Զորավարժություններ՝ իրանաադրբեջանական սահմանին. Ի՞նչ են պայմանավորվել ու խոսել Բաղերին ու Հասանովը

Մեկ շաբաթ առաջ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին, ով Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից հետո խոսել էր տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության և տարածքային ամբողջականության սկզբունքի անխախտության մասին, հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Այս հեռախոսազրույցում գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին կոչ էր արել խաղաղ կարգավորման Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարը, ըստ իրանական կողմի տարածած հաղորդագրության, հայտարարել էր, թե Հայաստանի հետ այս երկրի խնդիրները կարող են լուծվել երկխոսության և բարեկամության միջոցով։

«Ադրբեջանի Հանրապետությունը հայկական տարածքի նկատմամբ հավակնություն չունի, և Հայաստանի տարածքը գրավելու համար ռազմական գործողություն նախատեսված չէ»,- ասել է Զաքիր Հասանովը։

Կողմերը քննարկել էին երկկողմ ռազմական համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Եվ ամենաուշագրավը, երկու երկրների ռազմական պաշտոնյաները ողջունել են իրանաադրբեջանական սահմանին համատեղ զորավարժություններ անցկացնելու գաղափարը:

Վերջին ամիսներին Իրանը պաշտոնական բոլոր մակարդակներով ընդգծում է, որ ԻԻՀ-ի համար անընդունելի են Հարավային Կովկասում աշխարհաքաղաքականության, սահմանների փոփոխությունները, ինչպես նաև տարածքային ամբողջականության խախտումները: Հայ-իրանական շփումների ընթացքում իրանցի պաշտոնյաները վստահեցնում են՝ ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար:

Հատկապես սեպտեմբերյան բախումից հետո Իրանն ավելի ակտիվ է աշխատեցնում իր դիվանագիտությունը՝ Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկելով նաև միջնորդական ջանքեր:

Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանն իրանական Icana լրատվական գործակալությանը ժամեր առաջ ասել է, որ Կապանում Իրանի հյուպատոսության բացումը նպատակ ունի նոր խթան հաղորդել հայ-իրանական հարաբերություններին։

«Այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տրանզիտային ճանապարհը, իրականացվել է երկու երկրի միջև՝ մասնավորապես տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ու ամրապնդելու նպատակով։ Իրանի հյուպատոսն արդեն սկսել է գործունեությունը Կապանում»,- ասել է նա՝ հավելելով, որ Կապանում հյուպատոսության հիմնմամբ «ականատեսն ենք լինելու Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը»։

Հայաստանին հղած բազմաթիվ դրական ուղերձներից հետո, սակայն, ուշագրավ է, թե ինչ նպատակ են հետապնդում համատեղ զորավարժություններն Իրանի ու Ադրբեջանի միջև համատեղ սահմանին, որը, ըստ էության, 44-օրյա պատերազմից հետո վերաձևավորված ու նոր սահման է Իրանի ու Ադրբեջանի համար:

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ նման նախաձեռնությունը՝ անկախ նրանից, թե որ կողմն է կազմակերպել, կարող է հարկավոր լինել թե Ադրբեջանին, թե Իրանին՝ միմյանց վերահսկելու համար ներկա անկանխատեսելի ու բարդ աշխարհաքաղաքական ու ռազմական գործընթացներում:

Ըստ նրա, Իրանին անհանգստացնում է Ադրբեջան-Իսրայել, Ադրբեջան-Թուրքիա կապերը, սպառնալիքը, որը կարող են ունենալ այդ կապերն ԻԻՀ-ի համար, ինչպես նաև ռեգիոնում ազդեցության վերաբաշխումները, իսկ Ադրբեջանին ըստ էության անհանգստացնում է այն դիրքորոշումը, որն Իրանը ստանձնել է հայ-ադրբեջանական սահմանի առնչությամբ:

«Իրանը նպատակ ունի ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում Հայաստանի, նաև Ադրբեջանի նկատմամբ, ինչպես տեսնում ենք, մտերմանալու, ազդեցությունը տարածելու Իրանի փորձերից բարդ է հաջողվում խուսափելը, քանի որ Իրանը վստահ է գործում, Իրանը նոր դիրքերից է փորձում առնչվել Ադրբեջանի հետ, ավելի վճռական, մեծացնելով իր ազդեցությունը նաև Հայաստանի նկատմամբ: Սահմանային հատվածում զորավարժությունը նաև Իրանի համար նպատակ ունի ցույց տալ հստակ կամք՝ այդ հատվածում իր ազդեցությունը պահելու վերաբերյալ: Իսկ Ադրբեջանն էլ նպատակ է հետապնդում մի փոքր մեղմել Իրանի վճռական դիրքորոշումն ու աջակցությունը Հայաստանին:

Բարդ է պատկերացնելը, որ ժամանակ առ ժամանակ լարված հարաբերություններ ունեցող Իրանն ու Ադրբեջանը միմյանց հետ պետք է զորավարժություն իրականացնեն, որը երկկողմ զորավարժություն է, սակայն Իրանը հարավկովկասյան ուղղությամբ բավականին լայն գործիքակազմ է կիրառում՝ սուր հայտարարություններից մինչև մեղմ հայտարարություններ, ռազմական ակնարկներ պարունակող հայտարարություններ, ուղերձներ, ինչպես նաև դիվանագիտական քայլեր, որոնցից մեկը ՀՀ-ում հավելյալ հյուպատոսության բացումն է, որը լուրջ դիվանագիտական ուղերձ է Իրանից Ադրբեջանին»,- ասաց նա:

Զուգահեռաբար, ըստ նրա, այս փուլն Իրանի համար այդքան էլ «անամպ» չէ, քանի որ կան թե՛ ներքին ցնցումներ, թե՛ խոչընդոտների է հանդիպում միջուկային գործարքը, որին զուգահեռ՝ նկատվում են ադրբեջանաիսրայելական ռազմական մակարդակում բանակցություններ:

«Ռուսաստանի զբաղվածությունը պատերազմով Հարավային Կովկասի նկատմամբ մեծացրել է ոչ միայն թյուրքական, այլև ամերիկյան ուշադրությունը, որոնք երկուսն էլ խնդիր ունեն զսպել, ճնշել Իրանին՝ մեծացնելով ազդեցությունն այս ռեգիոնի նկատմամբ: Բնականաբար, խնդիրների այս համախումբը ստիպում է Իրանին ավելի զգոն լինել: Եվ, ինչպես տեսնում ենք՝ խնդիրների միայն փոքր մասն է կապված Հայաստանի հետ: Բայց, այո՛, զորավարժությունը սահմանի այդ հատվածում նպատակ ունի Ադրբեջանի գործողությունները վերահսկելի դարձնելու, ինչպես նաև լուծելու անգամ ավելի մեծ խնդիրներ: Եվ սա կարծես կապ ունի նաև այն սրացման հետ, որը վերջերս տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանին, ինչին բավականին ակտիվ անդրադարձավ Իրանը»,- նշեց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս