Բաժիններ՝

Տնամերձ հողամասում նռնակը պայթեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում պայմանագրային զինծառայողը կալանավորվել է

Պարզվել են պայմանագրային զինծառայողի կողմից կնոջ ծնողների տանը կից հողամասի ուղղությամբ նռնակ նետելու և պայթեցնելու դեպքի հանգամանքները:

Ինչպես  հայտնում են Քննչական կոմիտեից, ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը, գնալով կնոջ ծնողների՝ Սևան քաղաքի Խաչերի փողոցում գտնվող տուն, ընտանիքի անդամների ներկայությամբ, իր կողմից հափշտակված, ապօրինի կերպով պահվող և փոխադրված նռնակի գործադրմամբ, հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է հնչեցրել կնոջ հոր հասցեին, որից հետո նռնակը նետելով հիշյալ տանը կից հողամասի ուղղությամբ՝ պայթեցրել է:

Բացի այդ, հիշյալ պայմանագրային զինծառայողը 2015 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի վերին սահմանային մարտական դիրքերից մեկից գտել, այնուհետև ապօրինի կերպով փոխադրել և պահել է ռազմամթերք հանդիսացող «Ֆ1» տեսակի նռնակ, որը 2020 թվականի դեկտեմբերի 19-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Սևան քաղաքի Բաբաջանյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանի պատշգամբից նետելով՝ պայթեցրել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պայմանագրային զինծառայողին մեղադրանք է ներկայացվել: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս