Բաժիններ՝

Քաղաքացիները խցկված չեն գնա. Մետրոյում ուղևորափոխադրումը թեթևացնելու համար քայլեր են ձեռնարկում

Քաղաքացիները բազմիցս են բարձրաձայնել մետրոյի շարժակազմերի վագոններն ավելացնելու հարցը, որպեսզի մարդիկ խցկված չգնան: Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ այս ուղղությամբ որևէ քայլ ձեռնարկվե՞լ է, վերջինը պատասխանեց.

«Առաջիկայում նախատեսվում է արդիականացնել և հիմնանորոգել թվով 2 շարժակազմ, որն արդեն կթեթևացնի ուղևորափոխադրումը: Ընդհանուր առմամբ ունենք 45 վագոն, շահագործվում է 29-ը: Հիմնանորոգման և արդիականացման աշխատանքներից հետո հնարավոր կլինի օրվա գերծանրաբեռնված ժամերին երթուղի դուրս բերել առավել տարողունակ գնացքներ»,- նշեց նա:

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ժամային գրաֆիկի առումով փոփոխություն լինելու է, Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակը նշեց, որ գրաֆիկը տարբեր ժամերին տարբեր է:

«Պիկ ժամերին ուղևորափոխադրումը թեթևացնելու համար 3-5 րոպե տարբերությամբ են գնացքները ժամանում»,- հավելեց Տաթև Խաչատրյանը:

Կարդացեք նաև

Նրա փոխանցմամբ՝ հոկտեմբերի 10-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում՝ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 536.711 ուղևորներ։ Գիծ են դուրս բերվել 2796 գնացքներ։ Փոխարինվել են 36 փայտակոճեր և 4 ռելսեր։ Իսկ հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում՝ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 519.248 ուղևորներ։ Փոխարինվել են 26 փայտակոճեր և 8 ռելսեր։

Հավելենք, որ մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը կմեկնարկի 2024թ.: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կառավարության հոկտեմբերի 13-ի նիստի ժամանակ հայտնել է, որ նախագծող ընկերության հետ պայմանագրերն արդեն կնքված են։Նրա խոսքով` նախնական հաշվետվությունն արդեն ներկայացվել է, դրա համար նախատեսված 545 մլն դրամը հաշվետվության քննարկումից հետո Երևանի քաղաքապետարանը կվճարի նախագծող ընկերությանը։

Իսկ ամբողջ նախագծի արժեքը 1 մլրդ 845 մլն դրամ է։

Տեսանյութեր

Լրահոս