ՀԲԸՄ-ը պատրաստակամություն Է հայտնել աջակցելու Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծմանը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ։

Հանդիպումը նպատակ ուներ քննարկել Հայաստանում արբիտրաժի ոլորտի բարեփոխումները, ինչպես նաև նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման և այդ գործընթացին Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցության հետ կապված հարցերը։

Հանդիպման շրջանակներում Գրիգոր Մինասյանը ներկայացրել է Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման ծրագիրը` նշելով դրա նախապատմությունը, արդեն իսկ կատարված աշխատանքները և ծրագրված հաջորդիվ քայլերը։

Մինասյանը հատկապես նշել է, որ կենտրոնի ստեղծումը բխում է Հայաստանի դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից:

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը նույնպես կարևորել է Հայաստանում արբիտրաժի ոլորտի զարգացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ՀԲԸՄ-ն դեռևս 2019 թվականից մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այդ ուղղությամբ ընթացող գործընթացների հանդեպ։

Պերճ Սեդրակյանը, կարևորելով կատարված քայլերը, ընդգծել է նաև արբիտրաժի առնչությամբ օրենսդրական դաշտի բարեփոխման հարցը, կայացած արբիտրաժային կենտրոնի առկայության պարագայում այն հնարավորությունները, որոնք կարող են ստեղծվել Հայաստանի համար, ինչպես նաև հատուկ կարևորել ստեղծվող նոր կենտրոնի վստահելիության, անկախության, հեղինակության երաշխիքների ապահովման հարցը։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը երկուստեք կարևորել են համագործակցությունն այս հարցում՝ ընդգծելով Հայկական բարեգործական ընդհանուր միության սկզբունքային պատրաստակամությունը Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծմանն աջակցելու կապակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս