«Հայաստանը պայթեցնելու են ներսից. 150.000 դոլարով թուրքն ու ադրբեջանցին քաղաքացիություն ստանալով՝ հեղաշրջում կարող են անել». Նաիրի Սարգսյան

Օրերս շրջանառության մեջ է դրվել ՀՀ Կառավարության որոշման նախագիծը, որով սահմանվել են այն չափանիշները, ըստ որոնց, Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտաերկրացիները՝ անկախ ազգային, էթնիկ պատկանելությունից, կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ 150 հազար ԱՄՆ դոլար Հայաստանում ներդնելու համար։ Խոսքը վերաբերում է մասնավորապես e-draft.am կայքում հրապարակված և այս պահին 96 % դեմ, 4% կողմ ձայների հարաբերակցությանն արժանացած մի նախագծի, որով օտարերկրացին կարող է Հայաստանի քաղաքացի դառնալ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի, այսինքն՝ բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում, պետական պարտատոմսերի ձեռքբերման, անշարժ գույքի, որևէ ներդրումային ֆոնդում 150 հազար ԱՄՆ դոլար ներդնելու դիմաց։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն իշխանության այս նախաձեռնությունը համարեց ական՝ դրված Հայաստանի պետականության տակ, և ներկայացրեց օտարերկրացուն ՀՀ-ում 150 հազար ԱՄՆ դոլարի դիմաց քաղաքացիություն տալու լրջագույն ռիսկերը։

«Այդ վտանգները ներկայացնելու համար բերեմ Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակը, որտեղ ապրում է 10 միլիոն մարդ, որից միայն 900 հազարն է ԱՄԷ քաղաքացի, այսինքն՝ այդ պետությունը չի տալիս օտարերկրացուն քաղաքացիություն, տալիս է ընդամենը կացության և այլ իրավունքներից օգտվելու հնարավորություն, որովհետև օտարերկրացիները թվաքանակով շատ լինելու դեպքում կարող են մի օր դուրս գալ փողոց և պայքարել քաղաքացիություն ստանալու համար։

Հիմա ի՞նչ է անում Հայաստանի այս իշխանությունը. դա հասկանալու համար պետք է հասկանանք, թե, օրինակ, Հայաստանում հեղաշրջում անելու համար ինչ կրիտիկական զանգված է պետք. օրինակ՝ ընդունենք 300 հազար մարդ։

Կարդացեք նաև

Ստացվում է՝ 300 հազար մարդ եթե դուրս գա փողոց, իսկ այս դեպքում՝ ՀՀ քաղաքացիություն ստացած թուրքեր և ադրբեջանցիներ, ապա նրանք իրենց փողոցային ըմբոստությամբ կարող են իշխանափոխություն կամ հեղաշրջում իրականացնել, իսկ նման զարգացման դեպքում Հայաստանում կունենանք Թուրքիայի և Ադրբեջանի լեգիտիմ իշխանություն և հանրապետություն»,- խոսելով պետությանը սպառնացող վտանգների մասին՝ մանրամասնեց Սարգսյանը։

Ըստ նրա՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացին շահագրգռված չէ Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցում, դա նրան ոչինչ չի տալու, հետևապես, նրանց նման հնարավորություն տալը մի դեպքում դառնալու է միջոց՝ Հայաստանից այլ երկիր գնալու և վիզա ստանալու, մյուս դեպքում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հեռահար երազանքն իրականացնելու։

«Այդ երկու պետություններն ունեն մեծ Թուրքիա ստեղծելու նպատակ. այդ նպատակին են ծառայում այդ երկրների բոլոր իշխանությունները, ուստի, հիմա Թուրքիան կարող է ֆինանսավորել իր երկրի քաղաքացիներին, որ գան Հայաստան, 150 հազար դոլար ներդրում անեն ու դառնան ՀՀ քաղաքացի, իսկ մի քանի տարի անց Հայաստանում իրականացնեն հեղաշրջում. ստացվում է՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներին 150 հազար դոլարով ՀՀ քաղաքացիություն տալով՝ Հայաստանը պայթեցնելու են ներսից»,- ասաց Աուդիտորների պալատի նախագահը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս