«Մոջահեդի արյունոտված չալման ուղիղ 7 մետր էր. նրանք էին մեր դեմ կռվում». Աիդա Սերոբյան

«Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանի կարծիքով՝ Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել՝ նույնն է, ինչ 90-ականների պատերազմի ժամանակ:

«Գլուխները կտրում՝ ֆուտբոլ էին խաղում. Ոչինչ չի փոխվել: Եթե մեզ մոտ ասում են՝ հարկավոր է խաղաղ, հանգիստ, փոխհամաձայնության գալով, նրանց մոտ այդպես չկա՝ թեկուզ դիակների վրայով, թեկուզ գլխատելով, թեկուզ մասնատելով՝ պետք է հասնեն իրենց ցանկությանն ու կամքին: Առաջին պատերազմի ժամանակ և՛ նրանց տանկիստները, և՛ օդաչուները, և՛ սնայպերները բոլորը վարձկաններ են եղել:

90-ականներին անգամ մոջահեդներ էին բերել մեր դիմաց: Երբ ասվում էր, որ մոջահեդներ կան, ոչ ոք չէր հավատում, հետո երբ ես Շուշիի գնդում էի ծառայում, ու երբ դիպուկահարը հրամանատարին ասաց, որ մոջահեդ է խփել, հրամանատարն ասաց՝ իջեք, դիակը բերեք: Երբ իջել էին, ադրբեջանցիների դիակներ էին թափված, իսկ մոջահեդի գլխի չալման ընկած է եղել այնտեղ, բերեցին՝ արյունոտված չալման ուղիղ յոթ մետր էր»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ 44-օրյա պատերազմին Ադրբեջանի կողմից բազմաթիվ երկրների վարձկաններ էին կռվում:

Աիդա Սերոբյանը մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին. «Սեպտեմբերի 28-ին մեր ջոկատը հավաքվել է, և Կուսապատ գյուղում էինք: 52 օր այնտեղ ենք եղել: Մեր կողմը այդքան սարսափելի չէր, ռմբակոծություններ կային, բայց… Հետո խոսակցություններ էին հասնում, որ Մարտունի մտան, Հադրութ մտան, լսեցինք, որ թուրքը Կարմիր շուկայում է, հետո լսեցինք, որ Շուշին է վերցրել. դա արդեն խելագարվելու բան էր»:

Գնդապետը նկատեց՝ հրամանատարներն իրենց տեղում չեն, զորքին միայնակ են թողնում, դրա համար էլ այդքան շատ հայ զինվոր է գերի ընկնում.

«Երեխաները տեղանքին անծանոթ են, ավտոմատով կանգնած են, ԱԹՍ-ները պտտվում են նրանց գլխավերևում, հրամանատարներն այնտեղ չեն, որ թաքնվելու, նահանջելու կամ հարձակվելու հրաման տան, երեխեքն էլ խուճապի մատնվելով՝ վազում են այս կողմ-այն կողմ ու գերի են ընկնում: Ես չգիտեմ, թե ինչով է պայմանավորված հրամանատարների այդ վերաբերմունքը: Ես միայն կարող եմ ասել, որ մեր ջոկատի հրամանատարն ու նրա տեղակալը ոչ մի վայրկյան զորքին մենակ չեն թողել: Մենք էլ հո զինվորնե՞ր չենք, մենք չափահաս մարդիկ ենք, բայց զորքին միայնակ չեն թողել: Սա հետաքննության թեմա է:

Ես չեմ հիշում՝ 90-ականների չորս տարվա պատերազմի ժամանակ մենք այսքան դիակ թողած լինեինք: Չէ՞ որ մենք մինչև 92 թվի վերջը նահանջել ու նահանջել ենք, բայց այս ձևով, այսքան դիակներ, 100-ներով դիակ են թողնում, այսքան դիակը ո՞նց կարելի էր թողնել թուրքի մոտ:

90-ականներին, երբ նահանջի հրաման էր լինում, առաջին հերթին դուրս էինք բերում մեր վիրավորներին, հետո՝ դիակներին, որ մեր դիակները չմնային այնտեղ: Հրամանատարը քիչ էր մնում ինքնասպան լիներ, եթե մի դիակ մնում էր չեզոք գոտում, ասում էր՝ գնամ՝ մորը ի՞նչ ասեմ, գոնե դիակը տանեմ՝ մայրը վրան լաց լինի»:

Աիդա Սերոբյանը նկատեց՝ 90-ականներին մարդիկ պատրաստ էին իրենց պայթեցնել, միայն թե գերի չընկնեն. «Կարող է՝ երեխաները չեն պատկերացնում՝ ինչ է գերությունը, բայց մենք հո դա լավ գիտենք: Դրա համար մեզնից յուրաքանչյուրը մարտերի ժամանակ վերջին նռնակը պահում էր իր համար, որ պետք է կենդանի գերի չընկնենք»:

Դիտարկմանը՝ 44-օրյա պատերազմից հետո քարոզչություն էր տարվում, որ գերիներին Ադրբեջանում լավ են նայում, նա արձագանքեց.

«Ո՞նց են լավ նայում, որ գերու խոշտանգված դիակ հանձնեցին: Ո՞նց կարող է ադրբեջանցին գերուն լավ նայել: Փորից վիրավոր մի գերու նկարում էին՝ հանրությանը ցույց տալու համար: Իրենք կտրտում են, խոշտանգում են, դանակը աչքն են մտցնում ու իրենք էլ նկարում՝ սոցցանցեր են գցում, հպարտանում են: Քնած մարդուն կացնահարելը նրանց համար հերոսություն է, հերոսի կոչում տվեցին, ծաղիկներով ընդունեցին: Իրենք նկարում են՝ իրենք գցում են սոցցանցեր, որ՝ տեսեք՝ մենք ինչ ենք անում հայերի հետ»:

Գնդապետը նկատեց՝ եթե անգամ խաղաղության պայմանագիր ստորագրվի, երկար ժամանակ խաղաղություն չի լինելու.

«90-ականներից մենք անհետ կորածներ ունենք, մեկի մոր հետ զրուցում եմ, ասում է՝ տիկին Աիդա, դռան զանգը որ տալիս են՝ սիրտս թրթռում է, ասում եմ՝ բացեմ-տեսնեմ՝ տղաս է դռան դիմաց կանգնած: 30 տարի է անցել: Հիմա այդ մորը կարո՞ղ ես ասել՝ հարևան ենք, պետք է խաղաղ ապրենք: 70 տարի Սովետական Միության ժամանակ ապրեցինք, հետո ի՞նչ եղավ, եղավ այն, ինչ ունենք»:

Նա շեշտեց՝ 44-օրյա պատերազմից հետո իշխանությունները պետք է բանակը զինեին: «Սահմանին կանգած զինվորը կարիք ունի, որ իր կողքին լինի հին, փորձառու կռվող մեկը: Դուք չեք պատկերացնի՝ զինվորներն ինչքան են ոգևորվում, երբ իրենց կողքին հին կռվող են տեսնում»,- ասաց նա:

Գնդապետի խոսքով՝ հերոսներն այսօր սահմանին կանգնած զինվորներն են, որոնք, ըստ նրա՝ ավելի լավ են կռվում, քան իրենց հրամանատարները:

«Ես հավատում եմ, որ էլի ենք հաղթելու: Դա կլինի միայն միասնականության պարագայում, երբ հայ ազգը նորից կդառնա մի բռունցք: Սիրելի հայրենակիցներ, չհուսալքվեք, ամեն մութ գիշեր ունի առավոտ: Վերջիվերջո, բացվելու է այդ լուսավոր առավոտը: Ադրբեջանը տեսնում է, որ պառակտված ենք, դրա համար էլ անընդհատ հարձակվում է մեզ վրա: Որ տեսնի՝ համախմբած ենք և մի բռունցք դարձած՝ պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը, նա երբեք չի համարձակվի հարձակվել մեզ վրա: Միասնական պետք է լինենք, այդ ժամանակ մենք կհաղթենք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս