Ազգային պաշտպանության ռազմավարության շտապ պահանջ. Դոկտ. Արշավիր Գյոնջյան
Ազգային գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե հայտարարենք, որ ամբողջ հայ ժողովուրդը՝ մայր հայրենիքում, վիրավոր Արցախում ծվարած, թե աշխարհի ամենատարբեր անկյուններում սփռված, այսօր խորը անապահովության եւ անորոշության մեջ է գտնվում։
Իր ռազմական հաջողություններով եւ Թուրքիայի համագործակցությամբ քաջալերված Ադրբեջանը ոչ մի առիթ բաց չի թողնում Հայաստանը հանպատրաստից սահմանային հարձակումների սպառնալիքի տակ պահելու համար, ինչը է՛լ ավելի է սրում հայերի անհանգստությունը, քանի որ դրանք սովորաբար անպատիժ են մնում։
Արցախյան 44-օրյա տխրահռչակ պատերազմը բացահայտեց թերությունները մեր ժողովրդի, որ 1991 թվի անկախության հռչակումից ներշնչված ապրում էր անհասկանալի մշտնջենական խանդավառության մթնոլորտում, տոնի վերածելով այդ խանդավառությունը, բայց մոռանալով, որ 1991-ի անկախությունը, ինչպես դրանից առաջ 1918-ի անկախությունը մեզ մատուցվել էր Հայաստանի շուրջ ծավալվող քաղաքական որոշակի զարգացումների արդյունքում, եւ ոչ թե որպես հետեւանք դժվարահաղթելի ռազմական պայքարի։
Անկախությունը հալած յուղի տեղ էր ընդունվել, եւ ոչ թե որպես թանկարժեք նվեր, որն անհրաժեշտ էր պահպանել եւ պաշտպանել աչալուրջ ազգային պաշտպանության համակարգ ստեղծելով։ Որպես ազգային բարձրագույն առաջնահերթություն, պաշտպանության նման համակարգը պետք էր զգուշավորությամբ, բայց հարատեւորեն բարելավվեր՝ մշտական պատրաստվածության մեջ պահելու համար այն։
Քառասունչորսօրյա հանկարծակի պատերազմը ցավալիորեն բացահայտեց, որ անկախությունից հետո իշխանության եկած բոլոր վարչակարգերը, ներառյալ այժմյանը, անպատասխանատու ձեւով անտեսել էին իրագործել ազգային անվտանգության եւ պաշտպանության ռազմավարության էությունը հանդիսացող կենսական բաղադրիչները։
Չենք կարող այստեղ զսպել Իսրայելի հետ համեմատություն կատարելու գայթակղությունը, քաջ գիտակցելով հանդերձ անհրաժեշտ մատչելի ռեսուրսների միջեւ եղած հսկայական տարբերությունները։ Պետք է նշել, որ 1948 թվին, երբ անկախացավ, Իսրայելը շատ ավելի վատ իրավիճակում էր, քան Հայաստանը 1991 թվին։ Այդ ժամանակ Հրեաստանը հազիվ մեկ միլիոն բնակչությամբ աղքատ, հետամնաց, անապատային մի երկիր էր՝ շրջապատված բազմամիլիոն լավ զինված երդվյալ թշնամիներով, որոնք հանուն սրբազան նպատակի խորապես երդվել էին ոչնչացնելու այդ նորափթիթ պետությունը։
Այսօր Իսրայելը անառարկելիորեն արդիական եւ օրինակելի պետություն է հարգված եւ ճանաչված ամբողջ աշխարհի կողմից։ Ունի տասնապատիկ ավելի բնակչություն, առաջնակարգ տնտեսություն եւ գիտական ու արդյունաբերական հարուստ համացանց, որտեղ պաշտպանությանը հատկացված բաղադրիչը այնքան բարձր է, որ նախանձն է շարժում աշխարհի գերտերությունների։ Դասը, որ ակնհայտորեն կարելի է քաղել այն է, որ իր գոյության առաջին իսկ օրվանից Իսրայելն իր պաշտպանության պատրաստվածությունը խոհեմաբար դարձրել է ազգային կարեւորագույն առաջնահերթություն։ Երկրի ամբողջ բնակչությունը, տղամարդիկ թե կանայք, մարզվում է եւ ազդանշանի պարագայում պատրաստ է անմիջապես զենք վերցնել եւ պաշտպանել ինչպես ինքն իրեն, այնպես էլ երկիրը։ Իսրայելի համալսարաններն ու գիտական կառույցները մարդկային ռեսուրսների արգասավոր կենտրոններ են, որոնք պաշտպանության ոլորտը հասցրել են գագաթնակետին։
Ակնկալելով հայ փորձագետների սովորական փաստարկները Իսրայելի հետ համեմատություն կատարելու մեր փորձին, նշենք մի անգամ եւս, որ այո, Հայաստանը Իսրայել չէ եւ հայերը հրեաներ չեն ոչ աշխարհում իրենց թվաքանակով, ոչ էլ տնտեսական հնարավորություններով եւ միջոցներով։ Մյուս կողմից, սակայն, արդար լինելու համար պետք է ընդունենք, որ Հայաստանն ու հայերը ունեցել են եւ այժմ էլ ունեն բավականաչափ ներուժ ձգտելու եւ հասնելու համար Իսրայելի հաջողությունների առնվազն պատվաբեր մի մասի։
Ներկայիս, Հայաստանը այդուհանդերձ շատ հեռու է նույնիսկ նման համեստ նպատակներ հետապնդելուց։ Անհրաժեշտ է, որ սխալները, որոնք կատարվել են անցյալում եւ շարունակվում են կատարվել, մատնանշվեն հստակորեն եւ բարձրաձայն։ Դրանք պետք է պախարակվեն, որպեսզի ճանապարհ հարթվի դեպի անմիջական եւ արդյունավետ ուղղել միջոցների, որոնք հրատապ առաջնահերթություն կդարձնեն ազգային պաշտպանվածությունը երկրի եւ քաղաքացիների։
1991-ին, հետխորհրդային Հայաստանն ուներ երեք միլիոնից ավելի բնակչություն, որն ապրում էր ամբողջապես զարգացած մի երկրում, որը որպես խորհրդային գերտերության մի մասնիկը, ժառանգել էր առաջընթաց արդյունաբերություն եւ միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական ու գիտական բարձրագույն կառույցների ամուր մի համակարգ։ Երեսուն տարի անց, արտագաղթի հետեւանքում բնակչությունը զգալիորեն նվազել է, փոխանակ առնվազն կրկնապատկվելու։ Անկախությունից հետո, փաստորեն պետություն կառուցելու թանկարժեք 30 տարիների հնարավորությունը բաց է թողնվել։ Այդ միեւնույն ժամանակահատվածում, սակայն, թույլատրվել է եւ նույնիսկ խրախուսվել Հայաստանի մտավոր եւ ազգային նյութական արժեքների հարատեւ թալանը։
Անկախ Հայաստանի գերագույն ղեկավարության արհամարհանքի գիտության, բարձրագույն կրթության եւ հետազոտությունների, ինչպես նաեւ անփույթ վերաբերմունքը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ արդյունաբերության հանդեպ ճանապարհ են հարթել Հայաստանից ուղեղների շարունակական արտահոսքի, որից շահել են արեւմուտքի բազմաթիվ առաջավոր երկրներ։ Այսօր սովորական երեւույթ է Եվրոպայի կամ Ամերիկայի ճանաչված կրթական հաստատություններում կամ հետազոտական հիմնարկներում հանդիպել հայկական անունների։ Նրանց մեծամասնությունը արտագաղթել է անկախացած Հայաստանից։
Միեւնույն ժամանակ Հայաստանի համապատասխան հեղինակավոր ինստիտուտներից մենք հաճախ գանգատներ ենք լսում, որ տարեցտարի թափուր են մնում առաջավոր ուսումնասիրությունների համար նախատեսված տաղանդավոր ուսանողների, հետազոտողների եւ դասատուների տեղերը։
Մինչ մենք արդարացիորեն մտահոգված ենք, որ Հայաստանն ունենա ուժեղ ազգային պաշտպանության համակարգ եւ ռազմավարություն, Հայաստանից մեզ հասած լուրերի համաձայն, զայրացուցիչ է իմանալ, որ հատկապես վերջին երկու տարիների ընթացքում երկրի բյուջեի պաշտպանության ոլորտին հատկացված խղճուկ գումարը «ամբողջությամբ» չի օգտագործվել։ Հավանաբար որոշ գումար «հատկացվել» է երկրի շատ ավելի կարեւոր «այլ կարիքները» հոգալուն։
Նման իրադարձության վերաբերյալ բարձրացված աղմուկը լիովին արդարացված է։ Հարցը այս կամ այն քաղաքագետի կամ քաղաքական կուսակցության կողմ կամ դեմ լինելը չէ։ Խնդիրը տարիներ շարունակ երկրի ռեսուրսները անձեռնհասորնեն օգտագործելու մեջ է։ Սա աններելի է եւ ակնհայտորեն ինքնասպանական, կործանարար ողբերգություն է նախատեսում մեր պետության ապագային։
Մենք հայերս պետք է պահանջենք, որ Հայաստանի ներկա իշխանությունները շտապ մշակեն ու կենսագործեն ազգային անվտանգության եւ պաշտպանվածության համապարփակ ռազամավարություն։ Այն պետք է հիմնված լինի անմիջական ջանքերի վրա, որոնք ուղղված են նոր սարքավորումներով բարելավելու եւ ֆինանսավորելու բոլոր բուհերը, բայց մասնավորապես հետազոտությունների եւ բարձրագույն պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտների հաստատությունները։ Ընդգրկված ընկերությունները պետք է առավելություններ ունենան եւ սուբսիդավորվեն ինչպես ֆինանսապես, այնպես էլ սարքավորումներով եւ մարդկային ռեսուրսներով։ Այս բոլորն, անշուշտ, ենթադրում է ներդնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ եւ օգտագործել դրանք խելամտորեն։ Որպես սկիզբ ներդրված միջոցները պետք է ճիշտ, հասցեական օգտագործվեն եւ ոչ թե հատկացվեն «այլ նպատակների կամ կարիքների» համար։ Հաջորդը մեր պետության գոյատեւման համար այս կարեւոր միջոցառմանը համազգային ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու ծրագիր մշակելն է։
2020 թվականի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակով առաջարկեցի շրջանառության մեջ դնել «Հայաստանի վերակառուցման հիմնադրամի պարտատոմսեր», որին կարող են մասնակցել բոլոր հայերը որպես իրենց հայրենիքի ներկայի եւ ապագայի համար նախատեսված իրական ներդրում։ Նման ծրագիրը հնարավորություն է տալիս միլիարդավոր դոլարներ հավաքել։ Հատկանշական է, որ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված բաց նամակը այդ ժամանակ շատ դրական արձագանքների արժանացավ բոլորի, այդ թվում աշխարհի ամենից անսպասելի անկյունների կողմից, միակ բացառությունը Փաշինյանի գրասենյակն էր, որտեղից ոչ մի պատասխան այդպես էլ չստացվեց։
Առանց մեկնաբանելու կատարվածը, այսօր մեր հայրենիքի վերակառուցումը եւ բարգավաճումը սոսկ ցանկալի նպատակ չէ, այլ նրա ապագայի, գոյատեւմանն ուղղված անհրաժեշտություն։
Բացի զանազան դիվանագիտական կառույցներից, որոնք պետք է պահպանվեն եւ բարելավվեն, Հայաստանը պարտավոր է անհապաղ մշակել եւ գործադրել միջազգային մակարդակին համապատասխան արդյունավետ ինքնապաշտպանական մի համակարգ։ Դրան գումարած հայկական սփյուռքի ցարդ արհամարհված հսկայական հնարավորությունը պետք է խելամտորեն համակարգել եւ օգտագործել։ Բայց պետք է հստակեցնել, որ այս բոլորը Հայաստանի իշխանությունների առաջնահերթ պարտականությունն է։
Դոկտ. Արշավիր Գյոնջյան
Մոնրեալ, Կանադա
Անգլ. բնագրից թարգմ. Հակոբ Ծուլիկյանը
The Armenian Mirror-Spectator, September 14, 2022