«Սա ևս հստակ ուղերձ է՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կարող է Իրանի սահմաններից դուրս խնդիր լուծել». Իրանագետ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտնել է, որ պահապանների կորպուսի ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ են անցկացվելու Իրանի հյուսիսարևմտյան սահմանների մոտ՝ Արաքսի շրջանում։
Իրականում ի՞նչ նպատակ են հետապնդում իրանական զորավարժություններն Ադրբեջանի հետ սահմանին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Իրանն այդ սահմանին որոշ ժամանակ առաջ տեղակայել էր զորք։
168.am-ի հետ զրույցում իրանագետ Գարիկ Միսակյանը նախատեսվող զորավարժությունների նպատակներն այսպես մեկնաբանեց.
«Այս զորավարժությունը միանշանակ ունի ենթատեքստ, նախ՝ տարեկան պլանի համաձայն՝ այդ զորավարժությունները չեն անցկացվել անմիջապես Ադրբեջանի հետ սահմանային հատվածում։ Երկրորդը՝ իրանական զորքերը, նաև Իսլամական հեղափոխության պահապանների՝ ԻՀՊԿ ստորաբաժանումներն Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո տեղակայված լինելով տարածաշրջանում, հատկապես՝ Նախիջևանի հետ սահմանին, հետ չեն քաշվել։ Նաև նշվեց, որ ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերն են իրականացնելու զորավարժությունները, իսկ Իրանի ռազմական համակարգում ԻՀՊԿ ցամաքային զորքերը մասնագիտացված են և լիազորություն ունեն միայն Իրանի սահմաններից դուրս որևէ ռազմական գործողություն իրականացնելու համար։ Այսինքն՝ սա ևս հստակ ուղերձ է, որ ԻՀՊԿ-ն կարող է Իրանի սահմաններից դուրս խնդիր լուծել։
Երեկ իրանական սոցցանցային տիրույթում բավականին շատ հրապարակումներ կային, որ զորավարժությունները դեռ չսկսած և՛ Իրանի ինքնաթիռները՝ կործանիչները, թռիչքներ էին իրականացրել Ադրբեջանի հետ սահմանում, և՛ հատուկ գործողությունների համար մասնագիտացած խմբեր զրահատեխնիկա էին տեղափոխել այդ հատված՝ հավանաբար զորավարժությունների համար, միևնույն ժամանակ հավանաբար դրանով որոշակի մեսիջներ էին ուղարկում Ադրբեջանին»,- նշեց Գարիկ Միսակյանը։
Ինչ վերաբերում է հայ-իրանական զորավարժությունների հավանականությանը հայ-իրանական և իրանա-ադրբեջանական սահմանին և հարցին՝ արդյո՞ք իրանական կողմը շահագրգռված կլինի նման զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ, Գարիկ Միսակյանը նշեց, որ դժվար թե հայ-իրանական զորավարժություններ անցկացվեն իրանա-ադրբեջանական սահմանին, սակայն հայ-իրանական սահմանային հատվածում հնարավոր է համարում և՛ զորավարժություն, և՛ ռազմական համագործակցություն։
«Սա հնարավոր է, հատկապես, որ իրանական կողմը վերջին շրջանում գրեթե բոլոր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցելու համար իր ցանկության մասին բացահայտ հայտարարում է։ Այսինքն՝ Իրանում մեծ ցանկություն կա Հայաստանի հետ համագործակցության՝ տնտեսականից բացի, նաև այլ ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ու անվտանգության»,- եզրափակեց Գարիկ Միսակյանը։