Վարձակալության գները նորից կբարձրանան 30-40 տոկոսով
Անշարժ գույքի շուկայում բնակարանների վարձակալության, նաև վաճառքի գների բարձրացումը շարունակվում է: Թանկացման երկրորդ ալիքը պայմանավորված է մոբիլիզացիայի հետևանքով ՌԴ-ից քաղաքացիների նոր հոսքերով:
Փորձագիտական տարբեր շրջանակներ նշում են, եթե բնակարանների ու տների վարձակալության գները շարունակեն բարձրանալ, շատ օտարերկրացիներ մեր երկիրը կսկսեն դիտարկել որպես տարանցիկ ուղղություն՝ մտածելով այլ երկրներ տեղափոխվելու մասին:
Ի դեպ, երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ է համաձայնել անշարժ գույքի վերաբերյալ զբոսաշրջիկների դժգոհությունների հետ՝ մասնավորապես նշելով.
«Հենց նոր իմ ընկերը, որը պետք է մի քանի օրով Հայաստան գա, ասաց, որ 500 եվրոյից պակաս գիշերակացով հյուրանոց չի կարողանում գտնել: Երբ ես խոսում եմ թափուր աշխատատեղերի մասին, դա, իհարկե, մեծ կապ ունի, որ առաջվա նման հարմար գներով հնարավոր չէ բնակարաններ վարձել։ Մենք հիմա մեծ աշխատանք ենք տանում, որպեսզի կարողանանք նոր, ավելի ցածր վարձավճարներով բնակարաններ կամ սենյակներ մտցնենք շուկա»:
«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը շուկայում գների բարձրացումը պայմանավորում է բացառապես պահանջարկի մեծությամբ:
«Այս պահին շուկայում բազմաթիվ ՌԴ քաղաքացիներ կան, որոնք տներ են վարձակալում 6 ամիս ժամկետով: Իրենց հոսքն աստիճանաբար մեծանում է, ու հաշվի առնելով հանգամանքը, որ Լարսում կուտակումներ կան, իսկ Վրաստանում ՌԴ քաղաքացիներին այդքան էլ լավ չեն վերաբերվում, շատերը, կարծում եմ, նորից կգան ՀՀ: Այսպիսով, առաջիկա 6 ամսից մինչև 1 տարին բավականին շատ են լինելու վարձակալողները, ու հետևաբար, բարձր գները կպահպանվեն ու ավելի կթանկանան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահե Դանիելյանը:
Անշարժ գույքի գործակալության տնօրենը նկատեց, որ այս հեռանկարը կարող է խաթարել պատերազմը, կամ ռազմական գործողությունները, «բայց եթե խաղաղություն լինի, կմնան»:
Վահե Դանիելյանի կանխատեսմամբ՝ առաջիկա երեք ամիսների կտրվածքով 30-40 տոկոսով գների բարձրացում կլինի վարձակալության շուկայում, 5-10 տոկոս չափով էլ՝ վաճառքի դեպքում: