«Մարդիկ չեն կարողանում բերքը հավաքել, ի՞նչ երաշխիք կա, որ հենց մտնենք դաշտ, թշնամին չի կրակի». Վերին Շորժայի ղեկավար
Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
Հայկական կողմը կորուստներ չունի:
168.am–ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանն ասաց, որ գյուղում կրակոցների ձայներ չեն լսել, գյուղում իրավիճակն այս պահին կայուն է։
«Իրավիճակը գյուղում նորմալ է, այնպես չէ, որ մեծ փոփոխություն կա։ Գյուղից 4 ընտանիք դեռ չի վերադարձել, մարդիկ անվտանգության երաշխիքներ են ուզում, որ վերադառնան իրենց տները, վախենում են։
Դպրոցում նորմալ դասապրոցեսն ընթանում է, մարդիկ իրենց բերքը հավաքել են, ինչ ցանել էին, հավաքել են, նկատի ունեմ՝ այդ աշխատանքներն ավարտել են»,- նշեց Նորաբակի վարչական ղեկավարը։
Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանի խոսքով՝ գյուղը թշնամու զբաղեցրած դիրքերին շատ մոտ է, հետևաբար, եթե կրակում է, կրակոցները գյուղում պարզ լսվում են։
«Գյուղի վարելահողերը թշնամուն շատ մոտ են, այսօր մարդիկ չեն կարողանում իրենց բերքը հավաքել, կարտոֆիլը հավաքել։ Բացի այդ, թշնամու հետ ո՞վ պայմանագիր ունի կապած՝ որ դուրս գա դաշտ, չի կրակի։ Ես էլ թշնամուն մոտ դաշտ ունեմ, ես էլ չեմ կարողանում գնամ, հիմա հանգիստ է, բայց ի՞նչ երաշխիք կա, որ հենց մտնենք դաշտ՝ չի կրակի։
Թող խաղաղություն լինի, ոչինչ, այս տարվա բերքն էլ չենք հավաքի, կմտածենք՝ ցրտահարվել է, կարկուտը տարել է, թե չէ այսպես մինչև ե՞րբ։ Կարող է, դուրս գանք դաշտ, սա էլ առիթ լինի, որ կրակեն։ Ճիշտ հասկացեք, չենք վախենում, ուղղակի չենք ուզում դաշտ դուրս գանք, որ կրակոցները չսկսվեն։
Ես ինչպե՞ս կարող եմ երաշխավորել, որ խաղաղ բնակիչները դուրս գան դաշտ, չեն կրակի»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ՝ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 28-ին ադրբեջանական կողմը կրկին հարձակվել էր Հայաստանի վրա, որի արդյունքում հայկական կողմն ունեցել է 3 զոհ։