«Հայաստանը և Ադրբեջանն օգտագործվելու են՝ որպես «расходный материал» մի շարք արևմտյան խաղացողների աշխարհաքաղաքական հավակնությունների բավարարման համար». Արեշև

«Հայաստանը և Ադրբեջանն օգտագործվելու են՝ որպես «расходный материал» մի շարք արևմտյան խաղացողների աշխարհաքաղաքական հավակնությունների բավարարման համար»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղարդաշարին տված հարցազրույցում ասաց ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով սեպտեմբերի 12-ին բռնկված հայ-ադրբեջանական պատերազմին ու դրա աշխարհաքաղաքական շերտերին, ՌԴ արձագանքին:

Արեշևը նշեց, որ օրերս տեղի ունեցած ռազմական սրացումը մի շարք առանձնահատկություններ ունի: Որպես օրինակ՝ նա մատնանշեց այն, որ ՀՀ իշխանությունները նախընտրեցին դա որակել՝ որպես սահմանային հակամարտության, սահմանային միջադեպ, ինչը, իհարկե, քիչ հավանական է, որ համապատասխանում է իրականությանը, քանի որ կրակահերթերը, ենթակառուցվածքների վնասվածքները Հայաստանի տարբեր մարզերում, մասնավորապես՝ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում, փաստում են Ադրբեջանի լուրջ պատրաստվածության մասին, ավերածությունների մասշտաբն ու զոհերի քանակը, ըստ նրա՝ չի համապատասխանում նման որակմանը:

Ինչ վերաբերում է հնարավոր պատճառներին, ապա Անդրեյ Արեշևը կարծիք հայտնեց, որ դրանց մասին կարելի է երկար խոսել, սակայն ընդգծեց երկու հիմնական գործոն՝ Բաքվի տրամաբանությամբ:

«Ձգտում՝ ճնշում բանեցնել Երևանի նկատմամբ ընթացող բանակցությունների ֆոնին, իսկ այդ բանակցություններն ընթանում են և եվրոպական կառույցների, և ԱՄՆ-ի կողմից, որոնք ջանում են նախաձեռնությունը Ռուսաստանից վերցնել և, ի դեպ, անարդյունավետ չեն անում: Այստեղ պետք է հիշել ոչ միայն Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Շառլ Միշելի նախաձեռնությամբ, այլև կանոնավոր շփումները ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ նույն Բրյուսելում, ինչպես նաև վերջին հանդիպումը Նյու Յորքում, մեկը կայացավ, մյուսն էլ դեռ պետք է տեղի ունենա, և հայտարարել են Բլինքենի միջնորդությամբ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի միջև:

Այսինքն՝ երկու երկրների միջև գոյություն ունի ոչ պատերազմ, ոչ խաղաղություն դասական իրավիճակ: Միևնույն ժամանակ բանակցություններն ընթանում են: Մենք չենք կարող ասել, որ կողմերը գտնվում են բաց ռազմական գործողությունների իրավիճակում, սակայն Բաքուն ակնհայտորեն ճնշումներով առաջ է մղում իր առավելապաշտական պայմանները»,- նշեց Արեշևը:

Երկրորդ պատճառը, որը, ըստ նրա, ոչ պակաս ակնհայտ է, հատուկ ռազմական օպերացիայով Ռուսաստանի զբաղվածության ֆոնն է և այն լուրջ խնդիրները, որ այնտեղ առաջացել է։ Այսօր ՌԴ-ում մասնակի զորահավաք է հայտարարվել, ծրագրվում է զորակոչել 350.000 պահեստազորային, և սա միայն խնդիրների մի մասն է, որին այնտեղ բախվում է ՌԴ-ն:

Արեշևի որակմամբ, ՌԴ-ին դե ֆակտո ռազմական մարտահրավեր նետված է հավաքական Արևմուտքի կողմից և ոչ միայն՝ Ուկրաինայի:

«Փետրվար ամսին, երբ սկսվեց հատուկ ռազմական օպերացիան, նկատվում էր Ադրբեջանի ձգտումը՝ մասամբ ԼՂ-ում, մասամբ սահմանին, ինչպես այս օրերին ենք տեսնում, շոշափել ՌԴ կարմիր գծերը և հնարավոր արձագանքման սահմաններն այս կամ այն ռազմական սադրանքներին: Ակնհայտ է՝ արևմտյան գործընկերների ռազմավարական մտադրությունը՝ մաքսիմալ շատ ճակատներով ցրել ՌԴ ուժերն ու հնարավորությունները, այդ թվում՝ ռազմական, դա անելով ռազմական սադրանքների միջոցով: Գիտեք, որ վերջին բախումների դրվագներից մեկը ՌԴ սահմանային հենակետի թիրախավորումն էր, այն տեղակայվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, որում, սակայն, նշված էին ռուսական ռազմական ներկայության ընդհանուր ուվագծերը և ռուսական անվտանգային երաշխիքները ռեգիոնում՝ առանց մանրամասների: Ակնհայտ է, որ ոչ բոլորին են այդ երաշխիքները դուր գալիս․ կան լուրջ ուժեր, այդ թվում՝ Ադրբեջանում, կարծում եմ՝ Հայաստանում ևս, հետաքրքրված նրանում, որպեսզի Ռուսաստանին ներկայացնեն որպես թույլ երկիր, որն ունակ չէ իրականացնել իր պարտավորությունները: Արևմտյան որոշ վերլուծաբանների և պաշտոնական դեմքերի հայտարարություններում դա չի թաքցվում: Ուստի, ես կարծում եմ, որ, ցավոք սրտի, մենք գործ ունենք նմանատիպ ոչ վերջին էսկալացիայի հետ, որում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն օգտագործվելու են՝ որպես «расходный материал» մի շարք արևմտյան խաղացողների աշխարհաքաղաքական հավակնությունների բավարարման համար»,- նման կարծիք հայտնեց Արեշևը:

Նա նշեց, որ կասկածներ չունի՝ հայ-ադրբեջանական պատերազմի այս դրվագում կա արևմտյան հետք:

«Արևմտյան հետք երևում է գրեթե բոլոր նմանատիպ հակամարտություններում՝ Միջին Ասիայում է այն նկատվելու վաղ թե ուշ: Վերադառնալով Անդրկովկասին, ես կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել այն տեղեկատվական արշավի վրա Ադրբեջանում և մասամբ՝ Հայաստանում, որն այս կամ այն կերպ իրականացվել է այս ամիսների ընթացքում»,- նկատեց նա:

Արեշևի խոսքով, ընթանում է լուրջ խաղ, լուրջ հակասությունների կծիկ և իսկապես ձգտում՝ Ռուսաստանին ներկայացնել, ցույց տալ որպես անգործունակ երկիր՝ մինչև անգամ ռեգիոնից նրա ամբողջական դուրսբերման նպատակով:

Անդրադառնալով այս օրերին արևմտյան աջակցությանը Հայաստանին՝ նա նշեց, որ հեշտ է գեղեցիկ բառեր արտաբերելը, որոնցից տեղում իրական գործողություններ չեն բխում և շատ հեռու են հայ ժողովրդին և ՀՀ սահմաններին անվտանգություն ապահովելուց:

«Ինչպես ասացի, իրականում տեղում ներկա է միայն Ռուսաստանը: Հասկանալի է, որ նրա ռազմական ներկայությունը վիճարկվում է ու վիճարկվելու է՝ այդ թվում տարատեսակ ռազմական սադրանքների միջոցով: Կարծում եմ՝ մոտ ապագայում սա անխուսափելի է»,- ընդգծեց ռուս քաղաքագետը:

Նա ընդունեց, որ հայ ժողովրդի շրջանում ՌԴ հանդեպ վերաբերմունքում բացասական փոփոխություններ կան, դրանք խթանվում են փորձագիտական այն հանրության և փողոցային ակտիվիստների կողմից, որոնք կանոնավոր կերպով աղմկոտ ակցիաներ են իրականացնում, որոնք ունեն լուրջ լրատվական ուղեկցություն:

«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե այդ ամենն ինչպես է արվում, և ով է դրա ետևում կանգնած: Դա ակնհայտորեն բավականին պրոֆեսիոնալ աշխատանք է, որն իրականացվում է ոչ միայն Հայաստանում: Այո, գուցե այդ մասով Ռուսաստանը ետ է մնում ու որոշակի ուշացած է գործում, բայց ՀՀ-ում կան նաև հակառակ ակցիաներ՝ ի աջակցություն ՌԴ-ի: Եվ ես կարծում եմ, որ հայ հասարակության ոչ փոքր հատվածը պետք է գիտակցի այն ծանրագույն իրավիճակը, որին բախվել է ՌԴ-ն Ուկրաինայում, որը կլանում է քաղաքական, տնտեսական, դիվանագիտական ու ռազմական, լրատվական ռեսուրսները և մեր երկրի հնարավորությունները: Միևնույն ժամանակ ինձ թվում է, որ Հայաստանի նկատմամբ ուշադրությունը հնարավոր բոլոր առումներով չի թուլանալու, բայց այստեղ, իհարկե, կարևոր է հայ-ռուսական հարաբերություններում առկա վստահությունը, որը վերջին շրջանում էապես նվազել է՝ մի շարք պատճառներից ելնելով, այդ թվում ՌԴ կողմից կա մեղավորություն և ոչ պակաս ՀՀ իշխանության մեղավորությունը, ինչպես ինձ է թվում: Ձգտումը՝ դաշնակցին ներգրավել ռազմական պաշտպանության գործին, չձեռնարկելով դրա համար որևէ առանձնահատուկ ինքնուրույն ջանք, չի կարող տարակուսանք չառաջացնել»,- ասաց նա:

Արեշևը նշեց, որ պետք է նաև հասկանալ, որ եթե ՀՀ-ն մի շարք պատճառներից ելնելով՝ հանձնում է պաշտպանական դիրքերը Քարվաճառում ու Բերձորում, ապա հակառակորդին տեսնելու է Գորիսի ու Ջերմուկի սահմաններին:

«Սա տեղին է նաև ռուս-ուկրաինական իրավիճակում, գործում է նույն տրամաբանությունը՝ եթե հրաժարվում եք ակտիվ պաշտպանական գործողություններից Խարկովում, հեռանում եք այնտեղից, ապա ստանում եք թշնամուն Բելգորոդի սահմանին, որը կարող է ոչ միայն կրակահերթերի ենթարկել այդ շրջանը, այլև Հարավային ու Կենտրոնական Ռուսաստանը միմյանց կապող ճանապարհները: Սա բացարձակ ակնհայտ է»,- նշեց Արեշևը:

Նա նաև այն կարծիքին է, որ 2018 թվականի հայաստանյան իրադարձություններն իրենց դերն ունեցան, հիշում է՝ ինչ կարգախոսներ էին առաջ քաշում, հիշում է, թե ինչ աջակցություն ստացավ Փաշինյանի կառավարությունը և, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը: «Մենք այսօր բախվում ենք դրա հետևանքների հետ»,- ասաց նա:

Խոսելով ՌԴ դիրքորոշման մասին, նա նշեց, որ եթե Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են, ապա ինչպե՞ս կարող է Ռուսաստանը, հատկապես այն իրավիճակում, որում այսօր գտնվում է, կողմերից մեկին ռազմական աջակցություն ցուցաբերել: «Անկեղծ ասած, ինձ դա բարդ է պատկերացնելը: Այլ հարց է, որ ձեռնարկվելու են քայլեր՝ իրավիճակը կայունացնելու համար, Բաքվին հետագա քայլերից ետ պահելու նպատակով: Բայց հիանալի հասկանում ենք, որ Ռուսաստանը բացառիկ լծակների չի տիրապետում, այնտեղ կա Հայաստանի հարևան մեկ այլ երկրի ազդեցություն, որը վարում է բարդ խաղ և որը, որքան ես կարող եմ ենթադրել՝ ձգտում է Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծել այնտեղ, որտեղ հնարավոր է՝ ունենալու համար հավելյալ լծակներ: Այնպես որ՝ իրավիճակը բավականին բարդ է»,- ասաց Անդրեյ Արեշևը:

Նա խոսեց նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Երևան կատարած այցի ու դրա նշանակության մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս