Բաժիններ՝

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կիրառել 2 և 4 տոկոս սուբսիդավորման պայմանները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նշվում է հիմնավորման մեջ, պայմանավորված է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի» շրջանակներում ֆիզիկական անձի կողմից կառուցված անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքում այն երկրորդային շուկայից ձեռք բերված համարելու, ինչպես նաև վարկի 2 կամ 4 տոկոս սուբսիդավորումից օգտվելու վերաբերյալ իրավական կարգավորումների անհստակության հետ:

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի՝ երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվում է առավելագույնը 9.5 տոկոսով, որից 2 տոկոսը սուբսիդավորում է պետությունը (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 7,5 տոկոս), Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը սուբսիդավորում է 4 տոկոսը (այսինքն` Հայաստանի Հանրապետության մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 5.5 տոկոս), իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվում է առավելագույնը 7.5 տոկոսով, որը չի սուբսիդավորվում:

Ներկա իրավակարգավորումով ստացվում է այնպես, որ եթե քաղաքացին առաջնային շուկայից կառուցապատող հանդիսացող ֆիզիկական անձից, ով չի հանդիսանում կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, անհատական բնակելի տուն է ձեռք բերում, ապա այդ դեպքում ոչ եկամտային հարկի վերադարձման, և ոչ էլ սուբսիդավորման համակարգը կիրառելի չի լինում:

2021 թ. մայիսի 26-ին քաղաքացիներ՝ Արփինե Վարդանի Վարաժյանը, 2021 թվականի հուլիսի 20-ին՝ Կարեն Հայկարամի Հովհաննիսյանը, և 2022 թվականի հունիսի 10-ին՝ Անի Դավիթի Ներսիսյանը դիմել են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրին և համապատասխանաբար 2021 թվականի հուլիսի 12-ին, 2021 թվականի նոյեմբերի 10-ին և 2022 թվականի հուլիսի 11-ին մերժվել են «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ կողմից:

Կարդացեք նաև

Վերոնշյալ խնդրին կարգավորում տալու ակնկալիքով քաղաքացիները դիմել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2022 թվականի հունիսի 9-ին հաստատվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը: Համաձայն որի հոդված 12-ի 6-րդ մասի. «6. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել բնակարանային ապահովության ծրագրեր՝ ուղղված երիտասարդ ընտանիքներին, ներառյալ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելուն»:

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է ծրագրում կատարել համապատասխան լրացումներ՝ սահմանելով, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կիրառել երկրորդային շուկայից ձեռք բերման 2 (Երևան) և 4 (ՀՀ մարզեր) տոկոս սուբսիդավորման պայմանները:

Միևնույն ժամանակ նախարարությունն առաջարկում է, որ որոշմամբ առաջարկվող փոփոխության գործողությունները տարածվեն 2021 թվականի մայիսի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

Ակնկալվում է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ծրագրում կկատարվի համապատասխան լրացումներ՝ սահմանելով, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կկիրառվեն երկրորդային շուկայից ձեռք բերման 2 (Երևան) և 4 (ՀՀ մարզեր) տոկոս սուբսիդավորման պայմանները, որը հնարավորություն կտա քաղաքացիներին, առանց արհեստական խոչընդոտի, օգտվել ծրագրով սահմանված արտոնությունից:

Տեսանյութեր

Լրահոս