Սկսվեց չավարտված պատերազմը, չպարտվածները զոհվեցին՝ չիմանալով, որ պարտվել ենք…

Երբ տեսնելու շատ բան է եղել, և ասելու շատ բան կա, արտահայտվելը չափազանց դժվար է, հատկապես, երբ խոսքը բանակի, զինվորի, սպայի, հրամանատարի մասին է: Առհասարակ, միշտ զարմացել եմ, երբ սիրո մասին կարելի է երկար խոսել, աղոթքում շատախոս լինել, այն, ինչ ինտիմ է, հրապարակներում գոռալ: Չի ստացվում, զգացածի և զգացմունքների շատությունն ու «կռիվը» խանգարում է:

2 տարի առաջ այս օրը առավոտյան ժամը 7:10, իսկ գուցե ավելի շուտ սկսվեց չավարտված պատերազմը:

Ազդարարվեց դիվանագիտության պարտությունը:

Տևեց 44 օր, հետո ամբողջ պետությունը պարտվեց:

Կարդացեք նաև

Բանակին պարտադրվեց պարտություն՝ ներսի ու դրսի պատերազմ պարտադրածները, պարտադրանքին տրվածները:

Չպարտվածները զոհվեցին՝ չիմանալով, որ պարտվել ենք:

Վերադարձածներն իմացան ու չհամակերպվեցին՝ լուռ մնալով, պայքարելով, պատմելով:

Պատերազմի 44-օրերը բառերիս նման «չոր» չեն անցել, եղել են դեպքեր, որ արցունքներս խեղդելու ուժ չեմ ունեցել:

Պատերազմից մի քանի օր էր անցել՝ մոտ մեկ շաբաթ, խմբագրություն զանգահարեց մի կին ու ասաց, որ որդուց լուր չկա, տվյալները փոխանցեց…

Իմացա: Զոհվել էր, տանկի մեջ էր եղել… մարմինը… Մորը չկարողացա ասել…

Հոկտեմբերի կեսերն էր: Աշխատավայրիս խոհանոցում եմ ու լուր ստացա՝ Վահագն Ասատրյանն է զոհվել (hոկտեմբերի 12):

Արցունքներս կոկորդումս խեղդել չկարողացա: Հրամանատար-գնդապետի հետ ծանոթացել էի մոտ 8-9 տարի առաջ, և աչքիս առաջ անմիջապես մի դեպք եկավ.

2013-ին Նոյեմբերյանի զորամասում ժամկետային Լյուքս Ստեփանյանը ծառայակցի հետ վեճի արդյունքում հնչած հրազենային կրակոցից մահացու վիրավորում էր ստացել, սրան հետևեցին զորամասի սպայակազմից մի շարք ազատումներ:

Դեպքի վայրում էի, լրագրողներից մեկը մատն ուղղեց դեպի հրամանատար Ասատրյանը և տեղում ներկա՝ այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից պահանջեց՝ ինչի՞ իրեն էլ չեք ազատում: Հրամանատարը ոչինչ չասաց: Սեյրան Օհանյանն արձագանքեց՝ նման շռայլություն չեմ կարող թույլ տալ:

Հետո գնդապետ Թաթուլ Ղազարյանը, փոխգնդապետ Արմեն Օհանյանը… հրամանատարներ, որոնց հարազատների խոսքերով, այնքան ճիշտ եմ զգացել՝ մեր շփումների արդյունքում, կողքից նայելով…

…Լուր ստացա՝ զոհվել է ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը…

Իր հետ մեր շփումները Տավուշից են սկսվել, 3-րդ բանակային կորպուսից… Այս մասին վկայող ընդամենը մեկ լուսանկար ունեմ արած՝ դիմացը նստած հետևում եմ մտքերի մեջ ընկած գնդապետին…

Արթուրը նաև ինձ համար հարազատ «Սիսական» գնդից է եղել: Զոհված հրամանատարներից շատերի մասին կարող եմ պատմել…

ՊԲ պաշտպանական շրջանների դիրքերում այնքան պատմություններ եմ թողել ու փրկել: Այդ դիրքերից շատերն այսօր թշնամու ձեռքին են, պատմությունների մասը փրկվել են լուսանկարների շնորհիվ:

Հա, մեկ էլ Աղդամից՝ Ակնայից բերած մի 8 տարվա նուռ ունեմ տանը պահած, արդեն չորացել է, բայց չեմ գցում, մեկ էլ մի կրակված փամփուշտ Շուշիի ազատագրման օպերացիայից մնացած, որ մի օր Արցախում նվեր ստացա… նվիրողն էլ կենդանի չէ արդեն:

2020-ի սեպտեմբերյան պատերազմը 44 օր հետո ավարտվեց, ես կասեի՝ այլ փուլ տեղափոխվեց: 2 տարի հետո չկան զոհվածների, գերիների, անհետ կորածների ցուցակները, իսկ դրանց ավելացել են նորերը:

44-օրյա պատերազմը նոր փուլ է տեղափոխվել, և դեռ փուլեր կան անցնելու:

Բանակը շարունակում է չպարտվել, նրան շարունակում են պարտություն պարտադրել, մսխել նաև փոքր դիրքային հաղթանակները:

Իսկ ես շարունակում եմ կռվել ու ապացուցել, որ բանակը չի պարտվել 44-օրյա պատերազմում, այո, կոպիտ սխալներ են եղել, պատշաճ պատրաստություն չի եղել, բայց բանակը չի պարտվել, նրան այդ պարտությունը պարտադրվել է: Գեներալները պիտի անուններ տան: Չեն տալիս:

Իսկ ես շարունակում եմ պայքարել, որ պատերազմին պաշտոնավարած գեներալները «միանան» բանակի հեղինակությունը փրկող պայքարիս:

Դեռ չեն միանում: Ստիպված եմ նաև իրենց փոխարեն պայքարել, երբեմն, այսպես ասած, իրենց համար՝ որպես իմ բանակի գեներալի:

Քանի անգամ եմ հիասթափվել, բարկացել, երդվել՝ չպաշտպանել, իրենց փոխարեն չկռվել: Չի ստացվել: Եթե ոչ իրենց, ապա իրենց անցյալը, որին իրենք իսկ պարտվեցին, պիտի պաշտպանել միշտ: Իրենց անցյալն իմ բանակի պատմության մի մասն է…

2 տարի առաջ այս օրը առավոտյան ժամը 7:10, իսկ գուցե ավելի շուտ սկսվեց չավարտված պատերազմը…

Երկրի քաղաքական և ռազմական գործող ղեկավարությունը «Եռաբլուր» չի գնացել: Կասեն՝ զոհվածների հարազատների հետ բախումներից են խուսափել: Ե՛վ գնալն է խայտառակություն, և՛ չգնալը:

Այսօր մեր երկիրը ղեկավար-տեր չունի, նաև նրանց պատճառով, որ տարբեր մանր կենցաղային առիթներով գոռում էին՝ «մենք ենք տերը մեր երկրի»… Նրանք հիմա չկան, իսկ երկրի իրական շարքային տերերը դիրքերում են…

Տեսանյութեր

Լրահոս