«Ադրբեջանը Փաշինյանի այդ ելույթից հետո սկսեց պահանջել Նռնաձորը». Արմեն Սաքապետոյան

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելիս անդրադարձել էր խաղաղության պայմանագրի կնքման համար ադրբեջանական կողմի պահանջներին և ասել էր. «Նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով և ավարտում են Հայաստանի մայրաքաղաք Երևանով»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, Մեղրու զարգացման հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սաքապետոյանը, խոսելով, մասնավորապես, Հայաստանի հարավ-արևելյան սահմանի վերջին և Փաշինյանի հիշատակած գյուղի՝ Նռնաձորի մասին, ասաց՝ այդ գյուղի նկատմամբ ադրբեջանական նկրտումներն առկա էին նաև հայր Ալիևի ժամանակաշրջանում, ինչն այն ժամանակ կանխվել էր Կարեն Դեմիրճյանի շնորհիվ, որը Նռնաձորով Ադրբեջանին ճանապարհ տալը համարել է Բաքու-Անկարա ճանապարհ։

Մեր օրերում, ըստ Սաքապետոյանի, ադրբեջանական ցանկությունների մեջ որևէ բան չի փոխվել, սակայն փոխվել է իշխանության մոտեցումը պետության սահմանամերձ գյուղերը պահպանելու և չհանձնելու հարցում։

«Պետության կողմից ներդրումներ չկան, իսկ այն, որ այսօր Կառավարության նիստում ասում էին, թե 13.9 տոկոս տնտեսական աճ ունենք, ապա պետք է նշեմ, որ դա չպետք է վերաբերեր միայն Երևանի կենտրոնին, այն պետք է իր դրսևորումը ստանար մասնավորապես Նռնաձորում, սակայն չկա, և պետությունը որևէ մեխանիզմ չի ուղղել այս գյուղի ուղղությամբ՝ այն վերաբնակեցնելու, ենթակառուցվածքներ զարգացնելու համար, ավելին՝ անցյալ տարի բնակիչները ամբողջ բերքը կորցրեցին, որովհետև չէր աշխատում Արաքսից սնվող պոմպակայանը, նորոգելու համար 3-5 միլիոն դրամ էին ուզել Կառավարությունից, ինչը չհատկացվեց, թեև գումար կա տարբեր ծրագրերի համար»,- ասաց Արմեն Սաքապետոյանը։

Կարդացեք նաև

Պատահականությունների չհավատացող Սաքապետոյանը նշեց՝ չի հավատում, որ զուտ զուգադիպություն էր այն, որ երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում խոսեց Նռնաձոր գյուղի մասին, այդ նույնը օրն ադրբեջանական մեդիաները սկսեցին իրենց տեսանկյունից ներկայացնել պատմական ակնարկներ գյուղի ադրբեջանական ծագումնաբանության մասին։

«Պատահականությունների չեմ հավատում, այն օրը, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն ուզում է Նռնաձորից մինչև Երևան տիրանալ մեր հողերին, Ադրբեջանը հենց այդ նույն օրը սկսեց կոնկրետ Նռնաձորի վերաբերյալ տեսանյութեր տարածել։ Ադրբեջանը առաջին անգամ հենց Փաշինյանի այդ ելույթից հետո սկսեց կոնկրետ պահանջներ ներկայացնել Նռնաձորի հետ կապված»,- ասաց Արմեն Սաքապետոյանը՝ նշելով, որ Արդբեջանը սկսել է արագ տեմպերով կառուցել նոր ավտոմայրուղի դեպի Նռնաձոր։

«Մտավախություն ունեմ, որ Ադրբեջանն իր հատվածը հենց կառուցի ավարտի, կսկսի ճնշումներ գործադրել, որ հենց այս հատվածով իրեն Հայաստանը միջանցք տա»։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս