«Տեղի իշխանությունները ադրբեջանական տարբեր տեղեկատվական կրիչներով փորձում են մեղմել հակահայկական քարոզչությամբ, որի մեջ գերակշռում են ատելությունը, առավելապաշտությունը և հայատյացությունը»․ Հայկ Դերզյան
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրանում տեղի ունեցող ցույցերը ակնհայտ դրական արձագանք են ստանում ադրբեջանական մամուլում: Նման գործընթացները ողջունում են անգամ Ադրբեջանում որպես ընդդիմադիր գործիչներ դիրքավորված անձինք, որոնց մեջ կան նրանք, ում ժամանակին տեղի ռեժիմը կալանավորել էր:
Ադրբեջանի քաղհասարակություն կոչվածը ակտիվ հանրային մակարդակում աջակցում է նաև ուկրաինացիներին: Այստեղ կա թերևս որոշակի կոնսենսուս իշխանամետ և ընդդիմադիր գործիչների մեջ: Առավել մեծ աջակցություն բնականաբար դժվար է պատկերացնել, քանի որ անգամ տեղի ընդդիմադիրները իրենց հարցազրույցներում խոսում են այն մասին, որ իրենց հասարակության որոշ մասը հարցին նայում է կենցաղային մակարդակով, քանի որ վախենում է ՌԴ-ի թուլացումից՝ ելնելով իրենց երկիր եկող տրանսֆերտներով:
Օրեր առաջ որոշ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվել էր տեղեկություն իբրև հայկական կողմը ամսվա վերջ պատրաստվում է հարձակման: Բնական է, որ թշնամին իր ցանկացած ոտնձգությունից առաջ փորձում է մեղքը քցել մեր վրա: Այստեղ նաև առկա է մեկ այլ գործոն: Մի շարք ընդդիմադիրներ մեղադրում են տեղի իշխանություններին այս ամսվա գործողությունների մեջ: Տեղի արևմտամետ գործիչները նշում են, որ նոյեմբերի 9-ից հետո իրենք պետք է գնային խաղաղության, այնինչ այժմ, իրենց պնդմամբ ՌԴ-ի օգնությամբ գնում են նոր ապակայունացման:
Այս վերջին գործողությունները ծանր դրության մեջ են դրել Ալիևին: Մի կողմից առկա է հստակ քննադատություն արտաքին դաշտում, մյուս կողմից արդեն լուրջ խմորումներ են իրենց ներքին դաշտում:
Եթե երկու ամիս առաջ տեղի ընդդիմադիրները խոսում էին այն մասին, որ Ալիևին կարող են մեղադրել կոռուպցիայի, մենաշնորհների, երկիր ադրբեջանցի քաղաքացիներին ներս չթողնելու, սպանություններ թե Ադրբեջանում և թե դրանից դուրս կատարելու և այլ մեղքերի մեջ, բացի արտաքին քաղաքականությունից, որում տեղի գործող իշխանությունները իրենց պնդմամբ լվացել են հասարակության գլուխը, ապա այս իրավիճակում բացատրություն գտնելը շատ դժվար է: Հատկանշական է, որ որոշ գործիչներ անգամ համարձակություն ունեցան պնդելու, որ Ադրբեջանը ներխուժել է ԻՐԵՆ ՉՊԱՏԿԱՆՈՂ տարածք:
Այս ամենը թերևս տեղի իշխանությունները ադրբեջանական տարբեր տեղեկատվական կրիչներով փորձում են մեղմել հակահայկական քարոզչությամբ, որի մեջ գերակշռում են ատելությունը, առավելապաշտությունը և հայատյացությունը»: