Երևանում՝ «կարմիր գծերի» գույնը, իսկ Կենտրոնի և ծայրամասի ավտոկայանատեղիների գինը փոխելով՝ ի՞նչ հարց կլուծվի
Կառավարությունն իր սեպտեմբերի 29-ի նիստում հավանություն է տվել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով առաջարկվում է փոխել վճարովի ավտոկայանատեղերի` «կարմիր գծերի» գույնն ու վճարի չափը։
Նախագծով նախատեսվում է երևանյան ներկայիս միանման ավտոկայանատեղերը տարբերակել ըստ նշանակության. հաշմանդամ վարորդների համար` մի գույնով, ծառայողական ավտոմեքենաների համար` մեկ այլ, շարքային քաղաքացիների համար էլ` ուրիշ գույնի գետնանշումով:
Կառավարության երեկվա նիստի օրակարգում ներառված վերը նշված նախագծերի առնչությամբ Ֆեյսբուք սոցիալական ցանցում քննարկումներ են սկսվել: Քաղաքացիներին նախ հետաքրքրում էր ոչ միայն այն, թե ինչ գույնով են ներկելու, այլ նաև արդեն այսօր կանխատեսում էին, որ ներկերի որակը լավը չի լինելու:
«Շատ լավ իմանալով մեր գծանշումների որակը` ես արդեն պատկերացնում եմ անձրևի ժամանակ քեզ համար նախատեսված գույնի գիծ փնտրելու պրոցեսը»,- գրել է օգտատերը:
«Ինչ գույնի էլ լինի՝ ես մեկ է «կապոտը» բացում և 1 րոպե բզբզում եմ ու ձրի կանգնում. 6 տարի է՝ դեռ ակտ չի եկել»,- նշել է մեկ այլ օգտատեր:
Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խնդիրն իրականում ավելի բարդ է, և այն կապված է տրանսպորտային համակարգի, կայանատեղիների հետ:
«Կենտրոնի և քաղաքի այլ գոտիների տարբերակումը միանշանակ ճիշտ է, ամբողջ աշխարհում այդպես է և, բնականաբար, կապված է տրանսպորտային հոսքերից՝ այն, թե քաղաքի որ հատվածում հոսքը որքան է և համապատասխանաբար որքան կայանատեղիի անհրաժեշտություն կա: Սկզբունքն այն է, որ ավտոկայանատեղիի գինը պետք է հասանելի լինի: Չի կարող 100 դրամ լինել Երևանի կենտրոնում և 100 դրամ՝ 4-րդ Մասիվում, որովհետև Կենտրոնում տրանսպորտային հոսքն ավելի մեծ է, կայանատեղիի պահանջարկն ավելի շատ է: Նաև տարանջատումներ կան տարբեր տեսակի մեքենաների դեպքում:
Օրինակ՝ էլեկտրակա՞ն, թե՞ ոչ էլեկտրական մեքենա է, ի՞նչ դասի է, կոմերցիո՞ն է, թե՞ ոչ: Իսկ այն ձևաչափը, որ հիմա ներկայացված է, կարծում եմ՝ էական որևէ բան չի փոխի, որովհետև գլխավոր հարցը, որ Հայաստանում ծագում է՝ կայանատեղիների անվտանգության վերահսկողությունն է, որովհետև շատ են դեպքեր եղել, երբ մեքենան այդ նույն կարմիր գծերի մեջ կանգնած վնասվել է, ու ոչ մի ձև հնարավոր չի եղել պարզել, թե ով է եղել վնասողը: Կարծում եմ՝ նմանատիպ հարցերն ավելի կարևոր են, քան գույները. լինի կանաչ, դեղին, թե կարմիր: Սա գուցե քայլ է դեպի ընդունված մեխանիզմներ, սակայն կարծում եմ՝ ձևական է լինելու»,- նշեց Արտյոմ Պետրոսյանը:
Մեր զրուցակցին հետաքրքրում էր նաև, թե նախագծի ընդունման դեպքում ո՞վ է լինելու կայանատեղիների օպերատորը, Քաղաքապետարա՞նը, թե՞ այլ մարմին:
«Մեր տրանսպորտային համակարգն ինքնին կազմակերպված չէ, և հաճախ կայանատեղիները կարող են խանգարել: Եթե փողոցում մեկ տեղ կայանատեղի է նախատեսված՝ չպետք է լինի երթևեկելի մասի հաշվին: Պետք է լինի առանձին տրամադրված տարածք, որովհետև մեքենան երբ կայանում է՝ չի խանգարում հոսքին»,- եզրափակեց Արտյոմ Պետրոսյանը: