«Մինչև վերջ կռվել է ու հենց այդ դիրքում էլ զոհվել․․․». Եռաբլուրում երեկ վերջին հրաժեշտը տվեցին 18-ամյա Ռոբերտ Գևորգյանին
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում երեկ վերջին հրաժեշտը տվեցին սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքում թշնամու սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված ժամկետային զինծառայող 18-ամյա Ռոբերտ Գևորգյանին։
Ռոբերտը Երևանից էր, ունի 1 քույր և 1 եղբայր, ինքը միջնեկն էր։ Սովորել էր Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում, այս տարի էր ավարտել և անմիջապես մեկնել զինվորական ծառայության։
«Մոտ 2.5 ամիս առաջ՝ հունիսի 27-ին, Ռոբերտը զորակոչվեց, Կապանում էր։ Ինքը շատ ընկերասեր, մարդամոտ, բոլորին նվիրված տղա էր։ Երաժշտական դպրոցում էր սովորել՝ դհոլի բաժնում, նաև ծրագրավորում էր հասցրել սովորել․․․»,- զինվորական պանթեոնում 168.am-ի հետ զրույցում պատմեցին զոհված զինծառայողի ընկերները։
Նրանց խոսքով՝ Ռոբերտը կռվի ժամանակ պաշտպանել է Սյունիքի՝ Ներքին Հանդի դիրքերը․
«Մինչև վերջ կռվել է ու հենց այդ դիրքում էլ զոհվել․․․»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը և Ջերմուկ քաղաքը։ Պատերազմական գործողությունների ընթացքում, ըստ ԱԽ տարածած հայտարարության՝ հայկական կողմը սեպտեմբերի 19-ի դրությամբ ունի 207 զոհ և անհետ կորած, և այս թիվը վերջնական չէ։
168.am-ը շարունակում է 44-օրյա պատերազմում սկսած շարքը: Ներկայացնում ենք մարտական գործողություններին մասնակցելիս զոհված զինծառայողների անունները։