ՄԵԾ ՍՈՒՏ. Փաշինյանի մանիպուլյացիաները. Ռուսաստանը Նիկոլի՞ն զենք չի վաճառում, թե՞ Հայաստանին
• 2015թ. հունիսի 26-ին Երևանում ստորագրվում է 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենքի մատակարարման վարկի համանման հայ-ռուսական համաձայնագիրը: Հայկական կողմը կարող էր գնումը կատարելիս գումարի մինչև 90 տոկոսը վճարել վարկի միջոցներից` ռուսական ռուբլով:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 2016թ. փետրվարին, դրա շրջանակում գնված զենքը պետք է մատակարարվեր 2016 և 2017 թվականների ընթացքում:
2017-ին «Իրազեկ քաղաքացիների միավորման» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ 2017թ. հոկտեմբերի 25-ի դրությամբ հայկական կողմի՝ այդ պայմանագրով վարկային պարտավորությունների չափը կազմում է 66,6 միլիոն ԱՄՆ դոլար:
• Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը «168 Ժամի» հետ զրույցում նշել էր, որ 2015թ.-ից ստորագրվել են գործարանային նոր սպառազինության գնման պայմանագրեր: Այսինքն, Հայաստանը վճարում է սեփական միջոցներից, կամ վարկ է վերցնում, և այս դեպքում գնվում է այն սպառազինությունը, որն անհրաժեշտ է ՀՀ զինված ուժերին, և որքան որ պետք է:
• Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» 2016թ. զեկույցում նշվում է, որ 200 մլն ԱՄՆ դոլար վարկով Հայաստանը Ռուսաստանից գնելու է 6 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և 6 միավոր ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ:
Զեկույցում նշվում էր նաև, որ 2016 թվականին Հայաստանը ստանալու է նաև 2015 թվականին Ռուսաստանից պատվիրված «Տիգր» զրահամեքենաներ և «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ և այլն:
Ի դեպ, վերլուծական կենտրոնի գնահատականով «Սմերչ» համակարգերի համար Հայաստանը վճարելու էր 60 մլն ԱՄՆ դոլար, իսկ «Սոլնցեպյոկների» համար՝ 40 մլն ԱՄՆ դոլար:
• 2015-ի վերջին Հայաստանում կային «Իսկանդերներ», որոնք ցուցադրվել են 2016թ. շքերթին, իսկ դրանց շուրջ բանակցություններն ընթացքի մեջ էին 2015 թվականից, երբ նախկին իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք ռուսական վարկով 200 միլիոն ԱՄՆ դոլարի սպառազինության մատակարարման մասին համաձայնագիր էր ստորագրվել, որը հետագայում ընդլայնվել էր:
• 2018-ի մարտին ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը լրագրողներին վստահեցրել էր, որ ռուսաստանյան 200 միլիոն ԱՄՆ դոլար ռազմական վարկի մատակարարումներն ամբողջությամբ կատարվել են:
• 2017թ. հոկտեմբերի 12-ին Հայաստանի կառավարությունը հաստատել էր ՌԴ-ից նոր «ռազմական վարկ» վերցնելու համաձայնագրի նախագիծը, ըստ որի՝ Հայաստանին արտոնյալ պայմաններով տրամադրվելու էր 100 միլիոն դոլարի վարկ՝ Ռուսաստանից սպառազինություն և զինտեխնիկա գնելու նպատակով:
Ըստ վարկային համաձայնագրի՝ Հայաստանը վարկն օգտագործելու էր 2018-2022 թվականներին, իսկ վարկի մարումը պետք է կատարեր 2023-ից սկսած՝ տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով:
• 2017-ին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Armenia TV-ին ասել էր, որ ռուսական 100 մլն ԱՄՆ դոլար պաշտպանական վարկի շրջանակներում Երևանը մտադիր է Ռուսաստանից ձեռք բերել ռազմավարական զսպման սպառազինություն:
• 2018թ. օգոստոսին լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ ՌԴ-ի հետ ռազմական նոր վարկն ընթացքի մեջ է, և, որ խոսքը 100 միլիոն ԱՄՆ դոլարի մասին է։
• Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը 2019թ. դեկտեմբերի 26-ին իր ամփոփ ասուլիսին տեղեկացրել էր՝ «Հայաստանի Հանրապետությունը «տարբեր ոլորտների սպառազինության հետ կապված ունի 80 պայմանագիր», որոնց մի մասը երկարաժամկետ է և կնքվել է նախորդ իշխանության օրոք:
Մասնավորապես, նախկին իշխանությունների օրոք հաստատված 2018-2024թթ. զինված ուժերի զարգացման պլանով նախատեսված էր «ՏՈՐ» համալիրներ ձեռք բերել երեք խմբաքանակով, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ՀՀ-ն ստացավ միայն մեկ խմբաքանակ:
10. Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի կողմից «ՕՍԱ-ԱԿ» հակաօդային համակարգերի ձեռքբերման պայմանագիրը 2018 թվականին վերակնքվել է, իսկ բուն գործարքը տեղի է ունեցել 2010-ին, որը, սակայն, կյանքի չի կոչվել սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով: Ավելին, վերակնքված պայմանագրի գինն առավել նվազ է եղել: Տարբեր տեղեկությունների համաձայն, ՀՀ ՊՆ-ն «Օսա ԱԿ»-ներ է գնել Հորդանանից՝ 35 սարքավորման համար վճարելով 27 մլն դոլար:
• Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, և Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, խոսքից «թռնում է», երբ ասում է, որ իր պարտավորությունները չկատարելու մեջ չի մեղադրել ՌԴ-ին, հատկապես, երբ Փաշինյանին մշտապես ձեռք սեղմող Արամ Զավենի Սարգսյանը նույն պնդումն արել է՝ հստակ նշելով Ռուսաստանի անունը:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը խոսքը փոխեց, երբ Պաշտպանության նախարարությունը մեր և այլ լրատվամիջոցների հետ հարցմանը վստահեցրել էր, որ սպառազինության ձեռքբերումներն արվում են պլանային կարգով, և պայմանագրային ոչ մի խախտում չկա ռուսական կողմից:
Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերին ռուսական «НТВ» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ռոման Բաբայանն իր հաղորդման շրջանակներում հարցեր էր ուղղել Նիկոլ Փաշինյանին:
Նա այդ հարցերը տվել էր Փաշինյանին և դիմելով նրան՝ ասել էր.
«Պետք չէ ինձ խաբել, քանի որ ես տիրապետում եմ ինֆորմացիայի բավականին լայն շրջանակի, և ես անմիջապես կհասկանամ, եթե դուք սկսեք ինձ խաբել, պարոն Փաշինյան: Իմ հարցերը հետևյալն են՝
1. Ճի՞շտ է արդյոք, որ Ռուսաստանի Դաշնությունը, գործնականորեն սկսած պատերազմի առաջին օրվանից, Ձեզ առաջարկել է կարգավորման տարատեսակ և շատ լավ մոդելներ: Ոչ այնպիսին, որն այս պահին է, այլ շատ լավերը, և Դուք ամեն անգամ ուշադիր լսում էիք այդ առաջարկնե րը և հրաժարվում:
2. Պարոն Փաշինյան, ճի՞շտ է արդյոք այն, որ այս հակամարտության գործնականորեն հենց առաջին վայրկյաններից, այս պատերազմի հենց առաջին օրվանից Ձեզ օգնություն է առաջարկվել: Ու այդ օգնությունը Ձեզ տրվել է, ընդ որում, տրվել է հսկայական ծավալներով: Ճի՞շտ է արդյոք, որ հայկական ռազմական և ոչ միայն ռազմական օդանավակայաններում 10-յակներով վայրէջք էին կատարում ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռները:
3. Պատասխանեք խնդրեմ, ճի՞շտ է, որ Դուք ստանում էիք այն ռազմական համակարգերը, որոնք Դուք, անձամբ Դուք խնդրում էիք: Ու Դուք դրանք ստանում էիք:
Պատասխանեք այդ հարցերին, և այդ ժամանակ մենք կհասկանանք, ունա՞կ եք Դուք պատասխան տալ այն ամենի համար, ինչ արել եք: Ի վիճակի՞ եք արդյոք պետություն ղեկավարել, և այն մարդիկ, ովքեր այսօր դեռ Ձեզ աջակցում են, միգուցե շաաա՜տ նոր բաներ իմանան:
Պատասխանեք այս հարցերին ազնվորեն, և եթե Դուք դրանց ազնվորեն չպատասխանեք, ես Ձեզ կտամ արդեն հաջորդ, առավել կոնկրետ հարցերը, և Դուք խուսանավելու տեղ չեք ունենա»,- ասել էր Ռոման Բաբայանը: