2023 թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու տնային կալանքը և վարչական հսկողություն խափանման միջոցները. Արդարադատության նախարարություն
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի հեղինակավոր՝ իրավաբանների համար մարդու իրավունքների ուսուցման եվրոպական ծրագրի (HELP) շրջանակներում պրոբացիայի ծառայողների համար նախատեսված՝ «Կալանքին այլընտրանքային միջոցները» առցանց դասընթացի բացմանը նվիրված հանդիպմանը:
Փոխնախարար Սարգսյանն ընդգծել է, որ Պրոբացիայի ծառայության զարգացման ճանապարհին կարևոր նշանակություն ունի ծառայողների մասնագիտական պատրաստվածության մակարդակը, ինչը թույլ են տալիս ապահովել շարունակական և թիրախային վերապատրաստումները:
Սարգսյանն արձանագրել է, որ այն իրավաբանների համար, որոնք մարդու իրավունքների պաշտպանության «առաջնագծում են», բարձր որակի վերապատրաստումը պետք է արդյունավետ լինի, իսկ այս դասընթացը հենց միտված է դրան:
Փոխնախարարը նաև նշել է, որ 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված՝ տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցներին վերաբերող կարգավորումները: Այդ ուղղությամբ Արդարադատության նախարարությունը հսկայածավալ աշխատանք է իրականացրել՝ ձեռք բերելով էլեկտրոնային հսկողության համար անհրաժեշտ համակարգը: Դասընթացը կօգնի նաև հասկանալ այդ միջոցների նախատեսման անհրաժեշտությունը, դրանց կիրառման առանձնահատկությունները՝ ըստ Մարդու իրավունքների եվրապական դատարանի նախադեպային իրավունքի:
«Կալանքին այլընտրանքային միջոցները» դասընթացի դասախոս Դավիթ Մելքոնյանը նշել է, որ ծրագիրն ըստ էության միտված է վեր հանելու թեմային առնչվող բոլոր նրբությունները և պրոբացիայի ծառայողներին մատուցելու դրանք, որովհետև կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների ներդնումը՝ հատկապես այն կիրառող մարմինների համար, կարող է որոշ բարդություններ առաջացնել, ինչին պետք է պատրաստ լինել: