…»,- նկատեց դիվանագետը։ Ինչ վերաբերում է նոր նախագծին՝ 150 հազար ԱՄՆ դոլար ներդրման պարագայում ՀՀ քաղաքացիություն տալուն, ապա դրանից կարող են օգտվել տարբեր երկրների քաղաքացիություն ունեցող ադրբեջանցիներն ու քրդերը, ու մի քանի տարի հետո Հայաստանում դեմոգրաֆիական լուրջ փոփոխություններ կարող են լինել։ «Եվ մի պայծառ օր կարող ենք հայտնաբերել, որ Հայաստանում ավելի շատ թուրք եւ ադրբեջանցի ՀՀ քաղաքացիներ են ապրում, քան հայեր, որոնք ունեն նաեւ ընտրելու եւ հող ձեռք բերելու իրավունք։ Եվ մի օր էլ կարող ենք հայտնաբերել, որ հայերն իրենց հայրենիքում դարձել են էթնիկ փոքրամասնություն»,- շեշտեց Աղաջանյանը։