«Ջերմուկի պատմության մեջ առաջին անգամ է, որ թշնամու կրակոցները հասնեն քաղաքին, Կեչուտի պատմության մեջ էլ չեմ հիշում նման դեպք». Կեչուտի վարչական ղեկավար

Սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին իր ելույթի սկզբում ներկայացրեց սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքների վրա զինված հարձակման  և հայկական կողմի կրած վնասների վերաբերյալ փաստեր։

Նա հայտնել էր, որ թշնամին թիրախավորել և գնդակոծության է ենթարկել Կեչուտի ջրամբարը։

168.am-ի հետ զրույցում Վայոց ձորի մարզի Կեչուտ բնակավայրի վարչական ղեկավար Արտակ Բագրատյանն ասաց, որ չի կարող ասել, թե ինչ վիճակում է  այս պահին Կեչուտի ջրամբարը, քանի որ այդ ամենի վերաբերյալ իրավասու չէ որևէ բան ասել։

Ինչ վերաբերում է Կեչուտ բնակավայրին և այս պահին գյուղում առկա իրավիճակին՝ վարչական ղեկավարը փոխանցեց.

«Իրավիճակն այս պահին նորմալ է։ Մարզպետարանը, քննչականով ձևավորված խմբի հետ միասին, եկել են գյուղ, վնասներն են հաշվարկել։ Մի քանի տների տանիքներ են վնասվել, չկա այդպիսի տուն, որ ամբողջությամբ վնասված լինի, վնասները մասնակի են։ Տներ կան, որ պատուհաններ են վնասվել, մարդիկ հիմա ապրում են այդ տներում, մինչև վերականգնենք»,- նշեց Արտակ Բագրատյանը։

Կեչուտի վարչական ղեկավարն ասաց նաև, որ ոչ գյուղի, և ոչ էլ Ջերմուկի պատմության մեջ չի հիշում այնպիսի դեպք, որ թշնամու կրակոցները հասնեն այդ բնակավայրերին։

«Ջերմուկի պատմության մեջ առաջին անգամ է, որ թշնամու կրակոցները հասնեն քաղաքին, Կեչուտի պատմության մեջ էլ չեմ հիշում նման դեպք։  Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ նույնիսկ նման բան չի եղել»,- եզրափակեց Արտակ Բագրատյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մասնավորապես նշել է. «Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ։ Օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր՝ ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գնդակոծել է 36 բնակելի տարածքներ և համայնքներ, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Գեղամասարը։

Ադրբեջանական հարձակումը միտումնավոր թիրախավորել է խաղաղ բնակչությանը և կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքները. Ջերմուկը Հայաստանի հիմնական առողջարանային և զբոսաշրջային վայրերից մեկն է, և այժմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ջերմուկի բոլոր հյուրանոցները, առողջարանային և հանգստի կենտրոնները փակ են։ Այս քաղաքի բոլոր բնակիչները տեղահանված են։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 7600 մարդ, հիմնականում կանայք և տարեցներ, որոնցից՝ 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։

Շուրջ 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն մասնակի կամ ամբողջությամբ ավերված են։ Վնասվել են 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազատար խողովակ, 1 կամուրջ։ Գնդակոծվել է 2 շտապօգնության և 4 մասնավոր ավտոմեքենա։ Թիրախավորվել և գնդակոծության է ենթարկվել Կեչուտի ջրամբարը։ Հարձակման թիրախ են դարձել նաև լրագրողներն ու շտապօգնության մեքենաներ։

Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվն այս պահին գերազանցում է 207-ը, զոհերից 3-ը և անհետ կորածներից 2-ը խաղաղ բնակիչ են։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, առնվազն 20 զինծառայող գերեվարվել է:

Տեսանյութեր

Լրահոս