«Ռևանշը մարաթոնյան վազքի նման է՝ կարճ տարածքի վազքի նման չէ, ժողովուրդը կկանգնի մի օր». Աշոտ Ավագյան

Սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ձայների մեծամասնությամբ առաջատարն է Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Կարեն Հակոբջանյանը։

Նշենք, որ Սիսիան համայնքում ընտրապայքարի մեջ էին մտել 5 կուսակցություն և 2 դաշինք` «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հանուն Հանրապետության», «Մեկ Հայաստան»,  Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները և «Աշխատանք և արդարություն», «Զարգացող համայնք» դաշինքները։

168.am-ի հետ զրույցում «Սիսական» ջոկատի կամավորական, նկարիչ Աշոտ Ավագյանը, որը գլխավորում էր ՀՅԴ ցուցակը, նշեց, թե չի կարող ասել, թե ինչպես են թշնամու կրակի տակ գտվող Սիսիանում ընտրում ՔՊ թեկնածուին։

«Այս հարցը երևի պետք է ուղղեք հոգեբաններին։ Ինքս կարծում եմ՝ այս ժողովուրդը իմունիտետ ասվածը կորցրել է, իմունիտետը լայն հասկացողություն է, որի մեջ մտնում է նաև արժանապատվությունը։ Վախ, խաղաղության ու պատերազմի հետ կապված քարոզչությունը գյուղական շրջաններում նայում են միայն Հանրային հեռուստաընկերությամբ։ Երևի բոլոր դեպքերում այդ քարոզչությունն ազդում է  էլի մարդկանց վրա։ Չմոռանանք, որ մեկ տարի առաջ ԱԺ արտահերթ ընտրություններում ՔՊ-ն նույն ձայներն էր ստացել, մի քիչ է փոխվել, այսինքն՝ այս մեկ տարվա մեջ ոչինչ չի փոխվել կամ քիչ բան է փոխվել»,- նշեց Աշոտ Ավագյանը։

Կարդացեք նաև

Ըստ Աշոտ Ավագյանին, գուցե մարդիկ ոչինչ չեն գիտակցում։

«Մարդու շապիկն իր մաշկին ավելի մոտ է, քանի իրենց չի կպել, իրենց համար վերացական է, որ թշնամին կրակում է, սահմանն իրեն ավելի է  մոտեցել և այլն։

Եթե այս ժողովրդին անվտանգային հարցը հետաքրքրեր, ապա չէին ընտրի ՔՊ-ին»,- շեշտեց Աշոտ Ավագյանը։

Այս համատեքստում, մեր զրուցակիցն ասաց, որ Սիսիանում, անվտանգության առումով այն իրավիճակն է լինելու, ինչ եղել է  մինչ օրս։

«Ռասկլադն այնպես է, որ կարող է Սիսիանում կոալիցիա կազմեն, և Նիկոլ Փաշինյանի կողմնակիցը չընտրվի։ Այսինքն՝ պետք է սպասել առնվազն 1-2 օր, հասկանանք, թե ավագանու առաջին նիստն ինչպես կլինի, արդեն կերևա, թե ով է ընտրվում։ Իսկ եթե ՔՊ-ի թեկնածուն ընտրվի, ապա շարունակվելու է  այն, ինչ վերջին երկու տարիներին կատարվում էր։

Այդուհանդերձ, ամեն ինչ լավ է լինելու, և միևնույն է՝ ռևանշ լինելու է։ Ռևանշը մարաթոնյան վազքի նման է՝ կարճ տարածքի վազքի նման չէ, ժողովուրդը կկանգնի մի օր։ Ռևանշը ոչ թե ընտրությունների հետ է կապված, այլ զարթոնքի, իմունիտետ ձեռք բերելու և անվտանգային հարցերին այլ կերպ մոտենալու հետ։ Եվ այդ ռևանշը վստահաբար լինելու է»,- եզրափակեց Աշոտ Ավագյանը։

Տեսանյութեր

Լրահոս