Ումի՞ց է բողոքում Նիկոլ Փաշինյանը, կամ՝ ո՞վ է ԶՈՒ թիկունքի վարչության պետը

Սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝  անդրադառնալով հանրությանը հուզող թեմաներին, մասնավորապես, այն խոսակցություններին, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայից հետո զինվորներին բահեր են անհրաժեշտ, դիրքերը կահավորված չեն, ինժեներական աշխատանքներն արված չեն և այլն, Նիկոլ Փաշինյանը նշել էր.

«Երեկ Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն եմ հրավիրել, այն չի լուսաբանվել, որովհետև նպատակը եղել է մեկը, որովհետև ես գիտեմ, որ Հայաստանի բանակում ո՛չ քլունգի, ո՛չ բահի, ո՛չ շորի, ո՛չ կոշիկի, ո՛չ նույնիսկ տրակտորի խնդիր պետք է չլինի։

Փակ քննարկում էր, ես գնացել եմ, ասել եմ՝ խնդրում եմ ինձ ասեք, ինչն է խնդիրը, կա՞ այդ խնդիրը, թե՞ չկա։ Եվ արձանագրել ենք, որ այդ խնդիրը չկա։ Եվ ես ասել եմ, և էլի ասում եմ, որ այդ խնդիրը չկա։ Հսկայական ինժեներական աշխատանք է կատարվել այս ընթացքում»:

Փաշինյանը հայտնել էր նաև, որ հանձնարարել է ճշտել, թե փողոցներում բանակի համար հանգանակություններ հավաքողներն իրականում դրանք ո՞ւմ համար են հավաքում, քանի որ, ըստ նրա՝ նախկինում եղել են դեպքեր, որ հավաքված ապրանքը չի հասել բանակին։

Այս հարցազրույցից հետո փողոցներում հանգանակության դեպքերը նվազեցին, բայց սոցցանցային հարթակում շարունակվում են բուշլատի և զինվորին անհրաժեշտ այլ իրերի կամ դրանց ոչ պատշաճ լինելու մասին հրապարակումները։

Մասնավորապես, դիրքերում գտնվող դերասան Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր տարածել՝ գրելով․

«Սա իմ «բուշլատն»-ա, ստացել եմ ՊՆ-ից, սույն թվականի սեպտեմբերի 16-ին, 3 օր առանց դրա են եղել բոլորը` սկսած սեպտեմբերի 13 -ից, սարերում առանց բուշլատ ու սպալնիկ, 82 թվականի բուշլատ, արդեն 26 օր: Քնապարկերը ընկերներն են ուղարկել, զրահաբաճկոնները՝ նույնպես, ստացել եմ նաև զենք «փառք տիրոջը» և փամփուշտներ, ծիծաղելի քանակով, և համազգեստ, առանց զրահաբահաբաճկոն և  սաղավարտ։

ПК-ի զապաս ստվոլ չեմ ստացել նույնպես։ 10 օրից ավել` մեր ահռելի դիրքերում ՊՆ-ից, բանակային ոչ ոք նույնիսկ չի եկել տեսնի` ինչ կա-չկա, քնում են բոլորը դուրսը, առնետների, մկների և մնացյալ ֆլոռա-ֆաունայի հետ։

Ով չհասկացավ՝ մի անգամ էլ ասեմ, մենակ կամավորներ են, ՊՆ գոյություն չունի էստեղ։ Իսկ թշնամին գլխներիս վերևը արագացված տեմպերով կառուցումա նոր գրաված դիրքերը ու համալրում անձնակազմը:
Ոչ մի բանի պակաս չունենք, ինչը կենցաղային անհրաժեշտ է՝ ապահովել են մեր ընկերները և այլ սրտացավ մարդիկ։

ՊՆ-ն չի կարա էդքան հաց ու պանիր ուտի, որ մեր ընկերների նման օպերատիվ աշխատի։
Այսքանը նոր Հայաստանի պահած բանակի մասին։

Ամեն ինչ նկարածա, ամեն ինչ գրանցած, վերադառնամ, բոլորի անունները հրապարակելու եմ, սաղիդ գմփցնելու եմ, նենց, որ տուն չկարենաք մտնեք ամոթից։

Ամենավերևի հրամանատարությունից սկսած»:

Ինչպես հասկանալ սա՝ Նիկոլ Փաշինյա՞նն է ստում, թե՞ նրան են խաբել և ասել, թե ոչ մի բանի խնդիր չկա: Եթե նույնիսկ ընդունենք երկրորդ տարբերակը, ապա եթե երկրի ղեկավարին խաբում են, դա չի մեղմում նրա մեղավորությունը։

Ի վերջո, նման հայտարարություն անելուց առաջ նա կարող էր անձամբ գնալ դիրքեր և ծանոթանալ դիրքերի կահավորման խնդիրներին, և թե բանակի զինվորն ու սպան ինչ պայմաններում են մարտական հերթապահություն իրականացնում:

Եվ ոչ միայն նա, այլև նրան զեկուցող՝ տաք կաբինետներում նստած ԳՇ վարչության պետերը նույնպես:

Նշենք, որ ՀՀ ԶՈՒ թիկունքի գործող պետ-վարչության պետ գնդապետ Արամ Պողոսյանն այդ պաշտոնին նշանակվել է այս տարվա փետրվարին՝ փոխարինելով գեներալ-մայոր Ռոմիկ Մարգարյանին, ով ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԳՇ հայտարարության տակ:

Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով՝ Արամ Պողոսյանը Սյունիքի նախկին մարզպետ, այժմ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի բարեկամն է։

Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանը, որ բողոքում է զինված ուժերից, չպետք է մոռանա, որ այնտեղ նրանցից շատերին հենց ինքն է ընտրել:

Իսկ ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության խնդիրներից մեկը ՀՀ ԶՈՒ թիկունքի ենթակա զորամասերում և կազմակերպություններում սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների պահպանման կազմակերպումն է:

Տեսանյութեր

Լրահոս