44-օրյա պատերազմի 277 մասնակից զրկվել է հաշմանդամության կարգից. «Փաստինֆո»
44-օրյա պատերազմի 277 մասնակից զրկվել է հաշմանամության կարգից։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունից տեղեկացրել են, որ 261 մասնակից, ովքեր ստացել էին հաշմանդամության 3-րդ կարգ, վերափորձաքննության ժամանակ զրկվել են կարգից, եւս 16 հոգի զրկվել են կարգից՝ մինչ այդ ունենալով հաշմանդամության երկրորդ կարգ։ Իսկ 128 հոգու հաշմանդամության կարգը 2-րդ-ից իջեցվել է 3-րդ:
Նշենք, որ 44-օրյայի ժամանակ հաշմանդամ դարձած տղաների հաշմանդամության կարգը տրվել է՝ հիմք ընդունելով 2003թ. հաստատված բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները:
Ինչպես «Փաստինֆո»-ին հաղորդել են աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունից, 2023 թվականի փետրվարի 1-ից արդեն անձի հաշմանդամության սահմանման գործընթացն իրականացվելու է այլ՝ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի միջոցով:
«Վերոգրյալի հիմքով՝ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման հավելվածով հաստատվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը, իսկ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» N 1177-Ն որոշման հավելվածով՝ հաստատվել անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները»,-նշված է նախարարության պատասխան գրության մեջ:
Այսինքն՝ հետայսու ևս հաշմանդամության կարգ սահմանելիս հաշվի չի առնվելու՝ շահառուն ռազմական գործողությունների ժամանա՞կ է հաշմանդամ դարձել, թե՞ այլ պայմաններում: Հաշմանդամության կարգ սահմանելու հիմքում բոլոր դեպքերում դրվելու են նույն չափորոշիչները:
«Անձի հաշմանդամության սահմանման չափորոշիչները բխում են հաշմանդամության սահմանումներից և դիտարկվում են անձի օրգանիզմի ֆունկցիաների, անձի գործունեության և մասնակցության սահմանափակումների համատեքստում և չեն կարող կախված լինել ռազմական գործողություններին մասնակցելու հանգամանքից»-ասված է նախարարության գրության մեջ:
Ինչպես նշված է 2023թ. փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող որոշման հավելվածում՝ անձի ֆունկցիոնալության գնահատման յուրաքանչյուր առանձին դեպքի համար ձևավորվելու է գնահատող նոր հանձնաժողով։ Գնահատող հանձնաժողովի անդամները պատահականության սկզբունքով էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով ընտրվելու են ֆունկցիոնալության գնահատման նպատակով ներգրավված մասնագետների ռեեստրից:
Համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» որոշման՝ անձի ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող ամբողջ փաստաթղթաշրջանառությունը 2023 թվականի փետրվարի 1-ը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով՝ «e-disability» էլեկտրոնային համակարգի օգնությամբ:
Վերջինիս նախագծումը նախատեսվում է ավարտել մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ մինչև 2023 թվականի հունվարի 10-ը՝ հասցնել ապահովել փորձնական կիրարկումը և ներդրումը։