Կառավարությունը պատրաստվում է բարձրացնել միկրոձեռնարկատիրության հարկային բեռը, չեղարկել շրջանառության հարկը, ավելացնել պարտադիր վճարները

Վերջերս կառավարությունում, հասարակության աչքից ու ականջից հեռու, մի որոշում են ընդունել, որով հաստատել են հարկային եկամուտների կառավարման ծրագիրը։ Այն վերաբերում է առաջիկա 3 տարիների հարկային քաղաքականությանը։

Հիմա տեսնենք, թե ի՞նչ է պատրաստվում անել այդ ծրագրով կառավարությունը։

Պատրաստվում է ընդլայնել հարկման բազան, կրճատել հարկային արտոնությունները, բարձացնել հարկային բեռը, վերանայել հարկերի ու պարտադիր վճարների քանակը։ Վերջինը, բնականաբար, վերաբերում է դրանց ավելացմանը։

«2026թ. հարկեր-ՀՆԱ 25 տոկոս թիրախին հասնելու նպատակով պահանջվում է դիտարկել հնարավոր մի քանի սցենարներ, որոնք կախված են լինելու մի քանի գործոններից։ Մասնավորապես, հարկային եկամուտների ավելացումը պահանջելու է՝

-հարկային վարչարարության կատարելագործում և դրա արդյունքում հարկերի վճարման համապատասխանության բարելավում,

-հարկման բազաների ընդլայնում, այդ թվում՝ որոշ արտոնություններ կրճատելու արդյունքում,

-հարկային որոշ դրույքաչափերի կամ գործունեության առանձին տեսակների մասով հարկային բեռի բարձրացում,

-հարկերի կամ պարտադիր վճարների թվաքանակի վերանայում»,- ասվում է փաստաթղթում։

Պատկերացնելու համար, թե սա ի՞նչ է ենթադրում, բացենք փակագծերը։

Կառավարությունը պատրաստվում է հարկային բազան ընդլայնել առաջին հերթին փոքր ու մանր բիզնեսի հաշվին։

Մտադիր են ավելացնել հարկային բեռը միկրոձեռնարկատիրության վրա։ Կվերանայվի միկրոձեռնարկատիրության ոլորտում վարձու աշխատողների համար եկամտային հարկի արտոնյալ ռեժիմը և նրանց եկամտային հարկը կհաշվարկվի ընդհանուր կարգով։ Հիմա միկրոձեռնարկությունները վճարում են 5 հազար դրամ եկամտային հարկ՝ անկախ աշխատավարձի չափից ու այլ եկամուտներից։ Այս վերանայումից հետո՝ կվճարեն այնպես, ինչպես վճարում են մյուս բոլորը։ Այսինքն՝ աշխատավարձի 20 տոկոսը։

Եթե հիմա 100 հազար դրամ աշխատավարձի պարագայում վճարում են 5 հազար դրամ եկամտային հարկ, վերանայումից հետո կվճարեն 20 հազար դրամ։

Որքան բարձր լինի աշխատավարձը, այնքան կավելանա նաև վճարվող գումարը, կծանրանա նաև այդ դաշտում գործողների հարկային բեռը։

Ժամանակին, երբ ներդրվեց միկրոձեռնարկատիրություն հասկացությունը, գլուխ էին կոտրում, որ դրանով փոքր բիզնեսի համար ստեղծել են չափազանց արտոնյալ ու նպաստավոր գործելու պայմաններ, գրեթե ազատ հարկային բեռից։ Բայց այստեղ էլ խաբեցին։ Այդպիսի հայտարարություններով շատերին մտցրեցին միկրոձեռնարկատիրության դաշտ ու հիմա պատրաստվում են ավելացնել հարկային բեռը։

Բայց դրանով չեն բավարարվի. կսահմանափակվի նաև այս ռեժիմով աշխատելու շրջանակը։ Կհանվեն գործունեության առանձին տեսակներ, որոնք աշխատում են միկրոձեռնակատիրության դաշտում։ Այլ կերպ, նրանց վրա կկիրառվի հարկային համընդհանուր հարկման համակարգը։

Հարկային համակարգում այլևս տեղ չի ունենա նաև շրջանառության հարկը։

Պատրաստվում են ընդհանրապես վերացնել այդ հարկատեսակը, որը ժամանակին ներդրվել էր փոքր ու միջին բիզնեսին աջակցելու, խոշորների ճնշումներից պաշտպանելու ու դաշտում դրանց գոյությունը պահպանելու համար։ Նաև հաշվարկի ավելի պարզեցված համակարգով աշխատելու համար։ Բայց դատելով ներկայացված փաստաթղթից՝ կառավարությունում համարում են, որ դրա կարիքը այլևս չկա, որ փոքր և միջին բիզնեսը պետք է գործի համընդհանուր հարկային դաշտում։ Հարկվի ոչ թե շրջանառության մինչև 5 տոկոսի չափով, որը կարող է նվազեցվել մինչև 1 տոկոս, այլ ավելացված արժեքի հարկով։ Այսինքն՝ 20 տոկոսով։ Այնպես, ինչպես խոշոր բիզնեսը։

Շրջանառության հարկի դաշտում գործողները՝ համընդհանուր հարկային համակարգ անցնելուց հետո, պարտավոր կլինեն վճարել նաև շահութահարկ։

Շրջանառության հարկի չեղարկումով կտրուկ կավելանա փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը։ Ընդհանուր հարկային դաշտում դրանք ստիպված կլինեն անհամեմատ ավելի շատ վճարել, քան վճարում են հիմա։

Թե շրջանառության հարկի վերացումը ի՞նչ է նշանակում փոքր և միջին բիզնեսի համար, դժվար չէ պատկերացնել։ Այն անհամեմատ ավելի բարենպաստ հարկային դաշտ է ՓՄՁ-ների գործունեության համար, ինչը որոշակի հնարավորություն է, որպեսզի դիմանան խոշորների ճնշմանը։ Թեև դա էլ միշտ չէ, որ հաջողվում է։ Ու հիմա, երբ պատրաստվում են վերացնել շրջանառության հարկը, գոնե պատկերացնո՞ւմ են դրա հետևանքները՝ փոքր և միջին բիզնեսի վրա։ Հարկային վարչարարության իրենց թերացումների պատճառով՝ հարվածի տակ են դնում տասնյակ-հազարավոր քաղաքացիների, ովքեր փոքր և միջին բիզնեսի ոլորտում հազիվ կարողանում են գոյություն պահպանել։

Կառավարությունը մտադիր է վերանայել նաև գործող հարկային արտոնությունների շրջանակը, այդ թվում՝ կրթության, առողջապահության ու այլ ոլորտներում։ Արտոնության վերացումը, բնականաբար, ավելացնում է այդ ոլորտների ֆինանսական բեռը։ Եվ ո՞վ պիտի այն փոխհատուցի իր գրպանի հաշվին, եթե ոչ՝ հիվանդն ու ուսանողը։

Հարկերի կամ պարտադիր վճարների թվաքանակի ավելացման պարագայում էլ կառավարությունը դիտարկում է նոր հարկերի կամ պարտադիր վճարների ներմուծում։

Խոսքն առաջին հերթին վերաբերում է եկամուտների համընդհանուր հայտարարագրմանը։

Արդեն 2024թ. նախատեսվում է, որ այդ համակարգը կսկսի աշխատել. նախորդ տարվա եկամուտների հիման վրա կներկայացվեն եկամուտների հայտարարագրերը։ Ներկայացված հայտարարագրերի հիման վրա էլ ակնկալվում է հարկել մարդկանց եկամուտները։ Այդ թվում՝ այն եկամուտները, որոնք ստացվել են, ասենք, արտագնա աշխատանքի կամ օգնության տեսքով դրսից հարազատների կատարած փոխանցումների տեսքով։

Պարտադիր վճարների շարքում կավելանա նաև պարտադիր բժշկական ապահովագրության վճարը, որի համար ևս քաղաքացին ստիպված կլինի վճարել իր աշխատավարձից. նախնական քննարկումներով, աշխատավարձի 4-5 տոկոսի չափով։

Բայց սրանք դեռ այն ամենը չեն, որոնք կառավարությունը մտադիր է վերանայել ու փոխել հարկային քաղաքականության մեջ։ Ակնհայտ է, որ իշխանությունները բյուջեի հարկային եկամուտների բարելավման հետ կապված բախվել են խնդիրների։ Ու քանի որ չեն կարողանում վարչարարության կատարելագործման միջոցով հասնել մուտքերի ավելացման, գնում են հարկային բեռը բարձրացնելու, արտոնությունները վերացնելու, նոր հարկեր ու վճարներ ավելացնելու ճանապարհով։ Այնտեղ են հասել, որ տաքսի ծառայության պատվերների վրա են որոշել հարկ դնել. յուրաքանչյուր պատվերից՝ 100 դրամ, սերմերի ու տնկանյութերի հավաստագրումն են պատրաստվում հարկել, նոր հարկեր ու տուրքեր են ավելացնում։

Մի խոսքով՝ բիզնեսի նկատմամբ ճնշումը քայլ առ քայլ մեծացնում են։ Թե դա ի վերջո ո՞ւր է տանելու, դժվար չէ պատկերացնել. հարկային բեռի ավելացման կամ ընդլայնման ցանկացած քայլ բացասաբար է ազդելու տնտեսության ու քաղաքացու վրա։ Տնտեսությունը սեղմվում է, իսկ քաղաքացին ստիպված է լինում ավելի մեծ ֆինանսական բեռ կրել։ Այն, ինչին տանում է սպասվող հարկային քաղաքականությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս