Վան Բայբուրթը՝ «Թբիլիսիի պատվավոր քաղաքացի»
Վիկտոր Համբարձումյան, Ռաֆիկ Չիմիշկյան, 2015-ին Գիվի Շահնազարովը, իսկ այսօր արդեն Վան Բայբուրթն է արժանացել «Թբիլիսիի պատվավոր քաղաքացի» կոչմանը:
aliq.ge-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 2–ին «Թբիլիսիի պատվավոր քաղաքացու» կոչում հանձնելու արարողությամբ կատարվեց մայրաքաղաքի տոնի՝ Թբիլիսոբայի միջոցառումների փակումը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 1-ին։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն պարգևատրեց «Թբիլիսիի պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանացած անձանց, որոնց շարքում էր նաև «Վրաստան» հայալեզու թերթի խմբագիր, Վրաստանի 5֊րդ և 6֊րդ գումարման պատգամավոր, վիրահայ համայնքի ներկայացուցիչ Վան Բայբուրթ:
«Մի քիչ շփոթված եմ՝ այս շրջապատում հայտնվելու հետ կապված: Շնորհակալ եմ իմ Թբիլիսիին, իմ Վրաստանին: Այս կոչումը նաև մեր թերթի աշխատակիցների համար, իմ համաքաղաքացիների համար է, նրանք էլ հիմա փաստացի այս կոչման կրողն են», — կոչումն ստանձնելուց հետո նշեց Վան Բայբուրթը:
«Թբիլիսիի պատվավոր քաղաքացի» կոչման հանձնման արարողությանը ներկա էր նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշիլին, ով բացման խոսում մասնավորապես նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեզ հետ միասին նշել Թբիլիսոբան։ Մայրաքաղաք Թբիլիսին իսկապես առանձնանում է իր պատմությամբ, մշակույթով և բազմազգ հասարակությունով։ Թբիլիսին իսկապես հանդուրժողականության եզակի օրինակ է: Մեզ հետ այս քաղաքում դարեր շարունակ տարբեր կրոնների, տարբեր էթնիկ խմբերի և ազգությունների ներկայացուցիչներ միշտ սիրով են ապրել»:
«Ալիք մեդիայի» հետ զրույցում Վան Բայբուրթը նշում է. «Ծնվել, մեծացել եմ Թբիլիսիում՝ Մեյդան կոչվող թաղամասում: 25 տարեկանից հետո արդեն սկսեցի ապրել Սոլոլակ թաղամասում: Երբ առաջին անգամ մասնակցեցի Թբիլիսոբային, 29 տարեկան էի, իսկ հիմա արդեն իմ 42-երորդ Թբիլիսոբան է»:
Մայրաքաղաքի տոնն ամենամյա համաժողովրդական տոն է դարձել, որ նվիրված է հինավուրց քաղաքին և բերքահավաքին։ Թբիլիսոբան առաջին անգամ նշելուց ի վեր ավանդական է դարձել պատվավոր քաղաքացու կոչում շնորհելը։