Նորվեգիան աջակցում է ՀՀ սուվերենությանը և տարածքային ամբողջականությանը. Նորվեգիայի ԱԳ նախարարը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի գլխավորած պատվիրակությանը:

Նիկոլ Փաշինյանը  կարևորել է նախարար Հյութֆիլդտի այցը Հայաստան, ինչը նոր ազդակ կհաղորդի հայ-նորվեգական քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նորվեգական կողմի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հստակ ու հասցեական դիրքորոշման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն իսկ գտնվում է Հայաստանում, քննարկման փուլում է նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելության՝ մեր երկիր գործուղելու հարցը:

«Փաշինյանը մանրամասն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ԼՂ մեր հայրենակիցների իրավունքների և անվտանգության պաշտպանության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Նորվեգիայի ԱԳ նախարարն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանի սուվերենությանն ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման բարեփոխումների օրակարգին:

Աննիկեն Հյութֆիլդտն իր տպավորություններն է ներկայացրել Հայաստան այցից և խոսել ՀՀ ԱԳ նախարարի հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին՝ դրանք գնահատելով արդյունավետ և օգտակար: Նա հույս է հայտնել, որ հայ-նորվեգական կապերը նոր առաջընթաց կարձանագրեն ու կամրապնդվեն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս