Բաժիններ՝

Պե՞տք է վախենալ Աստծուց

Աստվածաշնչում բազմիցս ենք հանդիպում «մի՛ վախեցիր» արտահայտությանը, որն աստվածային մի պատգամ է՝ բոլորիս ուղղված: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Հարությունից հետո Իր աշակերտներին ասաց. «Խաղաղություն ձեզ, Ես եմ, մի վախեցեք»: Քրիստոնեական հավատքի մեջ վախի զգացում չկա, որովհետև այն հիմնված է սիրո գաղափարախոսության վրա, որը հեռու է վանում ամեն տեսակի բացասական երևույթ: Դավիթը, տավիղ նվագելով, երգում էր ու ասում. «Տերն իմ լույսն է ու կյանքը, ումի՞ց վախենամ, Տերն իմ կյանքի ապավենն է, ումի՞ց դողամ» (Սաղմոս 26:1):

Աստվածաշնչում վախի տարբեր դրսևորումների սահմանումներից բացի, հանդիպում ենք «երկյուղ» տերմինի հարյուր երեսունութ կիրառության: Եվ այստեղ առաջ է գալիս վախի ու երկյուղի սահմանազատման անհրաժեշտությունը:

Վախը և երկյուղն ունեն իմաստային տարբերություններ: Աստծու հանդեպ երկյուղը որևէ կերպ չի ասոցացվում հոգեբանության մեջ հաստատագրված վախի հետ: Վախը բացասական հույզ է, որն առաջանում է անհատի կենսաբանական, սոցիալական և հոգևոր գոյությանը սպառնացող իրադրություններում: Կրոնական իմաստով երկյուղը սոսկ վախ չէ, այլ այն իր մեջ պարունակում է Աստծու նկատմամբ խորին պատկառանք, կատարյալ վստահություն և անմնացորդ նվիրում: Աստծու հանդեպ տածած երկյուղի ժամանակ կենսաբանական փոփոխություններ չեն դիտարկվում անձի մոտ՝ գլխապտույտ, սրտխառնոց, նյարդային, ջղային ձգումներ, փորացավ, որոնք հատուկ են հոգեբանական վախին միմիայն: Վախը մարդկային է, երկյուղը՝ աստվածային:

Զարեհ արք. Ազնավուրյանը նշում է, որ երկյուղ ասելով մենք վախ կամ սարսափ չենք հասկանում: Երբ մտածենք Աստծու անսահմանության կամ անհուն զորության մասին, երբ մտածենք, որ Աստված մեզ համար մարդացավ ու խաչվեց, դա կարող է առաջնորդել մեզ մեր ոչնչությունը զգալու, իսկ երբ զգանք մեր ոչնչությունը՝ երկյուղ կառաջանա մեր սրտերում: Այս պարագայում երկյուղը Աստծու մեծության դիմաց մեր փոքրությունը զգալն է, Աստծու փառավորության դիմաց՝ մեր փառազուրկ լինելը:

Աստծուց պետք է ոչ թե վախենալ, այլ երկյուղել: Ըստ այդմ էլ՝ պետք չէ երեխային վախեցնել «Աստված պապիկով», պետք չէ դժոխք ընկնելու մտքից վախեցած՝ հավատալ Աստծուն, մկրտվել և ապաշխարել, այլ  պետք է մեր խոսքերի ու արարքների հիմքում լինեն միայն Աստծու հանդեպ սերը և երկյուղը: Երկյուղը սիրելի որդուց սիրող Հայրն ուղղված զգացմունք է, ցանկություն՝ Նրա սուրբ կամքը չխախտելու և ձգտում՝ չվիրավորելու Նրա Աստվածային մեծությունը: Երկյուղը հոգին մաքրում  է  մեղքերից, կրքերից, այն ուղղորդում է դեպի կյանք, իսկ բոլորի և ամեն ինչի հանդեպ վախը, բացի Աստծու հանդեպ երկյուղից՝ դեպի մահ:  Ժողովրդական ասացվածքն ասում է. «Ով երկյուղում է Աստծուց, նա ոչնչից և ոչ մեկից չի վախենա» և «Ով չի երկյուղում Աստծուց, վախենում է բոլորից և ամեն ինչից»:

Եթե վախը կարող է մարդու մոտ առաջացնել մի շարք հիվանդություններ, ապա երկյուղի պարագան տարբեր է, քանի որ Աստծու նկատմամբ ունեցած երկյուղը երբեք հիվանդությունների հիմք չի դառնում, որովհետև հիմնված է դրական դրսևորման վրա: Ուստի հնարավոր չէ Աստծու նկատմամբ վախ ապրել, քանի որ «Աստված սեր է», իսկ «Սեր ունեցողը վախ չունի, որովհետև կատարյալ սերը հեռու է վանում  վախը: Արդարև, վախը կապ ունի պատժի հետ, և ով վախենում է, կատարյալ չէ սիրո մեջ» (Ա Հովհաննես 4:18):

Հին կտակարանի մարգարեներն ու իմաստուններն անդրադառնում են Աստծու հանդեպ երկյուղ ունենալուն: Մովսես մարգարեն հորդորում է իսրայելացիներին հնազանդվել Աստվածային պատվիրաններին. «Քո մարդկանց հավաքիր Ինձ մոտ, որ նրանք լսեն Իմ այն պատգամները, որ սովորեցնելու եմ նրանց, որպեսզի այնքան ժամանակ, որ ապրեն նրանք երկրի վրա, թող երկնչեն Ինձանից ու դրանք սովորեցնեն իրենց որդիներին» (Երկրորդ Օրենք 4:10): Եվ նորից, մեկ ուրիշ տեղում, Աստված հիշեցնում է Իր հանդեպ երկյուղ ունենալու պատվիրանի մասին. «Եթե հանձն չառնեք կատարել այս գրքում գրված օրենքների բոլոր խոսքերը՝ չվախենաք ձեր Տեր Աստծու պատվական ու սքանչելի անունից, ապա Տերը նոր նշաններով՝ մեծ ու զարմանալի հարվածներով, խոր ու խիստ ցավերով կպատուհասի քեզ ու քո սերնդին» (Երկրորդ Օրենք 28:58-59): Դավիթ թագավորը հորդորում է. «Ծառայեցեք Տիրոջը երկյուղով և ցնծացեք Նրա առջև դողալով» (Սաղմոս 2:11):

«Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդվում են նրանով» (Առակներ 1:7): Այս մասին մեզ հայտնել են հայր և որդի արքաները՝ Դավիթն ու Սողոմոնը: Ինչպիսի՞ն է այդ երկյուղը: «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար,- բացատրում է առակագիրը և ավելացնում,- ով չունի այդ երկյուղը, մոլորված շրջում է դռներին, ապրում է այն տեղերում, ուր հավիտյան այցելու չի ունենա» (Առակներ 19:23): Հետևաբար այդ երկյուղը կենարար է, մաքրագործում է մարդուն չարի կործանարար ազդեցություններից: Նույն իմաստունն ասում է և հետևյալը. «Տիրոջից երկյուղ կրելու մեջ վստահ հույս կա» (Առակներ 14:26): Այս խոսքերը, իհարկե, նշանակում են, որ ով իր մեջ կրում է Աստծու երկյուղը, ունի նաև իր մեջ Աստծուն և Նրա ապավինությունը: «Երանի այն մարդուն, որ Աստծո հանդեպ երկյուղածության պատճառով արհամարհում է ամեն բան, բայց խստասիրտը չարիքների մեջ կընկնի» (Առակներ 28:14):

Իսկ Նոր կտակարանում Հիսուս Քրիստոս «Այրի կնոջ և դատավորի» առակը պատմելիս անիրավ դատավորին այսպես է նկարագրում. «Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում» (Ղուկաս 18:1-8): Բնական է, որ եթե որևէ մեկը Աստծուց չի երկյուղում, ինչպե՞ս պիտի ամաչի Աստծու պատկերով ստեղծված մարդուց: Դատավորը մեկն էր, որ ո՛չ երկնքից էր վախենում և ո՛չ էլ երկիրն էր նկատի առնում: Նա մեկն էր, որ խլացրել էր իր խղճի ձայնը: Աստծու հանդեպ երկյուղ չունեցողի մեջ ցամաքում է մարդասիրական ամեն մի զգացում, նա անտարբեր է դառնում մարդու ցավի ու տառապանքի նկատմամբ: Այդպիսի մեկը չի հետապնդում իր անձի փրկությունը, չի հավատում հոգևոր ճշմարտություններին, չի աղոթում և Աստծու կարիքը չի զգում: Աստծուց հեռու գտնվող մարդը՝ մարդուց էլ է հեռվանում:

Իսկ Սիմեոն ծերունու մասին Ավետարանը պատմում է, որ աստվածավախ էր ու իր մեջ կրում էր Տիրոջ երկյուղը (Ղուկաս 2:25-35): Անշուշտ, «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (Առակներ 1:7): Իմաստություն, որը Սուրբ Հոգու շնորհով և ողորմածությամբ զարդարեց Սիմեոնին անանց երջանկությամբ՝ տեսնելու Իսրայելի փրկությունը և մարդկության նոր կյանքի սկիզբը, որը պայմանավորված էր միմիայն Տերունական նախախնամությամբ՝ Աստվածորդու մարդեղության խորհրդով: Որտեղ Տիրոջ  երկյուղն է, այնտեղ է անկասկած Աստծու պատվիրանների ընկալումը: Ում մեջ Տիրոջ Հոգին է բնակվում, այնտեղ լիիրավ ազատությունն է թագավորում, այնտեղ այնպիսի պայծառություն կա, որ երևում են մեծամեծ աստվածային սքանչելիքներ: Ահա փառահեղ երկնային իմաստությամբ ողողված այս ծերունին՝ կյանքի զառամյալ տարիքում, հույսի ջահը սրտում, հավատքի ընկալումը մտքում, գրկեց Փրկությունն աշխարհի, գրկեց իր երկու ձեռքով Անպարփակվողին՝ շնորհիվ իր արդար, խոնարհ, համբերատար և անբեկուն հավատի (Ս. Եփրեմ Խուրի Ասորի):

Սարկավագը Ս. Պատարագին հայտարարում է. «Երկիւղիւ եւ հաւատով յառաջ մատիք եւ սրբութեամբ հաղորդեցարուք»: Հույներն այս հատվածին ավելացնում են և «սիրով»: Երկյուղն ու սերը, լրացնելով միմյանց, կազմում են մեկ ամբողջություն՝ դառնալով հոգևոր կյանքի հիմքը: Մենք սիրում ենք Աստծուն, բայց և երկյուղում ու ակնածում ենք Նրանից: Աստվածային սերը մարդկային սրտում պահպանվում է այն դեպքում, երբ երկյուղ կա Տիրոջ հանդեպ:

Աստվածային երկյուղն առաջնորդում է մեզ փրկության, այլ ոչ թե հուսալքության կամ մոլորության: Աստծու առջև մշտապես երկյուղի մեջ մնալով՝ մարդն իրեն երջանիկ է զգում: Դա բացատրություն չի պահանջում: Բավական է միայն հայացք նետել և համեմատել այն մարդկանց, ովքեր չունեն Աստծու երկյուղը և այն մարդկանց, ովքեր այն ունեն իրենց սրտում: Առաջինների մոտ անհանգստություն է, իսկ երկրորդների մոտ՝ հանդարտություն: Ականջալուր լինենք Տիրոջ պատգամին՝ Պետրոս առաքյալի շուրթերով հնչած. «Եթե «Հայր» եք կոչում նրան, որ առանց աչառության դատում է յուրաքանչյուրին ըստ գործերի, ապա երկյուղով ապրեցեք այս աշխարհում ձեր պանդխտության ժամանակ» (Ա Պետրոս 1:17):

Կազմեց Գայանե Սուգիկյանը

surbzoravor.am 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս