Կապիտուլյացիա են Երևանի հայտարարությունները փոխզիջման մասին, երբ Ադրբեջանը հոխորտում է՝ ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Երևանն իրենն է. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը 2016 թվականին հռչակվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու: 2016 թվականի սեպտեմբերի 10-ին էլ ծավալուն ելույթ էր ունեցել Ազատության հրապարակում, Արցախյան հիմնախնդրին անդրադառնալով էլ՝ խոստացել էր.
«Մենք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ երբեք չենք բանակցի՝ եթե գործընթացից բացակա է Արցախի Հանրապետության ներկայացուցիչը:
Այս իմաստով խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության որևէ բանագնացի՝ Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցելը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչի բացակայության պայմաններում:
Մեզ հաճախ մատուցում են, թե Հայաստանը նույնիսկ առանց Ղարաբաղի մասնակցության պետք է բանակցի Ադրբեջանի հետ, որովհետև բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Իրականում, սակայն, պատերազմները սկսվում են ոչ թե բանակցային գործընթացի բացակայության, այլ ռազմական հավասարակշռության խախտման հետևանքով:
Խաղաղության երաշխավորը ոչ թե բանակցություններն են, այլ ուժեղ հասարակությունը, որ կանգնած է մարտունակության ժամանակակից պահանջներին բավարարող բանակի թիկունքին: Բանակցությունները խաղաղության երաշխիք համարողները պարզապես ուշադրություն են շեղում այն փաստից, որ իրենք ձախողել և շարունակում են ձախողել խաղաղության ներքին, ներհայաստանյան երաշխիքների ձևավորման գործընթացը:
Եվ այս պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակաբար հոխորտում է ոչ միայն Ղարաբաղը, այլև Երևանն ու Սևանա լիճը իրենը լինելու մասին, պաշտոնական Երևանի հայտարարությունները փոխզիջման պատրաստակամության վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան կապիտուլյացիոն ձևակերպումներ:
Քանի դեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է արմատախիլ անել: Ու եթե ապրելու, մեր պատմական ճակատագրի կրկնվող ցիկլը հաղթահարելու կամք ունենք, ուրեմն պիտի չվախենանք հայտարարել. Աղդամը մեր հայրենիքն է: Իսկ եթե չունենք այդ կամքը, Երևանի ադրբեջանական լինելու մասին Բաքվի հայտարարություններին պիտի պատասխանենք փոխզիջման պատրաստակամության մասին թուլամորթ ձևակերպումներով, ինչպես վարվում են Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը և նրանց սատարող ձեզ հայտնի ուժեր»:
2016 թվականին Ալիևի պահանջները կապիտուլյացիա համարող Նիկոլ Փաշինյանը, սակայն, 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումն Ալիևի նույն պահանջների նկատմամբ: Թեև Ալիևը 2022 թվականին ևս շարունակում է Ստեփանակերտի գլխին ադրբեջանական դրոշ տնկելու մասին հայտարարել, այդ ցանկությունը Նիկոլ Փաշինյանն այլևս կապիտուլյացիա չի համարում և պատրաստ է Ալիևի հետ կնքել խաղաղության պայմանագիր։
«Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ՝ մեր միջազգայնորեն ճանաչված 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը»,- սեպտեմբերի 23-ին Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի իր ելույթի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այս ելույթից ուղիղ մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 30-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված երկու ժամ տևողությամբ հարցազրույցում, Փաշինյանը, որ 2019 թվականի օգոստոսին իր ելույթն ավարտեց «Արցախը Հայաստան է, և վերջ» ինքնավստահ հայտարարությամբ, ավելի քան երկու տարի անց լրագրողի հարցին, թե ի՞նչ է սպասվում ՀՀ քաղաքացիներին, Արցախի քաղաքացիներին, երկար-բարակ ծամծմելով՝ պատասխանել էր. «Կա իրավիճակ, երբ որ Ադրբեջանն ասում է՝ մենք Հայաստանի հետ չենք ուզում Ղարաբաղի հարցը քննարկել»: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ Փաշինյանի՝ հիմա տեղի է ունենում անկախության հաստատման գործընթաց, «Մենք պետք է վճռական լինենք այս գործընթացը մինչև վերջ տանելու համար: Անկախության հաստատումը ցավոտ որոշում է…»:
2016 թվականին Ստեփանակերտի վրա դրոշ տնկելու Ալիևի պահանջը կապիտուլյացիա համարող, իսկ 2022 թվականին ինքն իր ասածը հերքող, Ալիևի նույն պահանջը կապիտուլյացիա չհամարող Նիկոլ Փաշինյանի ելույթները ստորև՝ առանց մեկնաբանության։