«Ինչի՞ց եք դժգոհում, դուք չե՞ք ստորագրել այդ փաստաթուղթը». Խալաթյանը՝ իշխանություններին

«VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի կարծիքով՝ ոչ միայն Փաշինյանի ընտանեկան թերթի հրապարակումները, այլև այն տեղեկատվական աշխատանքը, որ տանում են ներկայիս իշխանություններ, ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հրաժարվելով Արցախից:

«Այդիսկ պատճառով, որոշել են նշանակել մեղավոր, որի գրպանը կգցեն այդ ամենը. Այդ մեղավորը ընտրվել է Ռուսաստանը: Իհարկե, ՌԴ քաղաքականությունը քննադատելու տեղ տալիս է, բայց միևնույն ժամանակ, հիմնական սխալները գործել են ՀՀ իշխանությունները, որոնք բերել են այս իրավիճակին»,- 168TV«Ռեվյու» հաղորդմանն ասաց նա:

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրագրողի հարցին, «անհեթեթություն» է որակել Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում արված հրապարակումն այն մասին, որ ՌԴ-ն Հայաստանին պարտադրում է մտնել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կազմ:

Հայկ Խալաթյանը նկատեց՝ հայաստանյան քննարկումներից երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեզ առաջարկել են մտնել Միութենական պետության կազմ, մենք էլ մտածում ենք՝ մտնե՞լ, թե՞ ոչ:

«Ուզում եմ հիասթափեցնել շատերին Հայաստանում, որ ՌԴ փորձագիտական շրջանակներում, իշխանական օղակներում կարծում են, որ նույնիսկ դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ այդքան օգուտ չեն տալիս ՌԴ-ին, ինչքան ՌԴ կողմից ծախսվող ռեսուրսները այդ դաշնակցային հարաբերությունների վրա: Մոտեցումն այսպիսին է՝ եթե հայերը մեզ հետ չեն ուզում դաշնակցային հարաբերություններ, եթե կարծում են, որ Արևմուտքի հետ ավելի լավ կլինի, թող գնան՝ Արևմուտքի հետ, տեսնենք՝ ինչ են տալու: Շատերը մոռանում են, որ ՌԴ հետ հարաբերությունները ոչ միայն անվտանգային խնդիրներն են, այլ նաև մեր ավանդական շուկան, գազի գինը: Ո՞վ է Հայաստանին 165 դոլարով գազ վաճառելու: Իսկ եթե ՌԴ-ն վաղը բարձրացրե՞ց գազի գինը, օրինակ՝ նույն Մոլդովայի նման գին սահմանեց: Նույնիսկ խոսակցություն է գնում, որ Մոլդովային արդեն կարելի է գազ չմատակարարել, որովհետև Մոլդովան չի կարողանում գնել: Իսկ Հայաստանն ունի՞ այդքան ռեսուրսներ: Կամ եթե նրանց թվում է, որ Իրանը պետք է ի վնաս ՌԴ-ի գործի, պետք է հիասթափեցնեմ, ես կասկածում եմ, որ նման բան կլինի»,- ընդգծեց Հայկ Խալաթյանը:

Փաշինյանի ընտանեկան թերթը նաև գրել էր, թե Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետև թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողության ներքո։

Հայկ Խալաթյանը վերոնշյալը որակեց՝ Փաշինյանին բնորոշ մանիպուլյացիա. «Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետում գրված է, չէ՞, ում կողմից է վերահսկվելու: Դա ստորագրել է Փաշինյանը: Մյուս կողմից՝ տեսնում ենք Օվերչուկի հայտարարությունները, որ նույն ռեժիմն է լինելու, ինչ Իրանի սահմանին: Հիմա հարց՝ այն, որ ռուսական սահմանապահները կանգնած են Իրանի սահմանին, որևէ կերպ խոչընդոտո՞ւմ է Հայաստանի մաքսային գործառույթների իրականացմանը: Ո՛չ: Հիմա, եթե Օվերչուկն ասում է՝ նույն ռեժիմն է լինելու, ինչ Իրանի սահմանին, լինելու են ռուս սահմանապահները, ինչի տակ ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, ապա ո՞րն է ներկա իշխանությունների դժգոհությունը, դո՞ւք չեք ստորագրել այդ փաստաթուղթը: Կամ եթե նույն ռեժիմն է լինելու, ինչ Իրանի սահմանին, հիմա ի՞նչ, կարող ենք ասել, որ Հայաստանի տարածքով միջանցք է գործում Իրանից դեպի Ռուսաստա՞ն: Ախր, դա մարազմ է, բայց ցավոք, մեր հասարակությունն առաջնորդվում է էմոցիաներով, իսկ այս իշխանություններն այնքան սուտ են ասում, որ հասարակ քաղաքացու համար անհնար է հետևել, թե նույնիսկ երկու շաբաթ առաջ ինչ է ասել վարչապետը, ուր մնաց՝ մի քանի ամիս առաջ կամ մեկ տարի առաջ նա ինչ է խոսել»:

Միևնույն ժամանակ, Խալաթյանը նկատեց, որ եթե Ռուսաստանը ժամանակին մի փոքր այլ կերպ գործեր, ինքն իրեն այս վիճակի մեջ չէր մտցնի. «Ռուսաստանն արդեն կա՛մ պետք է ռազմական գործողություններ սկսի Ադրբեջանի դեմ, որը հասկանալի է՝ չի լինելու… Այստեղ ուրիշ հարց է, ես համամիտ եմ Երկրորդ նախագահի հետ, որ հասկանալով իրավիճակը՝ մենք պետք է փորձեինք նույն ՌԴ-ից ուրիշ օգնություն ստանալ, ասեինք՝ եթե դուք չեք կարող օգնություն ցույց տալ, եկեք՝ քննարկենք, թե ուրիշ ինչ կերպ կարող եք օգնել՝ նույն՝ զինտեխնիկա կամ քաղաքական օժանդակություն, որ և՛ ձեր շահերը հաշվի առնվեն, և՛ մեր անվտանգությունն ապահովվի: Ցավոք, Հայաստանի ներկայիս իշխանությունները ոչ թե փորձում են խնդիր լուծել, այլ փորձում են մեղավոր նշանակել, բացատրել, որ չստացվեց, որովհետև այսինչ երկիրը մեղավոր է»:

Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները մտածում են ոչ թե Արցախը հայկական պահելու կամ Սյունիքի անվտանգությունն ապահովելու մասին, այլ մտածում են՝ դե, մեկ է, Ռուսաստանը մեզ չի օգնում, եկեք՝ ՌԴ-ին մեղավոր նշանակենք, կապերը խզենք, գնանք Արևմուտք. «Նույնիսկ չեն մտածում՝ իսկ եթե Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմում հաղթի կամ ոչ-ոքի լինի, հետո ի՞նչ են անելու: Էլի եմ ասում՝ ՌԴ ազդեցության լծակները Հայաստանի վրա չեն սահմանափակվում միայն անվտանգության խնդիրներով: Հիմա տեսեք՝ ինչպիսի էներգետիկ խնդիրներ ունի Եվրոպան, ի՞նչ՝ ԱՄՆ-ը օգնո՞ւմ է այդ խնդիրները լուծել, ո՛չ, փող են աշխատում՝ իրենց գազն են վաճառում մի քանի անգամ ավելի թանկ, քան ռուսական գազը»:

Խալաթյանը շեշտեց՝  Ալիևը Արևմուտքի և Հայաստանի իշխանությունների հետ հստակ հակառուսական պարտիա է տանում:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս