Երկու ամսում՝ 47 մլն դոլար. Հայաստանի ոսկին մեծ տեմպերով գնում է Թուրքիա

Երկու ամիս անընդմեջ Հայաստանից խոշոր արտահանում է իրականացվել դեպի Թուրքիա։ Արտահանվել է գերազանցապես ոսկի։ Ոսկու խոշոր արտահանում է իրականացվել նախ՝ հունիսին, ապա՝ հուլիսին։ Ընդ որում՝ հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, ոսկու արտահանումն ավելացել է։

Պաշտոնական տվյալներով, հունիսին Հայաստանից Թուրքիա էր արտահանվել ավելի քան 20 մլն դոլարի ոսկի։ Այն կազմել էր այդ երկիր իրականացված ընդհանուր արտահանման 99 տոկոսից ավելին։

Հուլիսին արտահանումը Թուրքիա ավելի մեծ է եղել՝ գրեթե 27,172 մլն դոլար։ Առանց բացառության, ամբողջ արտահանումը եղել է ոսկի։ Այլ ապրանքներ չեն արտահանվել։

Հայտնի է, որ այլ ապրանքների մասով Հայաստանից Թուրքիա արտահանումները միշտ էլ չնչին են եղել։ Ամսական մի քանի հազարից, լավագույն դեպքում՝ մինչև 1-2 հարյուր հազար դոլար։ Դա երևում է նաև մինչև ոսկու արտահանումը եղած ցուցանիշների վրա։

Վիճակագրական տվյալներով, հունվարին Հայաստանից Թուրքիա արտահանվել էր ընդամենը 9 հազար դոլարի ապրանք։ Փետրվարին արտահանումը հունվարի համեմատ ավելացել էր 300 դոլարով։ Մարտին էլ պատկերը շատ չէր փոխվել՝ առաքումներն այդ երկիր կազմել էին ընդամենը 28,9 հազար դոլար։ Ապրիլին Թուրքիա արտահանվել էր՝ 155 հազարի, իսկ մայիսին՝ 117 հազար դոլարի ապրանք։ Չնայած ապրիլի և մայիսի արտահանման որոշ աճին, դրանցում ոսկի չի եղել։

Հինգ ամսում ընդհանուր արտահանումը Թուրքիա կազմել էր ընդամենը 319-320 հազար դոլար։

Պատկերը կտրուկ փոխվեց հունիսին, երբ սկսվեց ոսկու արտահանումը։ Դրա արդյունքում հունիս-հուլիսին Հայաստանից Թուրքիա արտահանումները միանգամից ավելացան։

Պաշտոնական տվյալներով, տարեսկզբի 7 ամիսներին Թուրքիա արտահանումը հասել է 47,7 մլն դոլարի։ Դրանից գրեթե 47,3 միլիոնը ոսկին է։ Մնացածը՝ մյուս բոլոր ապրանքները, որոնք այս ընթացքում արտահանվել են Թուրքիա։

Ոսկու արտահանման արդյունքում կտրուկ փոխվել է Հայաստանից Թուրքիա արտահանման պատկերը։ Նախորդ տարիներին այն երբեք չի անցել 2,5-3 մլն դոլարից, այն էլ՝ տարեկան։ Հիմա պարզվում է՝ 7 ամսում 47,7 միլիոն արտահանում ենք ունեցել։ Բայց դա բոլորովին էլ չի եղել Հայաստանի տնտեսության վերելքի ու տնտեսական զարգացումների հաշվին։ Արտահանումն ավելացել է բացառապես մեկ ապրանքի, այն էլ՝ ոսկու գծով։

Հայաստանում ոսկու հիմնական արտադրողը «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է, որը շահագործում է նաև Սոթքի ոսկու հանքը։ 44-օրյա պատերազմից հետո այս հանքի մի մասն անցավ Ադրբեջանի տիրապետության տակ։ Դրանից հետո էլ հանքի շահագործման հետ կապված անընդհատ խնդիրներ են ծագում՝ պայմանավորված  սահմանային միջադեպերով ու ադրբեջանական կրկնվող ագրեսիաներով։ Սահմանային լարվածության հետևանքով ժամանակ առ ժամանակ հանքի շահագործումը կանգ է առնում, բայց էլի վերսկսվում է։

«Գեոպրոմայնինգ գոլդը» հանդիսանում է ոսկու ոչ միայն արդյունահանողն ու վերամշակողը, այլև հիմնական արտահանողը։ Ըստ էության, վերջին շրջանում հայկական ոսկու մատակարարումները թուրքական շուկա իրականացրել է հենց այս ընկերությունը։ Ինչպե՞ս է դա նրան հաջողվել, հայտնի չէ։

Ոսկու արդյունահանում ու արտահանում Հայաստանից նախկինում էլ էր իրականացվում, բայց ոչ Թուրքիա։ Թուրքական շուկան, կարելի է ասել, փակ էր հայկական ոչ միայն մյուս ապրանքների, այլև ոսկու արտահանման առաջ։ Այս ընթացքում հայ-թուրքական հարաբերություններում շատ բան չի փոխվել, պաշտոնական հարաբերություններն առաջվա պես շարունակում են բացակայել, բայց այդ պայմաններում թուրքական շուկան իր դռներն է բացել հայկական ոսկու առաջ։

Ինչո՞վ է պայմանավորված թուրքական կողմի այս հոգածությունը կամ վերաբերմունքի փոփոխությունը ոսկու հայկական արտադրողների ու արտահանողների նկատմամբ, կերևա հետագայում։

Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ գոլդն» այն ընկերությունն է, որի հիմնական սեփականատերը նախորդ տարի ձեռք բերեց հանքարդյունաբերության ոլորտի Հայաստանի ամենախոշոր ընկերությունը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», և մինչև այժմ անհայտ գործարքի արդյունքում, բաժնետոմսերի մի մասը նվիրաբերեց Հայաստանի կառավարությանը։

Վերջին ամիսներին հայկական ոսկու համար թուրքական շուկայի բացվելը մի տեսակ տարօրինակ է թվում, հատկապես, երբ այլ ապրանքների մասով գրեթե տեղաշարժ չկա։ Դրանց մատակարարումներն ինչպես եղել են զրոյին մոտ, այնպես էլ գտնվում են այդ վիճակում։

Իհարկե, այնպես չէ, որ հայկական ոսկին միայն Թուրքիա է գնում։ Հայկական ոսկու մատակարարման ամենամեծ շուկան այս տարի եղել է Հնդկաստանը։

Այս պահին հայտնի են, ըստ երկրների, ոսկու արտահանման տարեսկզբի 7 ամիսների տվյալները։ Դրանց համաձայն, Հայաստանից արտահանվել է շուրջ 134 մլն դոլարի ոսկի։ Մեծ մասը մատակարարվել է Հնդկաստան. 134 միլիոնից՝ 80 միլիոնը, որը համարժեք է ամբողջ արտահանման գրեթե 60 տոկոսին։

Հայկական ոսկու արտահանումների աշխարահագրությունն անընդհատ փոխվում է, բայց դրանց մեջ մինչև այժմ չէր եղել Թուրքիայի անունը։ Հիմա արդեն այն մատակարարումների մեծությամբ երկրորդն է՝ Հնդկաստանից հետո։

Թուրքիա արտահանվել է Հայաստանից գնացած ոսկու ավելի քան 35 տոկոսը։

Ոչ մեծ քանակությամբ ոսկու արտահանում է եղել նաև Արաբական Միացյալ Էմիրություններ և Իտալիա։ Մի դեպքում՝ 5,8 միլիոնի, մյուս դեպքում՝ 518 հազար դոլարի։

Թուրքական շուկայում հայկական ոսկու մատակարարումների արդյունքում փոխվել է Հայաստանի ու Թուրքիայի միջև նախկինում գոյություն ունեցող խիստ բևեռացած և միակողմանի առևտրային հաշվեկշիռը։ Հիմա արդեն առևտրային հարաբերություններում Հայաստանի մասնակցությունը բավական շոշափելի է դարձել։ 7 ամսվա 167 մլն դոլար ընդհանուր առևտրաշրջանառությունից արտահանումը կազմել է շուրջ 48 միլիոն, ներմուծումները՝ 119 մլն դոլար։

Թուրքական ապրանքների ներմուծումն էլի էապես գերազանցում է հայկական արտահանմանը, բայց ոսկու արտահանումից հետո առևտրաշրջանառության նախկին հսկայական տարբերությունն այլևս չկա։ Չնայած դրանով բոլորովին չի փոխվում այս երկրի շուկայում մեր տնտեսության մասնակցության որակը։ Հայաստանը շարունակում է մեծ քանակությամբ թուրքական տարբեր տեսակի ապրանքներ ներկրել, որոնք լուրջ խոչընդոտ են տեղական արտադրության զարգացման համար։ Մյուս կողմից՝ մեր տնտեսության մեջ արտադրվող հիմնական ապրանքները շարունակում են խնդիրների բախվել թուրքական շուկայում։

Ինչ մնում է ոսկուն, ապա դա այն ապրանքը չէ, որով կարող է որոշվել երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների որակը։ Այդ դրսևորումները, որը տեսնում ենք վերջին երկու ամիսների կտրվածքով, որևէ որակական փոփոխության չի ենթարկել Թուրքիա՝ հայկական ապրանքների արտահանման կառուցվածքը։ Առավել ևս, որ ոսկին այն ապրանքն է, որի իրացման համար, մեծ հաշվով, խնդիրներ չկան։ Այս առումով Թուրքիա արտահանումը մեր տնտեսության համար մեծ բան չի փոխում։ Գուցե բխում է հենց թուրքական տնտեսության շահերից։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս